Նորություններ
19/12/2025
ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը 90 տարեկան է

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին մասնակցեցին  պետական, դիվանագիտական, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ «Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գիտական, տեղեկատվական կենտրոններից է։ Իր հիմնադրման օրվանից այն դարձել է գիտական մտքի պահպանման, փոխանցման և

զարգացման հուսալի հենարան՝ պահպանելով եզակի հավաքածուներ, ձևավորելով մասնագիտական հատուկ միջավայր և ժամանակի մարտահրավերներին համընթաց նորացնելով իր գործառույթները։ Այստեղ հավաքված են համաշխարհային գիտական ժառանգության ամենաարժեքավոր տպագիր նյութերը։ Այսօր, երբ գիտելիքի ստեղծումը

և փոխանցումն առավել արագընթաց բնույթ է ստացել, Հիմնարար գիտական գրադարանը հաջողությամբ իրականացնում է նաև թվային մշակույթի զարգացման կարևոր առաքելություն՝ իր էլեկտրոնային հարթակներով և նորարարական ծրագրերով ապահովելով գիտության համար բաց, ժամանակակից և հուսալի միջավայր։ Արժևորելով

անցած ուղին՝ այսօր կարող ենք միայն շնորհակալություն հայտնել գրադարանի ղեկավարության, աշխատակազմի, գործընկեր կառույցների տարիների նվիրված աշխատանքի համար։ Նրանց շնորհիվ գրադարանը պահպանում է իր բարձր կարգավիճակը և շարունակում է մնալ գիտության զարգացման անփոխարինելի հենասյունը», - ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը։

Աշոտ Սաղյանը նշեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններից հետո ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը բացառության կարգով շարունակելու է մնալ ԳԱԱ կազմում։ «Վստահ եմ, որ գրադարանը նաև առաջիկա տասնամյակներում կշարունակի իր կարևոր առավելությունը՝ որպես գիտության հզորացման, կրթության զարգացման և հանրային գիտակցության բարձրացման հուսալի գործընկեր», - նշեց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը համախմբում է շուրջ 3․5 միլիոն միավոր գիտական աշխատություն, հազվագյուտ և արժեքավոր տպագրություն, ձեռագրեր և արխիվային փաստաթղթեր, ժամանակակից էլեկտրոնային ռեսուրսներ։ «Այստեղ ձևավորվել, հասակ են առել գիտնականների սերունդներ, ծնվել են գաղափարներ, պահպանվել է ազգային և համամարդկային հիշողությունը։ Այսօր գրադարանը միայն գրքերի պահոց չէ․ այն կենդանի միջավայր

է, որտեղ ձգտում ենք համադրել ազգային ավանդույթը և նոր տեխնոլոգիաները։ Մեր առջև կանգնած է պատասխանատու, բայց ոգեշնչող առաքելություն՝ պահպանել գիտական ժառանգությունը և գրադարանը դարձնել ժամանակակից գիտական հաղորդակցության կենտրոն», - ասաց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյանը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեց գրադարանի պատմությունը, ցուցադրվեցին տպագիր ժառանգության բացառիկ նմուշներ։ Շնորհավորական ելույթներով հանդես եկան գործընկեր կառույցների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։ 

Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ նախագահության պատվոգրերով պարգևատրեց գրադարանի բազմամյա աշխատանքային գործունեություն ծավալած աշխատակիցներին։  

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
19.12.2025թ․

Լուսանկարներ