| ||||||||
Սույն թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում կանցկացվի գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման լայնամասշտաբ «Գիտության շաբաթ․Հայաստան 2025» փառատոնը։ Փառատոնի այս տարվա կարգախոսն է «Զարգացնել գիտությամբ»։ Փառատոնի բացումը տեղի կունենա Ազատության հրապարակում՝ ժամը 15։00-ին։ Փառատոնը կհամախմբի ավելի քան 50,000 այցելու և ապակենտրոնացված միջոցառումներով կներգրավի շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում։ Միջոցառման սիրտը կլինի Ազատության հրապարակում անցկացվող Գիտության փառատոնը, որը 6 օր շարունակ կներկայացնի գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը։ Փառատոնին կմասնակցեն Հայաստանի պետական, ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչներ։
Փառատոնի հետ զուգահեռ հանրապետության բոլոր մարզերի դպրոցներում և մանկապարտեզներում, կանցկացվեն գիտական փորձեր, խաղեր, նախագծեր և ցուցադրություններ՝ նպատակ ունենալով գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության նկատմամբ հետաքրքրություն և սեր սերմանել վաղ տարիքից։ «Գիտության շաբաթ․Հայաստան 2025»-ը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը` Ամերիաբանկը: |