Новости
05/05/2025
ՀՀ ԳԱԱ ՀԱԻ-ում տեղի կունենա «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի մայիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գրադարանում (Երևան, Չարենցի 15) տեղի կունենա ՀԱԻ սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» (հեղինակներ՝ Գ. Աթանեսյան, Մ. Գալստյան, Գ. Հակոբյան, Լ. Անգելուշ) վերտառությամբ գրքի շնորհանդեսը։

Մենագրությունը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հետազոտությունը դիտարկում է պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման դերակատարներին և նրանց ակտիվության շարժառիթներն ու նպատակները:

Հեղինակների կողմից 2021-2023թթ. իրականացված որակական հետազոտության հիման վրա վերլուծվում են Արցախյան առաջին պատերազմի և 2020թ․ պատերազմի զոհվածներին նվիրված հուշարձանների տեղադրման, հիշողության տարածքների ընտրության, հուշարձանացման դերակատարների, զոհերի հիշատակման պաշտոնական և ոչ պաշտոնական պրակտիկաների նորահայտ վիրտուալ դրսևորումները, հետպատերազմյան առօրյայում հիշողության լանդշաֆտի խնդիրները: Գիրքը կարող է հետաքրքրել հումանիտար ու հայագիտական ոլորտի մասնագետներին և ընթերցողների լայն շրջանակի:

Գիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող 21T-6A136 գիտական նախագծի շրջանակում կատարվող աշխատանքների արդյունքում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.05.2025թ․