Նորություններ
06/05/2025
«Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողով՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։

Գիտաժողովը համախմբել է 100-ից ավել գիտնականների և մասնագետների շուրջ 20 երկրներից, ովքեր քննարկում են  կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխություններին առնչվող հիմնախնդիրներն ու գործնական լուծումները:

«Այս միջոցառումը նպատակ ունի զարգացնելու միջազգային և միջգիտակարգային համագործակցությունը։ Այստեղ մենք կլսենք նոր հետազոտությունների մասին։ Գիտաժողովն ունի ավելի քան 100 մասնակից, որոնց շուրջ 50 տոկոսը երիտասարդ գիտնականներ են», - ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը։ 

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն ասաց․ «Հայաստանը կենսաբազմազանությունը տեսնելու լավագույն  

վայրերից մեկն է, նաև ցորենի և գարու 8 համաշխարհային կենտրոններից մեկը։ Կա տեսություն, որ հրաբխային և սեյսմիկ գոտիներն էվոլյուցիայի օրրաններ են եղել»: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին դոնոր կազմակերպությունների՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, Բնության 

համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ Կարեն Աղաբաբյանը։

Գիտաժողովում ներկայացված են զեկուցումներ Հայաստանի թռչնաշխարհի պոպուլյացիաների, չզջիկների, սարդերի և մողեսների բազմազանության, մարդ-վայրի բնության հակամարտության, անողնաշարավորների և 

մակաբույծների, բույսերի և սնկերի կենսաբազմազանության, Սևանա լճի ճահճացման դինամիկայի, ջրային կենսաբազմազանության պահպանման, Հայաստանի անտառների, կլիմայական գործընթացների, ինչպես նաև  

կենսաբազմազանության և կայուն զարգացման վերաբերյալ։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 7-ը ներառյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
06․05.2025թ.