| ||||||||
Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նիստերի դահլիճում (ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ) գիտական հանրությունը կնշի «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա «ՀՀ ԳԱԱ 2025թ․ մրցանակ» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։ Նաև տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթի հավաստագրերի հանձնման արարողությունը։ «Գիտության աշխարհում» հանդեսի 20-ամյակի առթիվ շնորհակալագրեր կհանձնվեն առավել ակտիվ հեղինակներին։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն գիտական զեկուցումներ։ «Կենսաբժշկական օպտիկական պատկերման և լուսաթերապիայի խնդիրների լուծման նորարարական մոտեցումներ» թեմայով գիտական զեկուցմամբ հանդես կգա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վալերի Տուչինը։ ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանը կներկայացնի «Ծագումից մինչև ինքնություն․ հայերի գենետիկական ուղին» թեմայով զեկուցումը։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը հանդես կգա «Վիշապաքարերը նորագույն հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» թեմայով զեկուցմամբ։ |