Новости
15/08/2025
ԵԳԱԾ-ը հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Գիտության հանրայնացման մրցույթ»։

Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ գիտնականների գործունեության և գիտության բոլոր բնագավառների հետազոտական արդյունքների հանրայնացումը, նպաստել հասարակության մեջ գիտության դերի և նշանակության վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ձևավորմանը և հանրության լայն շրջանակներին իրազեկմանը, գիտության հանրայնացման հանդեպ հետաքրքրության բարձրացմանն ու հանրայնացմամբ զբաղվող մասնագետների/լրագրողների շրջանակի ընդլայնմանը։

Մրցույթը վերաբերում է գիտության բոլոր բնագավառներին։ Նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել երկու ենթածրագրով։

Առաջին ենթածրագրով նախատեսվող միջոցառումների ուղղություններ են.

  • հասարակության մեջ երիտասարդ գիտնականների ճանաչմանն ու նրանց գործունեության վերաբերյալ հանրամատչելի նյութերի ձևավորմանն ուղղված նախագծեր,
  • գիտական հայտնագործությունների, ինչպես նաև գիտության տարբեր բնագավառների վերաբերյալ հանրամատչելի բովանդակության ստեղծմանն ուղղված նախագծեր (թարգմանչական նախագծեր, դասագրքեր, տեսաձայնային բովանդակություններ և այլն),
  • աշակերտների շրջանում գիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և գիտության տարբեր բնագավառների ծանոթացմանն ուղղված միջոցառումների իրականացում։

Այս ենթածրագրի յուրաքանչյուր նախագծի իրականացման համար ֆինանսավորման առավելագույն չափը կազմում է 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամ։ Հայտի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ սեպտեմբերի 8-ն է։

Առաջին ենթածրագրով մրցույթին կարող են դիմել ՀՀ-ում գիտական և/կամ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև առանձին մասնագետներ, մասնագետներից բաղկացած խմբեր` տարբեր կազմակերպություններից։ Հայտատուն և խմբի դեպքում նաև անդամները պետք է հանդիսանան ՀՀ-ում մշտապես բնակվողներ կամ ռեզիդենտներ։

Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել գիտական լրագրության և գիտության հանրայնացմանն առնչվող դասընթացների մասնակցության համար՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպություններում (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ)։ Նպատակն է զարգացնել և խորացնել լրագրողների գիտելիքներն ու հմտությունները գիտահանրամատչելի նյութերի ստեղծման և տարածման ոլորտում։

Այս ենթածրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել մինչև 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ ֆինանսավորում դասընթացների մասնակցության համար՝ ինչպես առկա, այնպես էլ առցանց մասնակցության ձևաչափով։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս. թ. հոկտեմբերի 31-ն է։

Այս ենթածրագրով թիրախավորվող միջոցառումների տևողությունը կարող է լինել 5-ից մինչև 60 օր։ Միջոցառումների մեկնարկի սկիզբը սահմանվում է 2026 թ. հունվարի 1-ը, իսկ ավարտը չպետք է գերազանցի 2026 թ. դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2025 թ. դեկտեմբերի 1-ը։ Այս ենթածրագրով մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործունեություն ծավալող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև լրագրության մասնագիտությամբ սովորող ուսանողներ՝ առնվազն չորրորդ կուրսի։ Հայտատուն պետք է հանդիսանա ՀՀ-ում մշտապես բնակվող կամ ռեզիդենտ։

Մրցույթի փաթեթը՝ այստեղ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15.08.2025թ.