Новости
23/10/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառումը, որը կազմակերպել էր Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ ԳԱԱ նախագահության, Եվրոպական միության ներկայացուցիչներ, «Հորիզոն Եվրոպա» ծրագրի  շահառուներ, գիտնականներ, հետազոտողներ, ուսանողներ։ Միջոցառումը վարեց Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի տնօրեն Տիգրան Արզումանյանը։ 

Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Նա նշեց, որ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը մեծ հնարավորություն է հատկապես երիտասարդ գիտնականների համար իրականացնելու համաշխարհային մակարդակի հետազոտություններ։  Իր ելույթում Սարգիս Հայոցյանը շեշտեց, որ գիտության զարգացման ռազմավարությունը հիմնված է ԵՄ փաստաթղթերի և Եվրոպական հետազոտական տարածքի առաջնահերթությունների վրա։ 

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը կոչ արեց ակտիվորեն օգտվել ծրագրի հնարավորությունից, քանի որ այն ոչ միայն գիտության և նորարարության ծրագիր է, այլև մարդկանց միջև կապ ստեղծելու հարթակ։ «Սա հենց այն գաղափարն է, որի վրա հիմնված է ծրագիրը՝ կապեր ստեղծել մարդկանց, հաստատությունների միջև, համագործակցել և միասին կառուցել ապագան։ Կարծում եմ՝ պետք է լինել համարձակ և ամբողջությամբ օգտագործել Հայաստանի գիտական ներուժը՝ ի նպաստ ինչպես երկրի, այնպես էլ մեր ընդհանուր գործընկերության։ Հայաստանի նորարարական ներուժը ձեր ամենամեծ կարողությունն է։ Օգտագործեք այն՝ համագործակցելով եվրոպական գործընկերների հետ և ստեղծելով նոր գաղափարներ», - ասաց ԵՄ դեսպանը։ 

Եվրոպական հանձնաժողովի Հետազոտությունների և նորարարությունների գլխավոր տնօրինության Եվրոպական հարևանության քաղաքականության թիմի ղեկավար Սիլվիա Բոժինովան Հայաստանի ճանապարհը «Հորիզոն Եվրոպա» ծրագրում անվանեց «հաջողության պատմություն»։ «Դուք միացած եք աշխարհի ամենամեծ գիտահետազոտական և նորարարական ծրագրին՝ շուրջ 95 միլիարդ եվրո բյուջեով։ Սա բացառիկ հնարավորություն է փորձի և գիտելիքների փոխանակման համար։ Հայաստանը այս ծրագրին միացել է նաև նախորդ շրջանում՝ 2016-2020թթ․ և արդեն այսօր ստացել է ավելի քան 

ութ միլիոն եվրոյի ֆինանսավորում։ Ամենակարևորն այն է, որ դուք մաս եք կազմում առավել արտոնյալ երկրների ակումբին, որը համագործակցում է ԵՄ-ի հետ։ Սա հնարավորություն է ունենալու նոր հետազոտական և համագործակցային ծրագրեր արհեստական բանականության, առողջապահության, սննդի, կենսատնտեսության և կենսաբազմազանության ոլորտներում։ Ես ցանկանում եմ, որ հայ գիտնականները մնան Հայաստանում, բայց լինեն համատեղ ծրագրերի և գիտական ցանցերի մաս։ Դուք եվրոպական մեծ ընտանիքի մաս եք», - ասաց Սիլվիա Բոժինովան։

ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանը ևս կոչ արեց ակտիվ դիմել «Հորիզոն Եվրոպա» ծրագրին և օգտվել այդ մեծ հնարավորությունից։ «Ժամանակակից գիտությունը հնարավոր չէ իրականացնել մեկ երկրի սահմաններում։ Մենք պետք է խթանենք գիտությունից դեպի նորարարություն և արդյունաբերություն անցումը, որը «Հորիզոն Եվրոպա» ծրագրի հիմնական սկզբունքներից է։ Մեկ այլ կարևոր սկզբունք է միջգիտակարգային համագործակցությունը, ինչը ևս խրախուսվում է «Հորիզոն Եվրոպա» ծրագրով։ Այս ամենը մեզ տալիս է նոր հնարավորություններ, հատկապես հիմա, երբ մեր երկրում իրականացվում են գիտության ոլորտի մեծ բարեփոխումներ», - ասաց Արամ Պապոյանը։

Միջոցառման ժամանակ ներկայացվեցին Հայաստանի մասնակցությամբ հաջողված նախագծերը, «Հորիզոն Եվրոպա» ծրագրին, Նորարարական Եվրոպա ենթածրագրին մասնակցության հնարավորությունները:  

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
23.10.2025թ.