ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց Հայ  լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը նվիրված է մեր  ժամանակների ականավոր հայագետ, դասական հայերենի մասնագետ, գիտաժողովների  այս շարքի հիմնադիր Քլիվլենդի համալսարանի պրոֆեսոր Ջոն Գրեպինի հիշատակին:  
   Գիտաժողովին մասնակցում են լեզվաբաններ Թուրքիայից, Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից:
    Գիտաժողովի մասնակիցներին ՀՀ ԳԱԱ նախագահության անունից ողջունեց ՀՀ ԳԱԱ  հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի  ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:   
«Հայերենը,  լինելով աշխարհի հարուստ լեզուներից մեկը, ունի իր ձևաբանական,  շարահյուսական հստակ օրինաչափությունները, ունի հրաշալի քերականության հետ  մեկտեղ նաև ուղղագրական կանոններ, անցել է երկար պատմություն, ունի  պատմական զարգացման հրաշալի փուլեր:  Այդ ամենի հետ մեկտեղ այսօր ունենք  խնդիրներ. լեզուն իբրև դինամիկ, արագ զարգացող օրգանիզմ պետք է կարողանա  արագ հարմարվել գիտության տեխնիկազարգացման այսօրվա սրընթաց ընթացքին և  կարողանա հարստացնել իր բառապաշարը: 
   Մեր լեզուն ունի երկու  ուղղություն` արևելահայերեն և արևմտահայերեն, և օդում միշտ կախված է այդ  երկու ճյուղերի զուգակցման, հատկապես արևմտահայերի պահպանության, զարգացման  խնդիրը»,- ասաց Յուրի Սուվարյանը:       
Գիտաժողովի կազմակերպիչներն  են` ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան Լեզվի ինստիտուտը, ՌԴ Գիտությունների  ակադեմիայի    Լեզվագիտության ինստիտուտը, Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի  անվան պետական համալսարանը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
02.10.2017թ.