Նորություններ
31/10/2017
Գիտական հանրությունը նշում է Հայաստանում կենսաքիմիական գիտության հիմնադիր ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի 110-ամյակը

   Սույն թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 15:00-ին,  ՀՀ  ԳԱԱ   Հրաչյա Բունիաթյանի  անվան Կենսաքիմիայի ինստիտուտի հանդիսությունների դահլիճում (Երևան, Պարույր Սևակի 5/1) տեղի կունենա ինստիտուտի հիմնադիր ակադեմիկոս Հրաչյա Բունիաթյանի  110-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Նիստի ընթաքցում կներկայացվեն մեծ գիտնականի կյանքի և գործունեության մասին հուշեր: Հոբելյանական միջոցառման շրջանակներում Կենսաքիմիայի ինստիտուտի բակում կբացվի ակադեմիկոս Բունիաթյանի կիսանդրին:
   Հրաչյա Բունիաթյանը կենսաքիմիական գիտության հիմնադիրն է Հայաստանում: Նա ծնվել է Նոր Բայազետում 1907թ-ին: 1930 թվականին, ավարտելով  ԵՊՀ բժշկական ֆակուլտետը, աշխատել է նախ որպես կենսաքիմիայի դասախոս, ապա՝ ղեկավարել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի, այնուհետև 20 տարի`   Երևանի բժշկական ինստիտուտի կենսաքիմիայի ամբիոնը։ Հրաչյա Բունիաթյանը 1939-1941 թվականներին եղել է Երևանի բժշկական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1942-1946 թվականներին՝ ԵՊՀ ռեկտոր։ 1943 թվականից ղեկավարել է նաև ՀԽՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի բաժինը, իսկ 1961 թվականից մինչև կյանքի վերջը` իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը։ 1989 թվականից ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտը կոչվում է  Հրաչյա Բունիաթյանի անունով։
   Հրաչյա Բունիաթյանի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են՝ ուղեղի կենսաքիմիա, օքսիդացման պրոցեսներում և նյութափոխանակության նյարդային կարգավորման մեջ առանձին վիտամինների, ֆոսֆատիդների և կենսածին ամինների կենսաքիմիա։ Բունիաթյանի հետազոտությունները հնարավորություն տվեցին կարևորել նիկոտինամիդ դինուկլետիդի մասնակցությունը ամինաթթուներից ամոնիակի գոյացման մեխանիզմում և նյութափոխանակության կարգավորման մեջ գամմակարագաթթվի դերը, պարզաբանել այդ ամինաթթվի կենսասինթեզի ու կատաբոլիզմի ուղիները, ուղեղում ամոնիակի գոյացման և չեզոքացման մեխանիզմի հարցերը, կատեխոլամիների ու ֆոսֆոլիպիդների ու կենսաքիմիական առանձնահատկությունները։ Դրանցից շատերը դարձել են առանձին ուղղություններ։
   Ակադեմիկոս Բունիաթյանը շուրջ 250 գիտական աշխատությունների հեղինակ է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով: Արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:
   Հրաչյա Բունիաթյանը մահացել է 1987թ. Երևանում։

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   31.10.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում