| ||||||||
Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել է ժայռարվեստում և հայոց մշակույթի հարակից ոլորտներում պահպանված հնագույն պատկերացումները։
Այս աշխատությունը Կարեն Թոխաթյանի շուրջ 40 տարվա ուսումնասիրությունների արդյունք է։ Հեղինակը նշում է՝ ժայռապատկերները պատմամշակութային իրականության բացահայտման հավաստի սկզբնաղբյուր են և ունեն գիտաճանաչողական մեծ նշանակություն․ «Հայաստանում հնուց ի վեր ծագած ժայռագրությունը, հարատևելով որպես հաղորդակցության միջոց, ապահովել է սերունդների կապը, կենսափորձի, մտածելակերպի և մշակույթի անխզելիությունը, ուրույն պատկերագրությամբ փոխանցել անցյալի խորհուրդը»: Գրքի փաստագրական հիմքում հինգ բնույթի սկզբնաղբյուրներ են
Կարեն Թոխաթյանը ժայռապատկերները հիմնականում ուսումնասիրել է տեղում։ Աշխատության մեջ դիտարկվել է Հայաստանում արդեն հայտնաբերված և 1986-2025 թթ. իր գրանցած՝ լուսանկարած ու ճշգրիտ տեղորոշած շուրջ 6000 նոր գտնված ժայռապատկեր․ Գեղամա լեռներում՝ 3500, Արագածում՝ 1000, Թեքսարում՝ 750, Սյունիքի ու Քարվաճառի լեռներում՝ 500, և մոտ 250 ժայռապատկեր ու վերապրուկ՝ հարթավայրային ցածրադիր մասերում։ Քննության է առնվել գրեթե 90 բնակելի, պաշտպանական, ծիսապաշտամունքային, ոռոգման և երկնադիտական կառուցվածք, քարակոթող, որսադարան, քարհանք և այլ միավորներ: Հնագիտական ու ճարտարապետական, լեզվական ու մատենագրական, հնաստղագիտական ու տոմարական, բանահյուսական ու ազգագրական նոր նյութերի ներառման, արդիական մոտեցումների կիրառման շնորհիվ մի շարք էական աղերսներ են բացահայտվել ժայռարվեստի և պատմամշակութային մյուս ոլորտների միջև, մեկնաբանվել դրանց իմաստաբանական ու ծագումնաբանական կապերը և ձևավորման նախադրյալները:
Մշակվել և գիտական շրջանառության են դրվել ժայռապատկերի բացարձակ թվագրման աստղագիտական եղանակներ: Առաջինի օգնությամբ հասակագրվել է 10 աստղաքարտեզ (4600 ± 200 տարի): Համեմատական նյութի ներառմամբ ցույց են տրված ժայռապատկերների և հայ մշակույթի հարակից ոլորտների իմաստաբանական աղերսները, որով վկայվում է դրանց արարողների էթնոմշակութային միասնականությունը և հայ ժողովրդի՝ իր բնօրրանում հարակայությունը: Տիեզերաբանական բովանդակության ժայռապատկերների և հնաստղագիտական կառուցվածքների վերլուծությամբ լուսաբանված են կոթողների թվագրման և օրացույցի սկզբնավորման հիմնահարցեր:
Ժայռապատկերները դիտարկված են հնադարյան պաշտամունքի, արվեստի և գիտության ձևավորման խնդիրների ծիրում` ներառյալ միջնադարյան հայ իմաստասիրական մտքի նվաճումները: Աշխատության մեջ սահմանված են «Ժայռապատկերաբանություն» գիտաճյուղի հիմունքները: Գիրքը նախատեսված է պատմագիտության, հնագիտության և ազգագրության, աստղագիտության և տոմարի, գրի, բնական գիտությունների պատմության, ինչպես և այլ ոլորտների մասնագետների և հնագույն մշակույթով հետաքրքրվողների համար: «Հայաստանի ժայռապատկերները» գիրքը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում՝ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի օժանդակությամբ։ |