| ||||||||
Դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար իրականացվեց «Ամառային գիտական դպրոց» ծրագիրը։ Այն կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ: Ավելի քան 30 դպրոցական, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները, մեկ ամսվա ընթացքում այցելեցին ԳԱԱ 8 գիտական կազմակերպություն, ծանոթացան դրանց գործունեությանը, կատարեցին փորձեր և մասնակցեցին պեղումների Կաքավաձորում և Եղեգնաձորում: «Ամառային գիտական դպրոց»-ը մեկնարկեց հուլիսի 16-ին՝ ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում։ Աշակերտներին ողջունեցին ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պավել Մուժիկյանը և ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի բաժնի ղեկավար Սոֆի Աճեմյանը։ Ինչո՞ւ են մարդու աչքերը, ականջները երկուսը, իսկ քիթը՝ մեկը, ինչպե՞ս են «շարժվում» ռադիոալիքները, ի՞նչ է լազերային ճառագայթը և ինչպե՞ս է ուղեղը «տեսնում» ծավալային նկարը։ Դպրոցի մասնակիցները գիտնականների հետ միասին փնտրեցին այդ և տասնյակ այլ հարցերի պատասխաններ, կատարեցին փորձեր։ Ամենաակտիվներն ինստիտուտի կողմից նվեր ստացան ֆիզիկայի վերաբերյալ գրքեր։ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում աշակերտները ծանոթացան, թե ինչպես է ստեղծվում «Նարինե» կաթնաթթվային մթերքը։ «Մածուցիկությունն ու բացարձակ օգտակարությունը «Նարինե»-ի գլխավոր առանձնահատկությունն են»,- ընդգծեցին գիտաշխատողները։ Կենտրոնում աշակերտներն իմացան, որ բակտերիաները բազմազան են։ Որոշներով յոգուրտ են պատրաստում, մյուսներով բուժում են, իսկ երրորդ խումբը կենսականորեն կարևոր ամինաթթուներ է արտադրում։ Դպրոցականներն ինքնուրույն որոշեցին տարբեր նյութերի pH-ը, բացահայտեցին եթերային յուղերի գաղտնիքը, լսեցին դասախոսություններ միկրոօրգանիզմների հիման վրա էկոլոգիապես մաքուր կենսապարարտանյութերի ստեղծման մասին, տեղեկացան, որ Հայաստանում է պահվում աշխարհի միկրոօրգանիզմների ամենաընդգրկուն հավաքածուներից մեկը՝ 200 տեսակի 12 000 շտամ, որոնցից յուրաքանչյուրն իր բացառիկ «անձնագիրն» ունի։ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ագգագրության ինստիտուտի գիտաշխատողների հետ աշակերտները պեղումներ անցկացրին Արագածոտնի մարզի Կաքավաձոր բնակավայրում: Ծանոթացան Արագած լեռան լանջերի քարանձավային բնակավայրերին, ժայռապատկերներին։ Վերջերս հնագետներն այստեղ գանգ և ուղղանկյուն սենյակներ հայտնաբերեցին։ Ըստ հնագետ Բորիս Գասպարյանի. «Այսպիսի տարածքներն անվանում են պաշտամունքային լանդշաֆտ։ Այստեղ ամեն քայլափոխի արտեֆակտ է»։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը հանդես եկավ Եղեգնաձոր քաղաքի մոտակայքում գտնվող էնեոլիթյան բնակատեղիի (Պղնձի դարաշրջան) մասին դասախոսությամբ։ Երեխաները Եղեգնաձորում տեսան պեղումների աշխատանքների ամբողջ ցիկլը, թե ինչպես են մանրացվում քարերը, մաղվում հողը և վերլուծվում գտածոները։ Ամենահամարձակներն իրենց հնագետների դերում փորձեցին, այնուհետև դաշտային լաբորատորիա այցելեցին։ Սեղաններին՝ սերմեր, ոսկորներ, կավե իրերի բեկորներ։ Իմացան, թե ինչպես են ոսկորներից դուրս բերում ԴՆԹ-ն, որոշում ամինաթթվային կազմը և իմանում, թե ում մնացորդներն են դրանք։
ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ այցի շրջանակներում աշակերտները եղան Երևանի Բուսաբանական այգում և Էկոէպիկենտրոնում: Իմացան, թե բուսաբաններն ինչպես են պայքարում ամռան տապի և խստաշունչ ձմռան դեմ, որպեսզի պահպանեն կանաչ հարստությունը։ Ինստիտուտի առաջատար մասնագետ Մարգարիտա Ղարիբյանի կազմակերպած խաղի միջոցով սովորեցին բույսերի անունները։ Հատկապես երեխաներին դուր եկան այն բույսերը, որոնք Մարգարիտա Ղարիբյանն անվանում էր «սերոտոնինային թերապիա»՝ մարդկանց տրամադրության վրա դրականորեն ազդելու ունակության համար։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գիտաշխատող Ռոքսանա Զախարյանի դասընթացի շնորհիվ տեղեկացան, թե ինչ է գենը և ինչպես է այն կառավարում սպիտակուցների սինթեզը, տեսան, թե ինչպես են այդ տեսական գիտելիքները կիրառվում գործնականում՝ դեղամիջոցների մշակման, մուտացիաների ուսումնասիրության և նոր կենսաբժշկական լուծումների ստեղծման մեջ։ Գիտնականների հսկողության ներքո դպրոցականները փորձեր իրականացրին։ ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը պատմեց աստղադիտակների և կարմիր հսկաների մասին, բացատրեց, թե ինչ է միջառարկայականությունը, որով վաղուց սկսել են զբաղվել աստղագետները՝ աստղակենսաբանություն, աստղաերկրաբանություն, աստղաքիմիա, ներկայացրեց աստղադիտակները։ Այնուհետև դպրոցականներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացան նրա գործունեությանը և աշխատանքային պայմաններին։ ՀՀ ԳԱԱ Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում աշակերտները Հանքաբանության սրահում տեսան երկնաքար, ծանոթացան հազվագյուտ ապարներին, որոնք ուլտրամանուշակագույն երկար և կարճ ալիքների ազդեցության տակ ներկված են սառը կապույտից մինչև վառ նարնջագույն երանգներով։ Հնէաբանության սրահում տեսան նախապատմական փղի հսկայական ոսկորներ։ Մասնակիցները դասախոսություն լսեցին, թե ինչու են անհետացել դինոզավրերը, և ինչ հետևանքների կարող է հանգեցնել կլիմայի փոփոխությունը։ Ամառային դպրոցն ավարտվեց օգոստոսի 22-ին Երևանում պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ |