Նորություններ
31/03/2026
ՀՀ ԳԱԱ-ում կայացավ «Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը

Սույն թվականի մարտի 28-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահության շենքում, անցկացվեց  «Հայկական համադպրոցական գիտության փառատոն» ամենամյա մրցույթի եզրափակիչ փուլը։ Երևանի և ՀՀ մարզերի 40 պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների միջին և ավագ դասարանների 140 սան ներկայացրին իրենց նորարարական հետազոտական նախագծերը հետևյալ 5 անվանակարգերում՝

«Մաթեմատիկա և ծրագրավորում» (14 նախագիծ)
«Ֆիզիկա և աստղագիտություն» (10 նախագիծ)
«Քիմիա» (18 նախագիծ)
«Կենսաբանություն» (18 նախագիծ)
«Հասարակական գիտություններ» (18 նախագիծ):

Աշակերտների նախագծերը վերաբերում էին արհեստական բանականության կիրառության եղանակներին, փրկարարական աշխատանքներին մասնակցող ռոբոտների նախագծմանը, տեսողության խնդիր ունեցող անձանց օգնող տեխնոլոգիական ակնոցների մշակմանը, բնապահպանական խնդիրներին (խելացի բիոպլաստիկ և մեղվափեթակ, խոսող և սնունդ փրկող փաթեթ, բնության պահպանության մուլտֆիլմեր, նիտրատներ և ծանր մետաղներ հայտնաբերելու հատուկ սենսորներ և այլն), հասարակագիտական ուսումնասիրություններին (քաղաքի և մարզի տեսարժան վայրերի թվային քարտեզագրման և գրավչության բարձրացում, ժամանակակից դիզայնում Մարաշի ասեղնագործության կիրառում և այլն):

Նախագծերին ծանոթացան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍՆ և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներ։ 

«Շատ ոգևորիչ է տեսնել, թե ինչ բազմազան ու հետաքրքիր գաղափարներ ունեն մեր երեխաներն ամենատարբեր բնագավառներում։ Սա շատ լավ միջավայր և ձևաչափ է, որպեսզի մենք այդ գաղափարները տեսանելի դարձնենք։ Հուսով եմ, որ տարեցտարի այս փառատոնին մասնակցությունը մեր դպրոցներում ավելի 

ու ավելի կխրախուսի գիտության հանդեպ հետաքրքրությունը։ Շատ կարևորում եմ, որ մենք այս աշխատանքն անում ենք ԳԱԱ-ի հետ, որովհետև ԳԱԱ-ն մեր այն կառույցն է, որը գիտության հանրայնացման, դպրոցների հետ աշխատանքի շատ մեծ դեր ունի», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

Այս տարի ներկայացվել է շուրջ 100 նախագիծ, որոնցից 78-ն անցել է եզրափակիչ փուլ։ Նախագծերը ներկայացվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափով։ Յուրաքանչյուր անվանակարգում լինելու է երեք հաղթող։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի 2026 թվականի մայիսին։ Նախատեսված է, որ 

մրցույթի հաղթողները կմասնակցեն Եվրոպական միությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք միջազգային գիտական փառատոններին (Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում կայանալիք ԱՄՆ «Regeneron» միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ, Գերմանիայի Քիլ քաղաքում կայանալիք ԵՄ երիտասարդ գիտնականների EUCYS մրցույթ)։

«Հայկական համադպրոցական գիտության փառատոն»-ն անցկացվում է 2021 թվականից։ Փառատոնի նպատակն է աշակերտների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, հետազոտական նախագծերի իրականացման և դրանք ներկայացնելու հմտությունների զարգացումը։ Այս տարվանից այն իրականացվում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
30.03.2026թ․

Լուսանկարներ