| ||||||||
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում կայացավ Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինքի (ANSO) 4-րդ գագաթնաժողովը և Գիտության ու նորարարության գլխավոր գիտաժողովը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանը:
ՀՀ ԳԱԱ համագործակցությունը ANSO-ի հետ սկսվել է դրա հիմնադրման օրվանից՝ 2018 թվականից։ ANSO-ի դրամաշնորհների շրջանակում իրականացվել է երկու կարևոր նախագիծ՝ յուրաքանչյուրը 150 000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորմամբ։ Դրանք նվիրված են խաղողի բազմազանության պահպանմանը (2021-2023թթ., ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ղեկ.՝ Քրիստինա Մարգարյան), և SARS COVID-2 կենսաբժշկական հետազոտությանը (2022-2024 թթ., ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ղեկ.՝ Զավեն Կարալյան)։ Ներկայացնելով ստացված արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը նշեց, որ իրականացված նախագծերից մեկը խթանել է Հայաստանում խաղողի գենետիկական հետազոտությունների զարգացումը։ Ընդամենը 3 տարվա ընթացքում խաղողի ուսումնասիրությունը վերածվել է «Armenian Vitis Database»-ի՝ հայկական խաղողի գենոմի միակ տվյալների շտեմարանի։ ANSO-ի աջակցությամբ ավարտվել է ավելի քան 200 տեսակի խաղողի ամբողջական գենոմի հաջորդականացումը։ Աշոտ Սաղյանը շեշտեց միջազգային գիտական համագործակցության կարևոր նշանակությունը, համագործակցության դերը գիտության զարգացման գործում՝ նշելով, որ ՀՀ ԳԱԱ-ն համագործակցում է 26 երկրների 30 ակադեմիաների և գիտական կազմակերպությունների հետ։ |