| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) նշվեց Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը և ՀՀ ԳԱԱ հիմնադրման օրը։ Միջոցառմանը մասնակցեցին պետական, օրենսդիր կառույցների պաշտոնյաներ, գիտական և կրթական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ուսանողներ և դպրոցականներ։
Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը։ Իր շնորհավորական խոսքում ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ անհրաժեշտ է համարձակ քայլերով շարժվել դեպի նորարարություններ և բարձր տեխնոլոգիաներ։ «Մենք ապրում ենք գիտական հրաշքների դարաշրջանում՝ արհեստական բանականություն, գենետիկական տեխնոլոգիաներ, տիեզերական հետազոտություններ։ Հասարակությունը և պետությունը պետք է շոշափելի արդյունք տեսնեն՝ լինի դա պաշտպանական նոր տեխնոլոգիա, գյուղատնտեսական կամ արդյունաբերական նոր լուծում, թե առողջապահական նոր մեթոդ։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ ունենալ տնտեսությունից անկախ գիտություն։ Գիտությունը պետք է դառնա Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը։ Պարբերաբար մարդկությունն առերեսում է վտանգավոր մարտահրավերների հետ, որոնց հակադրման միակ հնարավոր ուղին գիտական հիմքերի վրա դրված տնտեսության և պաշտպանության համակարգերի ստեղծումն է։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունը, մեր պաշտպանության բանակը, մեր հիասքանչ երիտասարդ սերունդը նույնպես առերեսվեց նման մարտահրավերների հետ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Եվ այսօր պետք է խոսել գիտատեխնոլոգիական առաջընթացի կարևորության մասին», - ասաց Աշոտ Սաղյանը։ ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից հետո իրականացվում է գիտության զարգացման ռազմավարության էական փոփոխություն և դրա համատեքստում ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակի և գործառույթների փոփոխություն։ ՀՀ ԳԱԱ-ն պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից անցնում է հիմնադրամի կարգավիճակի։ «ԳԱԱ-ն վարչակազմակերպչական կառույցից վերածվում է գիտամեթոդական և փորձագիտական կառույցի, որի գլխավոր առաքելությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության տարածքում գործող գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և լաբորատորիաների գործունեության գնահատումը, բազային և այլ ծրագրերի արդիականության և միջազգային ստանդարտների համապատասխանության մշտադիտարկումը։ ԳԱԱ-ի գործառույթների մեջ է մտնում նաև հրատարակչային գործունեությունը, որը մեր հրատապ խնդիրներից է։ Մի շարք ամսագրեր մենք արդեն միավորել ենք ակադեմիայի զեկույցների ներքո, և խնդիր է դրված 1-2 տարում դրանք ներառել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում, իսկ ապագա 5 տարիների ընթացքում դրանք հասցնել Q1 կամ առնվազն Q2 մակարդակի։ Համոզված եմ, որ մենք արագ տեմպերով կհասնենք մեր նպատակին։ ԳԱԱ-ի գործառույթներից է նաև գիտության հանրայնացումը, միջազգայնացումը, գրադարանային գործունեությունը, բարձրագույն որակավորման մասնագետների պատրաստմանը մասնակցությունը և հարակից այլ գործառույթներ։ Կարելի է արձանագրել, որ Գիտությունների ազգային ակադեմիայի համար սկսվում է գործառույթների նոր շրջան։ Եկեք կերտենք այն գիտությունը, որն ընդունակ է ապահովել մեր ապագան՝ ի փառս պետության հզորացման», - ասաց Աշոտ Սաղյանը։
ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ թյուր են խոսակցությունները ԳԱԱ-ն փակելու, պետական ֆինանսավորումը դադարեցնելու, աշխատողներին ազատելու մասին։ Նա ներկայացրեց հետագա քայլերը՝ նշելով, որ ԳԱԱ-ն մնում է հատուկ տողով պետության կողմից ֆինանսավորվող հիմնական ինքնավարության սկզբունքով կառավարվող կառույց։ Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ ԳԱԱ-ի մասով հետևյալ բովանդակությամբ․ 1-ին՝ ՀՀ ԳԱԱ ՈԱԿ-ի վերակազմավորում ՀՀ ԳԱԱ հիմնադրամի,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ինստիտուտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր ելույթում ասաց․ «Շատ ուրախ եմ, որ այս խոսակցությունն ունենում ենք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո։ Մենք խոսում ենք մեր ընդհանուր առմամբ բարձրագույն կրթության և գիտության համակարգի վերաիմաստավորման և վերափոխման ճանապարհի մասին։ Որպես այս ոլորտի լիազոր մարմնի պատասխանատու ուզում եմ հավաստիացնել, որ ակադեմիայի նշանակությունը և կշիռը միայն ավելանալու է։ Բացասական զարգացումներ մենք չենք ակնկալում։ Հուսով եմ, որ հունվարի 1-ից ֆինանսավորման հետ կապված բոլոր հարցերը կփակվեն, և ֆինանսավորումը շարունակվելու է։ Ինչ վերաբերում է գործառութային վերափոխումներին, դրանք սահմանված ընթացակարգերով տեղի կունենան։ Վստահ եմ, որ առաջիկայում նոր անդամների ընտրությունը և նոր ձևաչափով նախագահության ձևավորումը նոր լիցք և եռանդ կտա ակադեմիային իր նոր ծրագրերի իրականացման ճանապարհին», - ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ինստիտուտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը նշեց, որ կարևոր է ունենալ փորձագիտական, մշտադիտարկող, որակի վերահսկողություն իրականացնող և չափանիշներ սահմանող կառույց։ «Այս իմաստով ակադեմիան ունի շատ կարևոր անելիք։ Ուզում եմ հավաստիացնել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այստեղ էլ ակադեմիայի գործընկերն է», - նշեց Ժաննա Անդրեասյանը։
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանն իր ելույթում կոչ արեց նոյեմբերի 10-ը հռչակել պետական տոն։ «Անհրաժեշտ է խորհել անցած ուղու և ապագայի մասին, և այդ խորհելու թեման թելադրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս տարվա խորագիրը՝ «Վստահություն, վերափոխում և ապագա․ գիտություն, որն անհրաժեշտ է մեզ 2050 թվականին»։ Մեզ անհրաժեշտ է խորհել գլոբալ մասշտաբով անելիքների մասին։ Այս տեսանկյունից կարևոր է գիտակցել, որ գոյություն ունի պատմության արագացման օրենք։ Դարաշրջանների տևողությունը մշտապես կրճատվել է, և եթե վաղնջական ժամանակներում պատմական դարաշրջանները ձգվել են հարյուր հազարավոր տարիներ, ապա հետագայում կրճատվելով հասել են 20-30 տարվա շեմին, ինչը հավասարվում է մարդու զարգացման կենսաբանական ժամանակին։ Եվ քանի որ պատմական դարաշրջանն այլևս կրճատվել չի կարող, 2050 թվականին մարդկությունը մոտենում է սինգուլյարության (եզակիության) կետի։ Սա նշանակում է, որ մարդկության զարգացման ընթացքում տեղի է ունենալու արմատական փոփոխություն։ Նկատենք, որ նախորդ դարաշրջանների հեղափոխական շրջադարձերը եղել են մարդկության ներսում՝ առանց մոլորակի գոյության սպառնալիքի։ Այսօր մենք գործ ունենք միանգամայն այլ իրավիճակի հետ, երբ զարգացումը վտանգում է մոլորակի գոյությունն ընդհանրապես։ Առաջ են եկել այնպիսի վտանգներ, ինչպիսիք են միջուկային և էկոլոգիական տեխնածին փոփոխությունները։ Միաժամանակ, առաջացել են նոր հնարավորություններ, ինչպիսիք են գենային ինժեներիան և արհեստական բանականությունը, որոնք ընդունակ են