Հոկտեմբերի 10-ին ՀՀ Գիտությունների  ազգային ակադեմիան` ի դեմս ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի,  և  «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը` ի դեմս  միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի, ստորագրեցին  փոխըմբռնման հուշագիր:

    Հուշագրի նպատակն է ապահովել համագործակություն ՀՀ ԳԱԱ-ի և դպրոցների  միջև, աջակցել գիտական մտքի զարգացմանը դպրոցներում, նպաստել գիտության և  կրթության ոլորտում համագործակցության նոր դաշտի ձևավորմանը:    
    Հուշագիրն ուղղված է Հայաստանի կրթական որակի բարելավմանը, կրթական  ծրագրերի մշակմանը, նորարարությունների ներդրմանը, դպրոցի դերի, մանկավարժի  դերի բարձրացմանը և մասնագիտական կատարելագործմանը: 
   «Մենք շատ  շահագրգռված ենք` նպաստելու մեր հանրակրթության զարգացմանը: Ակադեմիայի  համակարգում գրեթե բոլոր ուղղություններով ունենք գիտահետազոտական  ինստիտուտներ, լաբորատորիաներ, կենտրոններ: Աշակերտները կարող են այցելել  այդ ինստիտուտներ, հանդիպել գիտաշախատողների հետ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:

    Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Նորարարությունը սկսվում է դպրոցից»  թեմայով Հայաստանի 24 դպրոցների աշակերտների գիտական և ստեղծագործական  աշխատանքների մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը և մրցանակաբաշխությունը:   «Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է մի մրցույթ, որտեղ փորձում ենք  աշակերտների նորարական միտքը զարգացնել, ստեղծագործական մտածողությունը  խթանել և դրան մասնակից դարձնել նաև գիտության ոլորտի  ներկայացուցիչներին»,- ասաց Ռուզաննա Մուրադյանը:

    ՀՀ ԳԱԱ-ն մրցանակաբաշխության արդյունքում առաջին մրցանակը շնորհեց Երևանի  պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցին`«Wi-Fi սարքերի  արձակած ճառագայթների ազդեցությունը սնկերի աճի վրա» աշխատանքի համար:  Երկրորդ մրցանակը շնորհվեց Սյունիքի մարզի Կապանի թիվ 2-րդ ավագ դպրոցին`  «Համակարգիչների ազդեցությունը մարդու առողջության վրա» աշխատության համար:  ՀՀ ԳԱԱ կողմից երրորդ մրցանակը հանձնվեց  «Տիեզերքում սառցաբեկորների  անկման շարժմանը» նվիրված աշխատանքի համար թիվ 87 միջնակարգ դպրոցին և  Քվանտ վարժարանին: Չորրորդ խրախուսական մրցանակը ՀՀ ԳԱԱ-ն շնորհեց  «Նկարահանող ռոբոտ» աշխատանքի համար Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125  դպրոցին:
   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   11.10.2017թ.