Նորություններ
10/10/2017
Ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանի առթիվ Երևանում կանցկացվի «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը

   Գիտական հանրությունը նշում է հանրահայտ  ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ,  էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանը: Գիտական հանրությունը նշում է հանրահայտ  ֆիզիոլոգ, գիտության վաստակավոր գործիչ,  էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից ակադեմիկոս Լևոն Օրբելու 135-ամյա հոբելյանը: Սույն թվականի հոկտեմբերի 11-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում (Երևան, Օրբելի փ. 22) կմեկնարկի «Կենսաբանական օբյեկտների ինֆորմացիոն պոտենցիալը» միջազգային գիտական նստաշրջանը՝ նվիրված ակադեմիկոս Լևոն Օրբելու հոբելյանին: Նստաշրջանին կմասնակցեն գիտնականներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից: Միջոցառմանը կմասնակցեն Լևոն Օրբելու թոռը` Աբգար Օրբելին և  ֆիզոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Կոնրադ Լորենցի թոռը` Ռիկարդո Դրագի-Լորենցը:
   Լևոն Օրբելու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Օրբելին, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օրբելու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օրբելին ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Նա կարևոր ավանդ ունի Հայաստանում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ Ֆիզոլոգիայի ինստիտուտը:
   Լևոն Օրբելին եղել է ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր: Պարգևատրվել է Լենինի 5, Աշխատանքային կարմիր դրոշի 3, Կարմիր աստղ շքանշաններով:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   10.10.2017թ.