Новости
11/10/2017
ՀՀ ԳԱԱ-ն փոխըմբռնման հուշագիր ստորագրեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ

   Հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան` ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի, և  «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը` ի դեմս միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի, ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

20171011-main.jpg
   Հուշագրի նպատակն է ապահովել համագործակություն ՀՀ ԳԱԱ-ի և դպրոցների միջև, աջակցել գիտական մտքի զարգացմանը դպրոցներում, նպաստել գիտության և կրթության ոլորտում համագործակցության նոր դաշտի ձևավորմանը:   
   Հուշագիրն ուղղված է Հայաստանի կրթական որակի բարելավմանը, կրթական ծրագրերի մշակմանը, նորարարությունների ներդրմանը, դպրոցի դերի, մանկավարժի դերի բարձրացմանը և մասնագիտական կատարելագործմանը:
   «Մենք շատ շահագրգռված ենք` նպաստելու մեր հանրակրթության զարգացմանը: Ակադեմիայի համակարգում գրեթե բոլոր ուղղություններով ունենք գիտահետազոտական ինստիտուտներ, լաբորատորիաներ, կենտրոններ: Աշակերտները կարող են այցելել այդ ինստիտուտներ, հանդիպել գիտաշախատողների հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

20171011-2.jpg
   Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Նորարարությունը սկսվում է դպրոցից» թեմայով Հայաստանի 24 դպրոցների աշակերտների գիտական և ստեղծագործական աշխատանքների մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը և մրցանակաբաշխությունը:  «Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է մի մրցույթ, որտեղ փորձում ենք աշակերտների նորարական միտքը զարգացնել, ստեղծագործական մտածողությունը խթանել և դրան մասնակից դարձնել նաև գիտության ոլորտի ներկայացուցիչներին»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:

20171011-3.jpg
   ՀՀ ԳԱԱ-ն մրցանակաբաշխության արդյունքում առաջին մրցանակը շնորհեց Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին`«Wi-Fi սարքերի արձակած ճառագայթների ազդեցությունը սնկերի աճի վրա» աշխատանքի համար: Երկրորդ մրցանակը շնորհվեց Սյունիքի մարզի Կապանի թիվ 2-րդ ավագ դպրոցին` «Համակարգիչների ազդեցությունը մարդու առողջության վրա» աշխատության համար: ՀՀ ԳԱԱ կողմից երրորդ մրցանակը հանձնվեց  «Տիեզերքում սառցաբեկորների անկման շարժմանը» նվիրված աշխատանքի համար թիվ 87 միջնակարգ դպրոցին և Քվանտ վարժարանին: Չորրորդ խրախուսական մրցանակը ՀՀ ԳԱԱ-ն շնորհեց «Նկարահանող ռոբոտ» աշխատանքի համար Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցին:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   11.10.2017թ.