Новости
27/11/2025
Գիտական գրականությունից մինչև նոր ծրագրեր․ Արևելագիտության ինստիտուտը խորացնում է համագործակցությունը մարզերի ԲՈՒՀ-երի հետ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագրեր կկնքի Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ։ Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին`ժամը 15։30-ին, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան 24/4, 11-րդ հարկ)։

Նախաձեռնության հիմնական նպատակն է օգտագործել Արևելագիտության ինստիտուտի և մարզային ԲՈՒՀ-երի գիտական ներուժը նոր գիտակրթական ծրագրերի իրականացման, երիտասարդ մասնագետների ներգրավման և Հայաստանի տարբեր տարածաշրջաններում միասնական գիտակրթական միջավայրի ձևավորման գործում։

Համագործակցության շրջանակում նախատեսվում է․

  • մասնագիտական դասընթացների և վարպետաց դասերի անցկացում
  • տարածաշրջանային գիտաժողովների կազմակերպում
  • համատեղ գիտական ծրագրերի իրականացում
  • գիտնականների և դասախոսների փոխանակում։

Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին Արևելագիտության ինստիտուտը շուրջ 100 անուն գիտական գրականություն նվիրեց Շիրակի, Գավառի, Վանաձորի համալսարաններին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին, «Կաճառ» գիտական կենտրոնին՝ նպատակ ունենալով նպաստել մարզային համալսարանների զարգացմանը, հաստատել նոր կապեր, իրականացնել համատեղ աշխատանքներ, ծրագրեր, կազմակերպել դասախոսություններ։ Համագործակցության հուշագրերի կնքումն այս նախաձեռնության շարունակությունն է։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
27.11.2025թ.