| ||||||||
ԱՄՆ-ի «Scientific Research Publishing» հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի «The Black Holes – A Myth or Reality. Generalized Newton’s Theory of Universal Gravitation» (Սև Խոռոչներ - Առասպել թե իրականություն․ Համաշխարհային ձգողականության ընդհանրացված նյուտոնյան տեսությունը) մենագրությունը։ Աշխատության մեջ ներկայացված է հեղինակի կողմից հայտնաբերված համաշխարհային ձգողականության նոր տարբերակ, որի մասնավոր դեպքը նյուտոնյանն է։ «Համապատասխան ուժային դաշտն ունի պոտենցիալ և բազմակի հզոր է նյուտոնյանից։ Մարմինների շարժման հետագծերը դարձյալ կարող են լինել կոնական հատույթներ (շրջանագիծ, էլիպս, պարաբոլ, հիպերբոլ), սակայն II կոսմիկական արագությունը (փախչելու արագություն) շատ ավելի մեծ է, քան նյուտոնյանը։ Մենագրության մեջ ցույց է տրված, որ Սև Խոռոչները (Մութ մարմիններ) ենթարկվում են համաշխարհային ձգողականության այդ նոր տարբերակին»,- ասում է ակադեմիկոս Աղալովյանը։ Սև Խոռոչներն այնպիսի գոյացություններ են, որոնց ձգողականության դաշտն այնքան գերհզոր է, որ նույնիսկ լույսը (կամ լույսի արագություն ունեցող մասնիկը) չի կարող հաղթահարել այդ դաշտը։ Բոլոր Սև Խոռոչները կարելի է համակարգել ըստ իրենց զանգվածի, գրավիտացիոն շառավղի և իրենց կողմից ստեղծված ուժային դաշտի ինտենսիվության ցուցիչի, ինչի մասին նշված է մենագրության մեջ։ |