լուծելու մարդու հիվանդությունների խնդիրը, երկարացնելու կյանքը։ Զուգահեռ, այս նույն հնարավորությունները նոր ռիսկեր են առաջացնում։ Կարող է տեղի ունենալ մարդ տեսակի դիխոտոմիա (երկճյուղում), երբ գենային ինժեներիայի կիրառմամբ մարդկանց մի մասը կվերածվի «խոնարհ մարդու», որը ոչնչի կարիք չունենա։ Նույն գենային ինժեներիայի կիրառմամբ կարող է ստեղծվել նաև «գերմարդու» տեսակ։ Այսօր մարդկային գործունեության շատ ոլորտներ մենք հանձնում ենք արհեստական բանականությանը, և այդ արհեստական բանականությունը կարող է մի օր՝ տեսականորեն, սկսել գործել ինքնուրույն և որոշել, որ մարդն այլևս ավելորդ է այս մոլորակի վրա։ Այս մասին ճիշտ նույն բառերով ասված է Ստիվեն Հոքինգի, Իլոն Մասկի և 150 այլ առաջատար գիտնականների 2016 թվականին հրապարակած բաց նամակում։ Նրանք զգուշացնում էին մարդկությանը հնարավոր արմատական փոփոխությունների մասին։ Միաժամանակ նշում էին, որ այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիական, այլև հումանիտար լուծումներ․ մարդկային գիտակցությունն ու բարոյականությունը պետք է վերահսկեն տեխնոլոգիական հզորությունը։ Այդ պատճառով խստորեն կարևորվում է հումանիտար ոլորտի զարգացման անհրաժեշտությունը։ Գիտությունն է հանդիսանում և՛ խնդրի աղբյուրը, և՛ դրա լուծման հնարավոր բանալին։ Այո՛, նոր վտանգները ծնվել են գիտությունից, բայց հենց գիտությունն է, որ ի վիճակի է դրանք հաղթահարելու», - ասաց Արթուր Իշխանյանը։
Նա նշեց, որ առաջիկա 25 տարին բնութագրվելու է գլոբալ աշխարհակարգի փոփոխությամբ, ինչն այսօր արդեն իսկ տեղի է ունենում՝ պատերազմներով, ցավով, արյամբ։ «Այն շարունակվելու է դեռ երկար տարիներ։ Մեզ այն հիշեցնում է 20-րդ դարի դառը փորձը՝ Հայոց Ցեղասպանությունը, երբ աշխարհակարգի փոփոխության պահին մենք չկարողացանք դիմակայել մարտահրավերներին։ Այսօր պետք է պատրաստ լինենք՝ գիտությամբ, գիտակցությամբ և միասնականությամբ։ Բացի այդ, մենք նաև տեղային առանձնահատկություն ունենք․ ագրեսիվ շրջապատ, ռեսուրսների ասիմետրիա մեր շրջապատի հետ, հետևաբար, մեզ անհրաժեշտ է ապավինել գիտությանը, մի ուժի, որն ավելի զորեղ է, քան նյութական ուժը, քան թվերը», - նշեց Արթուր Իշխանյանը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է էապես արդիականացնել հետազոտական ուղղությունները, մասնավորապես, վերաձևել հումանիտար գիտությունը՝ առավելագույնս ուղղելով դեպի գլոբալ մարտահրավերների ուսումնասիրությանը։
Արթուր Իշխանյանը դիմեց գիտնականներին․ «Գիտնականը նաև քաղաքացի է։ Այսօր յուրաքանչյուր գիտնական կոչված է ոչ միայն զարգացնելու իր մասնագիտական ոլորտը, այլև նպաստելու հանրային գիտակցության մեջ գիտության առաջնայնության և կենսական՝ գոյաբանական կարևորության ամրագրմանը։ Մեր դարաշրջանը մեզնից պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև պատասխանատվություն։ Գիտությունը վաղուց դադարել է լինել միայն մասնագիտական գործ․ այն դարձել է քաղաքակրթական պարտավորություն։ Այս դարաշրջանը պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև պատասխանատվություն»։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի ղեկավար, գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը։ Նա շեշտեց գիտության դերը կայուն զարգացման գործում և գիտնականների դերն ազգային կարողությունների ձևավորման գործում։ Դավիթ Կնյազյանը նշեց, որ կարևոր նշանակություն ունեն գիտությունը և գիտական լուծումներն արժևորող ազգային և միջազգային միջոցառումները։ Նա նշեց, որ 2026 թվականին Հայաստանում անցկացվելու է միջազգային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17)։ Համաժողովի ընթացքում անցկացվելու է միջազգային գիտական ֆորում, որը կարող է դառնալ հարթակ՝ բարձրացնելու գիտական նվաճումների տեսանելիությունը։
Գիտության դերին հանրության զարգացման գործում և գիտության հանրայնացման խնդիրներին անդրադարձավ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։ Նա առանձնակի կարևորեց գիտական արդյունքների հանրամատչելի ներկայացումը, գիտահանրամատչելի միջոցառումների անցկացումը։ «Գիտության ձեռքբերումների մասին պետք է խոսեն հենց իրենք՝ գիտնականները, այն մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, - ասաց Հայկ Սարգսյանը, - գիտությունը մի գործընթաց է, որը պետք է նախևառաջ ապահովի լավ, կայուն և պինդ դպրոց։ Եթե պետությունն ունի գիտություն, ուրեմն ունի լավ դասախոսներ, հետևաբար, կլինեն լավ ուսանողներ և լավ ուսուցիչներ։ Իսկ ուժեղ դպրոցը կիրթ հասարակության հիմքն է»։ Տոնական միջոցառման շրջանակում անցկացվեց «ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց Տիգրան Մաղաքյանին և Տիգրան Մովսիսյանին՝ «Աստղերի զարգացման վաղ փուլերում էրուպտիվ ակտիվության դրսևորումները» աշխատանքի համար։ Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվեց Գագիկ Այվազյանին՝ «Սև սիլիցիումի ստացումը, հետազոտումը և կիրառումը միկրոէլեկտրոնային սարքերում» աշխատանքի համար։
Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց Արամ Պետրոսյանին, Վահրամ Ղազարյանին, Գայանե Տոնոյանին, Ջերալդ Գիստերին, Մարեկ Շաֆրանսկուն՝ «Ամինոթթուների նոր աղեր, աղերի նոր դասի բացահայտում և դրանց հնարավոր կիրառությունը» աշխատանքի համար։ Քիմիայի, կյանքի և Երկրի մասին գիտությունների կիրառական մշակումների բնագավառում մրցանակը շնորհվեց Սուրեն Խառատյանին՝ «Ջերմային անալիզի նոր սերնդի սարքավորման նախագծում, պատրաստում և շահագործում (Արագագործ Ջերմաստիճանային Սկաներ)» աշխատանքի համար։ Հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում մրցանակը շնորհվեց Արամ Քոսյանին և Երվանդ Գրեկյանին՝ «Հայկական լեռնաշխարհի միջավայրային պատմությունը. շրջակա միջավայր, կլիմայական փոփոխություններ և քաղաքակրթական գործընթացներ» աշխատանքի համար։ Բժշկագիտության բնագավառում մրցանակը շնորհվեց Ասատուր Ասատրյանին, Հայրապետ Բարսեղյանին, Արայիկ Ոսկանյանին, Հայկ Հարությունյանին, Անահիտ Հախեյանին՝ «Կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստման ներդրումն ու զարգացումը Հայաստանում. առաջին քայլերից դեպի կայուն մասնագիտական ծրագիր» աշխատանքի համար։
Տեղի ունեցավ նաև Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթի հավաստագրերի և «Գիտության աշխարհում» հանդեսի 20-ամյակի առթիվ ակտիվ հեղինակներին շնորհակալագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառման շրջանակում նաև անցկացվեց գիտական նստաշրջան։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վալերի Տուչինը հանդես եկավ «Կենսաբժշկական օպտիկական պատկերման և լուսաթերապիայի խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ» թեմայով գիտական զեկուցմամբ։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը ներկայացրեց «Ծագումից մինչև ինքնություն․ հայերի գենետիկական ուղին» թեմայով զեկուցումը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը հանդես եկավ «Վիշապաքարերը նորագույն հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» թեմայով զեկուցմամբ։ |