Նորություններ
18/11/2025
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը ստորագրել է համագործակցության պայմանագրեր ՌԴ ԳԱ Արևելագիտության և ՌԴ ԳԱ Արևելյան ձեռագրերի ինստիտուտների հետ

Սույն թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը,  ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ալիքբեր Ալիքբերովը և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Իրինա Պոպովան ստորագրել են համագործակցության պայմանագրեր։

Կողմերը կհամագործակցեն գիտության և կրթության ոլորտում՝ միասին իրականացնելով գիտական հետազոտություններ, ծրագրեր, բարձրակարգ մասնագետների պատրաստում, ուսումնական ձեռնարկների, մենագրությունների և հոդվածների պատրաստում Հայաստանում, Ռուսաստանում և արտերկրում։


Մասնավորապես նախատեսված է․

  • գիտական հրապարակումների, գրականության և պարբերականների փոխանակում
  • միջազգային գիտաժողովների, սեմինարների, սիմպոզիումների և կլոր սեղանների համատեղ կազմակերպում
  • գիտական գործերի, ուսումնասիրությունների, հոդվածների, մենագրությունների համատեղ պատրաստում և հրատարակում
  • համատեղ գիտական արշավախմբերի իրականացում
  • համատեղ դրամաշնորհային ծրագրերին մասնակցություն։

Ստորագրված փաստաթղթերը վերահաստատում են երկու երկրների գիտական կենտրոնների պատրաստակամությունը զարգացնելու և ընդլայնելու երկարաժամկետ համագործակցությունը՝ միջազգային գիտական կապերի ամրապնդման նպատակով, նաև ապահովում կողմերի միջև գիտական հարաբերությունների հետագա զարգացումը՝ խորացնելով հայ-ռուսական ակադեմիական համագործակցությունը։


ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
18.11.2025թ.