| ||||||||
Ավստրիայի գիտությունների ակադեմիայի գիտաշխատող, հայագետ, դոկտոր Բենեդետտա Կոնտինը Իտալիայի Պադովա քաղաքի համալսարանական գրադարանում պահվող հայերեն գրքերի հարուստ հավաքածուի մասին դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնարար գիտական գրադարանում։
Դոկտոր Կոնտինը ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի կողմից իրականացվող «Այսրկովկասի XVIII–XX դարերի հայկական տպագրությունը Արևելք–Արևմուտք միջմշակութային խաչմերուկում» հետազոտական ծրագրի արտասահմանյան ղեկավարն է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինասավորմամբ։ Ծրագրի հայաստանյան համաղեկավարն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Համո Սուքիասյանը։ Բենեդետտա Կոնտինն ուսումնասիրել է Պադովայի համալսարանի գրադարանում պահվող հայերեն գրքերը և առանձին գրքով (300 էջ) հրատարակել դրանց մատենագիտական ցանկը: Նա ներկայացրեց Պադովայի համալսարանի գրադարանի հավաքածուի ձևավորման պատմությունը, 17-19-րդ դարերում տպագրված մի շարք գրքեր՝ շեշտելով դրանց տպագրական առանձնահատկությունները, տառատեսակները, փորագրապատկերները ու զարդանախշերի բազմազանությունը։ Դոկտոր Կոնտինի կատարած ուսումնասիրությունը կարևոր ներդրում է հայկական մշակութային ժառանգության պահպանման և միջազգային գիտական միջավայրում դրա ճանաչելիության ամրապնդման գործում: Աշխատանքում ոչ միայն բացահայտվում է հայկական տպագրության պատմական ուղին Իտալիայում, այլև այն վկայում է հայկական և եվրոպական մշակութային կապերի խոր արմատների մասին: Միջոցառման ավարտին Բենեդետտա Կոնտինն իր գրքից օրինակներ նվիրեց ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանին: |