| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 8-ին Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում մեկնարկել է Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցը՝ «Աստղագիտությունը և տվյալագիտությունը» (4RASS) խորագրով։ Ամառային դպրոցը կազմակերպվել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային գրասենյակի (SWCA ROAD), Հայկական աստղագիտական ընկերության (ArAS), Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ArVO) և ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից։ Դասախոսների շարքում ընդգրկված են միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Չինաստանից, Ֆրանսիայից։ Դպրոցին մասնակցում են երիտասարդ գիտնականներ և ուսանողներ Գերմանիայից, Եթովպիայից, Իրանից, Լեհաստանից, Հայաստանից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից։ Ամառային դպրոցը ներառում է աստղագիտության և տվյալագիտության ոլորտի հիմնական ուղղությունները՝ դիտողական աստղագիտություն և տվյալների վերլուծություն, մեծ տվյալների կիրառություն, աստղագիտական շտեմարանների և Վիրտուալ աստղադիտարանների օգտագործում, գիտական գրագրության հմտությունների զարգացում։ Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել դիտումներ ԲԱ-ի 2.6մ խոշորագույն և 1մ տրամագծով աստղադիտակներով, մասնակցել գործնական սեմինարների, ծանոթանալ աստղագիտական դիտումների շտեմարաններին, արխիվներին և Վիրտուալ աստղադիտարանի գործիքներին։ Բյուրականյան տարածաշրջանային 4-րդ ամառային դպրոցի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 12-ը։ |