ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) բնական գիտությունների  բաժանմունքը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը  (ԵՊԲՀ) քննարկեցին համագործակցության առաջնահերթությունները բժշկագիտության  զարգացման գործում: Քննարկումն անցկացվեց հունիսի 14-ին` ՀՀ ԳԱԱ-ում,  «Կենսաբժշկության կիրառական խնդիրները» թեմայով կլոր սեղան քննարկման  ընթացքում:

     Քննարկման մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ  Մարտիրոսյանը: «Բժշկագիտության զարգացման համար մենք պետք է արձագանքենք  համաշխարհային միտումներին և նոր գաղափարներ և նորարարություններ բերենք  այս ոլորտ: Մենք հույս ունենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի հետ  համատեղ ծրագրերի շրջանակներում կպատրաստենք լավ մասնագետներ, որոնք  կնպաստեն բժշկագիտության զարգացմանը»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս  Ռադիկ Մարտիրոսյանը: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը վստահություն հայտնեց,  որ  ՀՀ ԳԱԱ-ի հետ համագործակցության արդյունքում կստեղծվի այնպիսի գիտական  պոտենցիալ, որը արժանապատվորեն կներկայացվի միջազգային բժշկագիտական  հանրությանը:
    ՀՀ ԳԱԱ-ի գիտական կազմակերպությունների և Երևանի  պետական բժշկական համալսարանի գիտնականները քննարկմանը  ներկայացրեցին  «Գլխուղեղը և դրա ախտաբանությունը», «Բորբոքման դերը քաղցկեղի զարգացման  գործում», «Շրջակա միջավայրը և բնակչության առողջությունը» թեմաներով  զեկուցումներ:
14.06.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն