Новости
21/08/2025
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար» մրցույթ

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար» մրցույթ։

Մրցույթի շրջանակում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի հիմնական նպատակներն են.

  1. երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորությունը,
  2. հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականներին՝ մասնակցելու իրենց ոլորտի նորարական մեթոդների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներին,
  3. աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը,
  4. նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։


Վերապատրաստման մրցույթի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել չորս ենթածրագրով։ 

Առաջին ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման համար։ 

Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների մասնագիտական վերապատրաստման և հմտությունների կատարելագործման համար։ 

Երրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործման համար։ 

Այս երեք ենթածրագրերով հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025թ․ հոկտեմբերի 20-ը, իսկ ֆինանսավորման առավելագույն չափը՝ 4.000.000 ՀՀ դրամ։

Չորրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցության տրամադրում երիտասարդ գիտնականների՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասընթացների (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ) մասնակցության համար։ Այս ենթածրագրով մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 3-ը, իսկ ֆինանսավորման առավելագույն չափը՝ 1.500.000 ՀՀ դրամ։

Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2025թ․ նոյեմբերի 30-ը։

Մրցույթի փաթեթը՝ այստեղ։ 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
21․08․2025թ․