Սույն թվականի հունիսի 26-ին Հայաստանի Հանրապետության  գիտությունների ազգային ակադեմիան (ՀՀ ԳԱԱ) և Չինաստանի Ժողովրդական  Հանրապետության (ՉԺՀ) ճարտարագիտության ակադեմիան ստորագրեցին  ճարտարագիտության  և տեխնիկական գիտությունների ոլորտներում   համագործակցության  հուշագիր:
   Հուշագիրը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ նախագահ  ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը և ՉԺՀ ճարտարագիտության ակադեմիայի գործադիր  փոխնախագահ Պան Յունհեն:
    
    «Մենք շատ բարձր ենք գնահատում չինական գիտական կազմակերպությունների հետ  մեր համագործակցությունը: Հայ-չինական հարաբերությունները մեծ պատմություն  ունեն: Հին պատմական փաստաթղթերում կարելի է գտնել հիշատակումներ չինական  կազմակերպությունների հետ հատկապես առևտրային կապերի մասին: Առաջին հերթին  դա վերաբերում է Մետաքսի ճանապարհին: Անցած տարի մեր ակադեմիայի  պատվիրակությունը մասնակցեց Չինաստանում Մետաքսի ճանապարհին նվիրված մեծ  գիտաժողովի: Եվ մենք այլ երկրների հետ միասին ստորագրեցինք համաձայնագիր  հետագա համագործակցության մասին: Երեկ Չինաստանում ստորագրվեց համաձայնագիր  Հայաստանի միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի և Չինաստանի  համապատասխան մարմինների հետ տնտեսական հարաբերությունների զարգացման  մասին: Ես կարծում եմ, որ մենք այսօր կշարունակենք այդ լավ ավանդույթը և  կջանանք, որ այդ հարաբերությունները լրացվեն բովանդակությամբ, հստակ  նպատակներով, ծրագրերով, որոնք կնպաստեն մեր երկրների գիտության,  տեխնոլոգիաների, տնտեսության զարգացմանը»,- իր ելույթում մասնավորապես ասաց  ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը` նշելով, որ 2017թ-ին ՀՀ  ԳԱԱ-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրել նաև Չինաստանի  հասարակական գիտությունների ակադեմիայի հետ:

    «Հայ-չինական հարաբերությունները երկարամյա պատմություն ունեն դեռ Մետաքսի  ճանապարհի ժամանակներից, երբ երկու երկրների միջև առևտրային կապեր կային:  Չինաստանն այս նոր դարաշրջանում նոր տեխնոլոգիաների հիման վրա մտադիր է  առաջ մղել Մետաքսի ճանապարհի զարգացումը: Եթե նախկինում Չինաստանի  տնտեսության շարժիչները ներդրումներն էին, ապա վերջին 10 տարում  ինովացիաներն են: Այսօր ոչ միայն մասնագետներն են ուշադրություն դարձնում  տեխնոլոգիաների զարգացմանը, այլև կառավարությունը, ձեռնարկությունները`  զարգացման գործընթացն արագացնելու համար: Չինաստանի ճարտարագիտության  ակադեմիան Չինաստանի ամենահեղինակավոր ուղեղային կենտրոնն է, որը  տեխնոլոգիաների զարգացման ոլորտի վերաբերյալ իր խորհուրդներն է  ներկայացնում բարձր ղեկավարության համար: Ներկայումս մեր գործունեության  առաջնահերթային ուղղություններից է Մետաքսի ճանապարհի երկրների հետ  համագործակցության խորացումը»,- իր ելույթում ասաց ՉԺՀ ճարտարագիտության  ակադեմիայի գործադիր փոխնախագահ Պան Յունհեն: 
   Հանդիպմանը չինացի և  հայ մասնագետները հանդես եկան ինովացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ  զեկուցումներով: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց համագործակցության  ձևերին: 
   Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է տեղեկատվության փոխանակում, համատեղ հետազոտական աշխատանքներ, ուսումնական ծրագրեր:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   27.06.2018թ.