Новости
23/12/2025
Տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետու ժողովը

Սույն թվականի դեկտեմբերի 20-ին՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի դահլիճում, տեղի է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) տարեվերջյան հաշվետու ժողովը։ Միջոցառմանը մասնակցել են ԵԳԱԾ հանձնաժողովի անդամներ, վերջին երկու տարիների ընթացքում ծրագրի շրջանակում իրականացված մրցույթների շահառուներ, ինստիտուտների գիտաշխատողներ։

Ժողովի ընթացքում ԵԳԱԾ հանձնաժողովը ներկայացրեց 2025 թվականին իրականացրած աշխատանքները, այդ թվում՝ հայտարարած մրցույթները, դրանց շրջանակում ընդունած հայտերի քանակը և գնահատման արդյունքները․

  • Գիտության հանրայնացման մրցույթ
  • Երիտասարդ գիտնականների վերապատրաստում արտասահմանում մրցույթ
  • Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթ
  • Արտերկրի գիտնականների կարճատև այցելություններ ՀՀ գիտահետազոտական կազմակերպություններ մրցույթ
  • Գիտահետազոտական աշխատանքի իրականացման օժանդակ ռեսուրսների ձեռքբերման մրցույթ

Հաշվետու զեկուցումներով հանդես եկան այն գիտաշխատողները, ովքեր 2025 թվականի ընթացքում մասնագիտական վերապատրաստում են անցել արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում։ Նրանք ներկայացրին, թե ինչ դասընթացների են մասնակցել և ինչ կիրառական փորձ են ձեռք բերել։

ԵԳԱԾ հանձնաժողովի ներկայացուցիչները զեկուցողներին ուղղեցին մի շարք հարցեր՝ ուղղված ռիսկերի գնահատմանը և ստացած գիտելիքների կիրառման հնարավորություններին հայաստանյան գիտական ինստիտուտներում։ Շահառուներն օրինակներով ներկայացրին ձեռք բերված փորձի կիրառման արդյունավետությունը տեղական գիտական ինստիտուտներում իրականացվող իրենց աշխատանքներում։ Այն արտահայտվում է նաև արտերկրի և տեղական լաբորատորիաների միջև ձևավորված համագործակցությամբ և համատեղ հետազոտությունների իրականացմամբ։ Ստացված արդյունքները հոդվածի տեսքով տպագրվում են համահեղինակությամբ։

Հաշվետու ժողովի ընթացքում քննարկվեցին նաև 2026 թվականի համար նախատեսվող ծրագրերը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.12.2025թ.