Новости
07/05/2025
Մահախոսական. Ռ.Մարտիրոսյան

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով հայտնում է, որ 89 տարեկան հասակում կյանքից հեռացել է ականավոր ռադիոֆիզիկոս, գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանը։ 

Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ․ մայիսի 1-ին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ 1943-1953թթ․ սովորել է Մատաղիսի միջնակարգ դպրոցում։ 1958թ․ Ռադիկ Մարտիրոսյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով աստղաֆիզիկոսի որակավորում։ Աշխատանքային գործունությունը սկսել է 1958թ․՝ որպես ՀԽՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի կրտսեր գիտաշխատող։ 1960թ․ աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում։ 1960-1964թթ. Ռադիկ Մարտիրոսյանը սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում: Գիտության նկատմամբ նրա վերաբերմունքը ձևավորվել է այդ տարիներին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ալեքսանդր Պրոխորովի ղեկավարությամբ: Նա կատարել է գիտական ուշագրավ մի շարք հետազոտություններ քվանտային ուժեղարարների ստեղծման համար և դարձել ռադիոաստղագիտության բնագավառում այդպիսի ուժեղարարների կիրառման առաջամարտիկներից մեկը: Նրա մշակած 21սմ ալիքի երկարության քվանտային ուժեղարարը Խորհրդային Միությունում առաջինն է կիրառվել ռադիոաստղագիտության մեջ: Հետագայում Ռադիկ Մարտիրոսյանի անմիջական ղեկավարությամբ ստեղծված գերբարձր հաճախություններով աշխատող բարձր զգայնությամբ ռադիոհամակարգերը լայնորեն կիրառվել են երկրի բնական պաշարների ուսումնասիրման «Интеркосмос», «Природа», «Океан» տիեզերական ծրագրերում: Առանձնահատուկ է եղել նաև Ռադիկ Մարտիրոսյանի մասնակցությունը տիեզերական տարածության ուսումնասիրման ծրագրին, մասնավորապես` «Вега» ծրագրի իրականացմանը: 

1968-1970թթ․ Ռադիկ Մարտիրոսյանը զբաղեցրել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի լաբորատորիայի բաժնի վարիչի պաշտոնը, 1970-1980թթ․՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի պաշտոնը։ 1980-2006թթ․ նա եղել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն, 1983-1993թթ․՝ ԵՊՀ-ում իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006թթ․՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր, 2006-2021թթ․՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ։ 2021թ.-ից նա ՀՀ ԳԱԱ նախագահության գլխավոր խորհրդականն էր։ 

Ռադիկ Մարտիրոսյանը երկարամյա բեղուն գործունեություն է ծավալել և անգնահատելի ներդրում ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Բոլոր պատասխանատու պաշտոններում պետական մտածողությամբ կառավարչի ունակությունների և հմտությունների շնորհիվ Ռադիկ Մարտիրոսյանը նշանակալից ձեռքբերումներ է գրանցել և զարգացման ավելի բարձր մակարդակի հասցնել իր ղեկավարած կազմակերպությունները: 

Ռադիկ Մարտիրոսյանի ղեկավարման տարիներին ԵՊՀ-ում բացվել են հանրապետությանն անհրաժեշտ մասնագետների պատրաստման նոր ֆակուլտետներ, իսկ ուսանողության թիվն աճել է շուրջ երկու անգամ։ Նրա կազմակերպչական հմտությունների շնորհիվ համալսարանն ընթացել է լավագույն ավանդույթների պահպանման ու շարունակական առաջընթացի ճանապարհով։ 

ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում Ռադիկ Մարտիրոսյանը նախաձեռնել և ստեղծել է գիտական կազմակերպությունների բովանդակային միավորումներ՝ գիտական կենտրոններ, իրականացրել է ԳԱԱ համակարգի կազմակերպությունների արդյունավետ գործունեությունն ապահովող բովանդակային ու կառուցվածքային բարեփոխումներ։ Նրա անմիջական ղեկավարությամբ ընդլայնվել է ԳԱԱ միջազգային գիտական համագործակցությունը, իսկ 2011թ. Ազգային ժողովը հաստատել է «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքն ու ԳԱԱ հատուկ կարգավիճակը: Ռադիկ Մարտիրոսյանը մեծապես նպաստել է Արցախի գիտակրթական կյանքի զարգացմանը: ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի Հանրապետության կառավարության համատեղ քննարկումների արդյունքում 2007թ. Արցախում ստեղծվել է գիտական կենտրոն: 

Ռադիկ Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղարարների ստեղծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Նրա ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել են 9 թեկնածուական, 2 դոկտորական ատենախոսություններ։

2016թ․ Ռադիկ Մարտիրոսյանն ընտրվել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։

Իր հայրենանվեր գործունեության համար ակադեմիկոս Ռ.Մարտիրոսյանը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1981թ․), Յուրի Գագարինի անվան ոսկե մեդալով (1984թ., Տիեզերագնացության ֆեդերացիայի բյուրոյի նախագահություն), «Աշխատանքի վետերան» մեդալով (1985թ.), «Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան»-ով (1986թ․), «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (1999թ․), «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով (2007թ․), «Վալերի Բրյուսով» մեդալով (2010թ․, Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանյան ընկերություն), «Գարեգին Նժդեհ» մեդալով (2011թ․, ՀՀ ՊՆ), «Հայաստան-Սփյուռք գործակցության» ոսկե մեդալով (2011թ․, ՀՀ Սփյուռքի նախարարություն), «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալով (2012թ․), «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2013թ․, ՀՀ ՊՆ),  «Մարշալ Բաղրամյան» մեդալով (2016թ., ՀՀ ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով (2012 և 2017թթ)։  
Ռադիկ Մարտիրոսյանն Ուկրաինական ՍՍՀ Պետական մրցանակի (1989թ․) և Հայկական ՍՍՀ Պետական մրցանակի դափնեկիր է:

Անվանի գիտնականի վաստակը բարձր է գնահատվել նաև արտերկրում։ Նա արժանացել է «Palmes Academiques» (2005թ., Ֆրանսիա) և Stella DellaSolidariteta (2004թ., Իտալիա) պարգևների, 2024թ. պարգևատրվել է «300 лет Российской академии наук» մեդալով։

ՀՀ ԳԱԱ նախագահությունն իր ցավակցությունն է հայտնում ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, Հայաստանի Հանրապետության գիտական ու կրթական համայնքին։

Ռադիկ Մարտիրոսյանի գիտակրթական անուրանալի ժառանգությունն ընդմիշտ կմնա Հայաստանի գիտության և բարձրագույն կրթության պատմության մեջ։

Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով։ Հոգեհանգստի արարողությունը  տեղի կունենա ս․թ․ մայիսի 7-ին, ժամը 17։30-20։00, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, հրաժեշտը՝ մայիսի 8-ին, ժամը 11։30-13։00,  ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյան պող. 24)։ 

ՀՀ ԳԱԱ նախագահություն
06․05․2025թ․