| ||||||||
Սույն թվականի հունիսի 29-ին Արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ «Երկու հայրենիքների միջև. Ալեքսանդր Սարուխանը և հանրային դիվանագիտության ուժը» խորագրով միջոցառում՝ նվիրված եգիպտահայ նշանավոր ծաղրանկարիչ Ալեքսանդր Սարուխանի հիշատակին։ Միջոցառմանը մասնակցեցին հայ և եգիպտացի պատմաբաններ, մշակույթի գործիչներ, հետազոտողներ, լրագրողներ և դիվանագետներ։ Հատուկ հյուրն էր Ալեքսանդր Սարուխանի թոռնուհին՝ Սիլվա Ներետյան-Բլատյանը։ Ողջունելով մասնակիցներին՝ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այս միջոցառումը հնարավորություն է նորովի բացահայտելու Ալեքսանդր Սարուխանի հարուստ ստեղծագործական ժառանգությունը։ Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին իր ողջույնի խոսքում նշեց, որ Ալեքսանդր Սարուխանը Եգիպտոսում ծաղրանկարչության մեծագույն և ամենահայտնի վարպետներից էր։ Նրա ստեղծագործությունները հայ և եգիպտացի ժողովուրդների միջև մշակութային կապերի և բարեկամության խորհրդանիշ են։ Ալեքսանդր Սարուխանի թոռնուհի Սիլվա Ներետյան-Բլատյանը, որը զբաղվում է պապի ստեղծագործական ժառանգության պահպանմամբ և հանրայնացմամբ, ներկայացրեց անվանի ծաղրանկարչի կյանքն ու ստեղծագործական ուղին՝ անդրադառնալով նրա արվեստի առանձնահատկություններին և թողած հարուստ ժառանգությանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ալեքսանդր Սարուխանի ստեղծագործությունները, արժևորվեց նրա արվեստի բացառիկ դերը հայ երգիծանկարչության զարգացման գործում։ |