Նորություններ
21/10/2025
«Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառում՝ ՀՀ ԳԱԱ-ում

Սույն թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ, Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 1-ին հարկ, նիստերի դահլիճ) տեղի կունենա Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառում: Այն կազմակերպում է Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ)՝ Եվրոպական հանձնաժողովի, ՀՀ ԳԱԱ-ի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն է ներկայացնել Հայաստանի աճող ներգրավվածությունը Եվրոպական հետազոտական տարածքին (ERA) և նրա ակտիվ մասնակցությունը Եվրամիության հետազոտությունների և նորարարության ոլորտում գլխավոր նախաձեռնությանը՝ «Հորիզոն Եվրոպա» ծրագրին: 

 

Միջոցառումը բացառիկ հնարավորություն է հայ գիտահետազոտական համայնքի ներկայացուցիչների համար ստանալ տեղեկատվություն և հետաքրքրող հարցերի պատասխանները Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներից։ 

Միջոցառման ժամանակ կներկայացվեն  համագործակցության առկա իրավիճակը, Հայաստանի մասնակցությամբ հաջողված նախագծերը, Հայաստանի գիտանորարարական կազմակերպությունների և անհատ գիտնականների մասնակցության հնարավորությունները «Հորիզոն Եվրոպա» ծրագրում և նրա եթածրագրերում՝ ներառյալ  Մարի Սկլոդովսկա-Կյուրի գործողությունները և նորարարությունների ենթածրագիրը: 

Առանձին նստաշրջան նվիրված կլինի «Հորիզոն Եվրոպա» ծրագրի «Նորարարական Եվրոպա» ենթածրագրին, որը նպատակ ունի խթանելու նորարարությունը և աջակցելու փոքր և միջին ձեռնարկությունները և սթարթափները բեկումնային նորարարությունների մշակման գործում։

ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է 2021-2027թթ. համար: Մոտ 95 միլիարդ եվրո ընդհանուր բյուջե ունեցող ծրագիրը համաշխարհային մակարդակով ամենածավալուն գիտահետազոտական ծրագիրն է, որը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն է: 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
21.10.2025թ.