Новости
14/10/2025
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ»։ 

Մրցույթի նպատակն է խրախուսել գիտության բոլոր բնագավառներով միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հոդվածների տպագրությունը, իրենց գործունեության ոլորտի առաջնակարգ ամսագրերում հոդվածների տպագրության մեջ առաջին կամ հիմնական ներդրում ունեցող երիտասարդ հեղինակներին, նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով և անցկացվում է չորս ենթածրագրով։

Առաջին ենթածրագրով նախատեսված է խրախուսական դրամաշնորհի տրամադրում երիտասարդ գիտնականներին՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում 50 և ավելի ամսագրեր պարունակող որևէ կատեգորիայի՝ առաջին հինգ ամսագրերից որևէ մեկում տպագրության համար։ Դրամաշնորհի չափը կազմում է 1 250 000 (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ, եթե հայտատուն հանդիսանում է հոդվածի առաջին, վերջին կամ նամակագրություն վարող հեղինակը (corresponding author), և հոդվածի ամսագիրը դասվում է SJR Multidisciplinary կատեգորիայի առաջին հինգ ամսագրերի շարքին։ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, եթե հայտատուն հանդիսանում է հոդվածի առաջին, վերջին կամ նամակագրություն վարող հեղինակը (corresponding author)։ 400000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ, եթե հոդվածի համահեղինակ հայտատուն չի հանդիսանում հոդվածի առաջին, վերջին կամ նամակագրություն վարող հեղինակ (corresponding author)։

Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է խրախուսական դրամաշնորհի տրամադրում երիտասարդ գիտնականներին «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում Q1, Q2 կամ Q3 քառորդներից որևէ մեկում դասակարգված ամսագրում առաջին անգամ տպագրության համար։ 

Երրորդ ենթածրագրով՝ խրախուսական դրամաշնորհի տրամադրում՝ հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներով (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) «Scimago Journal & Country Ranking (SJR)» պորտալի առնվազն Q3 քառորդում ընդգրկված ամսագրերում գիտական հոդվածների տպագրության համար:

Չորրորդ ենթածրագրով՝ խրախուսական դրամաշնորհի տրամադրում՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի ամսագրերում առաջին կամ հիմնական հեղինակությամբ տպագրության համար (առաջին կամ համարժեք ներդրում ունեցող, վերջին կամ նամակագրություն իրականացնող հեղինակ (corresponding author))։

Երկրորդ և երրորդ ենթածրագրերի դեպքում դրամաշնորհի չափը հաշվարկվում է՝ համապատասխան գիտական գործունեության արդյունավետության ցուցանիշի` ԳԳԱՑ (1) բանաձև, իսկ չորրորդ ենթածրագրի դեպքում ԳԳԱՑ (2) բանաձևի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ․ 13 մայիսի N 747-Լ որոշմամբ սահմանված բազային աշխատավարձի (66140 ՀՀ դրամ) դրույքաչափի արտադրյալի արժեքին համապատասխան ՀՀ դրամի չափով։

Մրցույթի մասնակից կարող է լինել այն անձը, ով հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ կամ ռեզիդենտ, ում 36 տարին չպետք է լրացած լինի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը: Նշված տարիքային շեմը կարող է ավելանալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայած լինելու դեպքում՝ 2 տարով, երեխայի խնամքի արձակուրդի դեպքում՝ յուրաքանչյուր երեխայի համար հավելյալ 1 տարով։

Յուրաքանչյուր հայտատու մրցույթին կարող է ներկայացնել միայն մեկ հայտ՝ մեկ գիտական հոդվածով։ Մրցույթին յուրաքանչյուր գիտական հոդված կարող է ներկայացվել մեկ անգամ։ Հայտատուի կազմակերպությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող և այդ կազմակերպությունը պետք է նշված լինի տպագրված հոդվածում՝ որպես հեղինակի պատկանելության (affiliation) վայր։

Չորրորդ ենթածրագրին ներկայացված գիտական հոդվածը պետք է տպագրված լինի Web of Science հարթակի հիմնական շտեմարանում (Web of Science Core Collection) ընդգրկված ամսագրում։ 

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ․ նոյեմբերի 5-ն է։ Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, իսկ  մրցույթի հայտին՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին 
14.10.2025թ.