Նորություններ
02/03/2026
«Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» գրքի շնորհանդեսը՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի փետրվարի 25-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի ունեցավ «Կոնֆլիկտ, տարածք և անդրազգայնություն․ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ազգագրություն» (Conflict, Space and Transnationalism: An Ethnography of the Second Nagorno-Karabakh War. Palgrave Studies in Urban Anthropology, Palgrave Macmillan. 2025) գրքի շնորհանդես-քննարկումը։ Աշխատությունը նվիրված է ղարաբաղյան հակամարտության և 44-օրյա պատերազմի վերաբերյալ համապարփակ ուսումնասիրությանը։ Հեղինակներն են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի առաջատար գիտաշխատող Արսեն Հակոբյանը և Իտալիայի Մեսսինայի համալսարանի մարդաբանության և ազգաբանության ասոցացված պրոֆեսոր Մարչելլո Մոլլիկան։ Գիրքը լույս է ընծայել «Palgrave Macmillan» գիտական հեղինակավոր հրատարակչությունը։ 

Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ «Այս գիրքը գիտական լուրջ նվաճում է հայագիտության մեջ։ Այն դիտարկում է պատերազմի անձնային բաղադրիչը և ունի ուշագրավ եզրակացություններ։ Աշխատությունը շատ հարցեր է փորձում լուծել։ Հուսով եմ, որ գիրքը կստանա իր արժանի գնահատականը նաև մրցանակաբաշխության ասպարեզում։ Հեղինակներին շնորհավորում եմ այս արժեքավոր աշխատանքի հրատարակման կապակցությամբ և մաղթում ստեղծագործական նոր նվաճումներ», - ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ,  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական ղեկավար Պավել Ավետիսյանը նշեց՝ գիրքը նախևառաջ պատերազմի միջոցով վերափոխվող հանրությունների խնդրի մասին է։ «Այս կոնֆլիկտը բազմերես է, և դրա քննարկումները տարբեր առումներով պետք է տարվեն։ Միջազգային այս համագործակցության շրջանակում կատարած աշխատանքը լավագույն օրինակներից մեկն է։ Նման աշխատանքներ պետք է շատ կատարվեն, այս ողբերգությունը բոլոր առումներով պետք է քննարկման առարկա դառնա», - ասաց Պավել Ավետիսյանը։

Արսեն Հակոբյանը և Մարչելլո Մոլլիկան մինչ այս աշխատությունը հեղինակել են «Սիրիահայերը և թուրքական գործոնը․ Քեսաբը, Հալեպը և Դեյր էզ Զորը սիրիական պատերազմում» (Syrian Armenians and the Turkish Factor Kessab, Aleppo and Deir ez-Zor in the Syrian War) գիրքը։ Սիրիական պատերազմի մասին գրքում ցույց է տրված, թե ինչպես է ինքնությունն ու պատկանելիությունը դառնում անդրսահմանային հարվածների թիրախ՝ վերարտադրելով Ցեղասպանության հիշողությունն ու գոյատևման միևնույն սպառնալիքները՝ թուրքական գործոնի դերակատարմամբ ու մասնակցությամբ: Այս գրքի վրա աշխատելու ժամանակ էլ սկսվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը, և թուրքական գործոնը 2020թ․ ղարաբաղյան պատերազմում վճռորոշ դեր ունեցավ։ Եվ Սիրիայի պատերազմի մասին գրքի վերջաբանը սկսվում է հայ-ադրբեջանական 2020 հուլիսյան սահմանային բախումների նկարագրությամբ, ուր առաջին անգամ  ի հայտ են գալիս հակամարտության անդրազգայնացման միտումները՝ Սիրիայից բռնության արտահանման միջոցով։

Մինչ ղարաբաղյան երկրորդ պատերազմի սկսվելը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները Լեռնային Ղարաբաղում դաշտային աշխատանքներ են կատարել, ինչպես Արսեն Հակոբյանն է նշում՝ հայ ազգագրագետների վերջին դաշտային աշխատանքներն էին նախապատերազմյան Ղարաբաղում։ «2020 թ․ պատերազմական շրջանում մենք առաջարկություն ստացանք նույն հրատարակչությունից շարունակելու խնդիրը հետազոտել։ Քաղաքները՝ Հադրութը, Շուշին և Ստեփանակերտը, դարձել էին թիրախ ռազմական գործողությունների ժամանակ։ 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մենք սկսեցինք նախագծի բովանդակության քննարկումն ու ձևավորումը, որը հետագայում ընդունվեց խմբագրության կողմից որպես գրքի հիմնական կառուցվածք ու հարցադրում», - պատմեց Արսեն Հակոբյանը։

