Օգոստոսի 24-ին լրացավ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բժշկական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի,  մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն,  Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության  նախարարության գլխավոր մասնագետ Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանի ծննդյան  75-ամյակը:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանը մի շարք գիտական  միավորումների պատվավոր անդամ է, «Մանկաբարձություն, գինեկոլոգիա եւ  նեոնատոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, Հայաստանի մանկաբարձ-գինեկոլոգների  և նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահ, ավելի քան 435 գիտական  աշխատանքների, 8 մենագրության և 5 դասագրքի հեղինակ: Նրա ղեկավարությամբ  պաշտպանվել են տասնյակ դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ:
    Գերազանցությամբ ավարտելով Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ կարճ  ժամանակահատված աշխատել է որպես մարզային բժիշկ, ինչից հետո ուսումը  շարունակել արդեն Մոսկվայում` ակադեմիկոս Ա. Ս. Պերսիանինովի  ղեկավարությամբ: Այնուհետև Մոսկվայում պաշտպանել է դոկտորական  ատենախոսությունը: Այդ ժամանակահատվածում Ռ. Ա. Աբրահամյանն արդեն հասցրել  էր մի շարք նվաճումներ ունենալ մանկաբարձության և գինեկոլոգիայի  հանրապետական ծառայության կազմակերպման գործում, ստեղծել գիտագործնական և  կադրային բազա: 
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանն ականավոր վիրաբույժ է:  Նա կյանքի պաhպանմանն ուղղված արտակարգ և ատիպիկ որոշումների, կայծակնային  և արագ իրավիճակային վերլուծությունների վարպետ է, առողջապահության  փայլուն կազմակերպիչ:

    1998 թ.-ից մինչ օրս Ռ. Ա. Աբրահամյանը հանդիսանում է ՀՀ Առողջապահության  նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը, Մանկաբարձ-գինեկոլոգների և  նեոնատոլոգների ասոցիացիայի նախագահը:
   Ակադեմիկոս Ռ. Ա. Աբրահամյանը  ստեղծել է  Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության  և գինեկոլոգիայի ինստիտուտը, որը հայտնի է ոչ միայն մեր երկրում: Արդեն  90-ականների սկզբին ինստիտուտում սկսեց գործել ՀՀ-ում առաջին Արտամարմնային  բեղմնավորման լաբորատորիան: Սա առաջին լուրջ փորձն էր վերարտադրողական  խնդիրների և, որպես արդյունք, ժողովրդագրական խնդիրների լուծման  ասպարեզում:
   1990 թ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական  համալսարանում իր կողմից ստեղծված Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2  ամբիոնն ակտիվ գիտակրթական գործունեություն է իրականացնում:
    Հատկանշական է, որ նրա բոլոր պատվավոր կոչումներից և մրցանակներից Ռ. Ա.  Աբրահամյանն առավել հպարտ է «Հանրապետության վաստակավոր բժիշկ» կոչումով:
    2000թ.-ին գիտական ձեռքբերումների համար ՀՀ Գիտությունների ազգային  ակադեմիան ընտրեց Ռ. Ա. Աբրահամյանին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, իսկ 2014  թ.-ին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
   Ցանկանում ենք հատկապես նշել, որ Ռ. Ա.  Աբրահամյանի ամբողջ գործունեության ընթացքում մեծ դեր է կատարել նրա  ընտանիքը, որն իր զգալի ներդրումն ունի մեր հանրապետության պրակտիկ  բժշկության զարգացման մեջ:
   ՀՀ ԳԱԱ նախագահությունը և բնական  գիտությունների բաժանմունքը շնորհավորում են Ռազմիկ Աբրահամյանի հոբելյանը,  ցանկանալով նրան առողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ: