| ||||||||
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը համագործակցության հուշագրեր կնքեց Շիրակի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի և ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ։ Հուշագրերը ստորագրեցին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը, Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթյանը, Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը։
Համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ մարզային բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական ներուժի ընդլայնմանը, խթանել գիտակրթական համակարգի համաչափ զարգացումը։
Համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել համատեղ գիտական ծրագրեր, գիտնականների և դասախոսների փոխանակում, գիտական նյութերի հրապարակում, կազմակերպել հանրապետական, տարածաշրջանային և միջազգային գիտաժողովներ, անցկացնել մասնագիտական դասընթացներ և վարպետաց դասեր։
«Մենք ունեցել ենք հանդիպումներ համալսարանների ներկայացուցիչների հետ, ներկայացրել ենք մեր հնարավորությունը, լսել իրենց առաջարկները և ձևավորել ենք համագործակցության ծրագիր։ Մեր գլխավոր
խնդիրն է ուժեղացնել մարզային ԲՈՒՀ-երը և նաև օգտվել իրենց հնարավորություններից՝ ստեղծելով համագործակցության նոր հարթակ», - ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը։
Մարզային ԲՈՒՀ-երի ներկայացուցիչները կարևորեցին գիտական ինստիտուտի հետ համագործակցությունը՝ նշելով, որ այն կընձեռի հնարավորություններ ուսանողներին ներգրավվելու գիտական, հետազոտական աշխատանքներում, կնպաստի նրանց ակադեմիական գիտելիքների խորացմանը և մասնագիտական զարգացմանը։ |