Հեղինակը նշեց՝ գիրքը քաղաքային մարդաբանության շրջանակում քննարկում է պատերազմն ու ճգնաժամը։ Քաղաքները և տարածքներն այստեղ զուտ ֆիզիկական տարածք չեն, այլ կարևոր են նաև տվյալ հանրույթի համար հարաբերությունների իմաստով։ «Եթե մենք ուսումնասիրում ենք խնդիրն այդ դիտանկյունից, տեսնում ենք, որ առաջին բողոքի շարժումները սկսվում են քաղաքներում՝ Ստեփանակերտ, Հադրութ, Երևան։ Հետագայում առաջին բռնության դեպքերը տեղի են ունենում նույնպես քաղաքներում՝ Սումգայիթ, Կիրովաբադ և Բաքու։  Դրանք առանձին քննարկման առարկա են աշխատության մեջ։ 1990թ․ Բաքվի ջարդերով ավարտվում է քաղաքային բռնությունների, քաղաքային ջարդերի շղթան, որը հետագայում աճում է պատերազմական գործողությունների։ Այնուհետև մենք անցում ենք կատարում արդեն ղարաբաղյան առաջին պատերազմին,  2016թ․ ապրիլյան պատերազմի դեպքերին, և նման ընթացքով հասնում ենք արդեն ղարաբաղյան երկրորդ պատերազմ՝ կենտրոնանալով քաղաքային տարածքների վրա։ Ստեփանակերտը կարևորվում է որպես քաղաքական կենտրոն, քաղաքական ինքնության առանցք ու խորհրդանիշ, հայկական երկրորդ մայրաքաղաք։ Շուշին ներկայացվում է էթնոկրոնական բազմազանության և այդ բազմազանությունից ծնվող կոնֆլիկտների շրջանակում։ Հետո անցում ենք կատարում 2020թ․ պատերազմի անդրազգային բնույթին։ Իսկ աշխատանքի վերջին մասը մշակութային զտման մասին է, քանի որ մշակութային ցեղասպանության կոնցեպտը հնարավորություն է տալիս քննարկելու տարածքի, մշակույթի ու ճգնաժամի միջև կապը՝ թելադրված պատերազմական մարտահրավերներով։ Մենք մի քանի իրողություններ ենք այստեղ քննարկել՝ կարևոր սրբավայրերի և տարածքների դերակատարումը պատերազմի ընթացքում և հետպատերազմական զարգացումների ժամանակ։ Դա, օրինակ,  Դադիվանքն է, որը դառնում է մի ամբողջ միջազգային հարաբերությունների առարկա մշակութային ժառանգության փրկության առումով՝ հայկական եկեղեցու, ռուսական եկեղեցու և ՌԴ նախագահի միջնորդական առաքելության ներգրավմամբ և  որպես անկլավ պահպանվում է մինչև 2023 թվականի ԼՂՀ անկումը։ Վերլուծվում են Ամարասի վանքի շուրջ զարգացումները՝ որպես սահմանային վանքի, որն անմիջապես պատերազմի  հետևանք էր։ Մենք քննարկում ենք նաև այլ խնդիրներ՝ կապված մշակութային ժառանգության հետ։ Իրադարձությունների վերլուծության ընթացքում՝ արդեն վերջաբանի ամփոփման ժամանակ, մի այսպիսի հետաքրքիր երևույթ գտանք․ և՛ Գանձասարի բանալիները, և՛ Դադիվանքի բանալիները, և՛ Ամարասի բանալիները չեն հանձնվել։ Մենք հույս ունենք, որ այդ չհանձնված բանալիները վերադարձի հնարավորություն կտան։ Դրանով էլ ամփոփել ենք աշխատանքը», - ներկայացրեց Արսեն Հակոբյանը։

Գրքի իտալացի համահեղինակը՝ Մարչելլո Մոլլիկան նշեց․ «Այս գրքի հիմնական գաղափարներից մեկն անդրազգայնությունն է։ Նախորդ գրքում այդ անդրազգայնականության գաղափարը սահմանվել էր, բացվել էր, և որոշ կանխատեսումներ կային, որոնք իրականացան ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում։ Դա հիմնականում արտաքին խաղացողների գալը և կարևոր դեր կատարելն էր։ Գրքի վերջին գլուխը նվիրված էր անդրազգայնականության քարտեզագրմանը՝ ինչպես այլ ռեգիոնների կոնֆլիկտների ազդեցությանը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վրա։ Իհարկե, դրանով նաև մտնում էինք միջազգային հարաբերությունների դաշտ։ Կարծում եմ, որ կարևոր էր ավելի ընդլայնել խնդրի առարկան՝ չբացառելով նաև այլ գիտակարգեր։ Նաև կարևոր էր պատմությունը ներառելը, քանի որ անհնար է հասկանալ ղարաբաղյան կոնֆլիկտը՝ առանց դրա պատմական զարգացումը հաշվի առնելու»։

Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները, անդրադարձան առկա հիմնախնդիրներին։
 
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
02․03․2026թ․

Լուսանկարներ