| ||||||||
Սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ, Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառում: Այն կազմակերպում է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ։ Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի աճող ներգրավվածությունը Եվրոպական հետազոտական տարածքին (ERA) և նրա ակտիվ մասնակցությունը Եվրամիության հետազոտությունների և նորարարության ոլորտում գլխավոր նախաձեռնությանը՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին:
Միջոցառումը բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների համար ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ Միջոցառման ժամանակ կներկայացվեն համագործակցության առկա իրավիճակը, Հայաստանի մասնակցությամբ հաջողված նախագծերը, Հայաստանի գիտանորարարական կազմակերպությունների և անհատ գիտնականների մասնակցության հնարավորությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրում և նրա եթածրագրերում՝ ներառյալ Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունները և նորարարությունների ենթածրագիրը: Առանձին նստաշրջան նվիրված կլինի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Նորարարական Եվրոպա» ենթածրագրին, որը նպատակ ունի խթանելու նորարարությունը և աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունները և սթարթափները բեկումնային նորարարությունների մշակման գործում։ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ. համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: |