Новости
15/07/2025
Մեկնարկում է «Ամառային գիտական դպրոց» ծրագիրը

Սույն թվականի հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում (ք. Աշտարակ) կմեկնարկի «Ամառային գիտական դպրոց» ծրագիրը, որին կմասնակցեն բարձր դասարանների և ավագ դպրոցի աշակերտներ:

«Ամառային գիտական դպրոցի» շրջանակներում մասնագիտական կողմնորոշման նպատակով աշակերտները կայցելեն ՀՀ ԳԱԱ մի շարք կազմակերպություններ, որտեղ կծանոթանան գիտական արդյունքներին, կլսեն գիտության արդիական ուղղությունների մասին, կկատարեն գիտափորձեր:

Աշակերտները կմասնակցեն ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պեղումներին, կայցելեն ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն։

«Ամառային գիտական դպրոց» ծրագիրն իրականացնում են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը:

Լրագրողների տեղափոխման համար նախատեսված է տրանսպորտ (խնդրում ենք նախապես ուղարկել Ձեր տվյալները sofi.atshemyan@sci.am էլ. հասցեին): 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին
15.07.2025թ․