| ||||||||
Ազդեցության բարձր գործակից ունեցող «История, археология и этнография Кавказа» (Scopus Q1) ամսագրում հրապարկվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Հմայակյանի և նույն ինստիտուտի նախկին հայցորդ Մոնիկա Միրզոյանի հեղինակային «Առյուծների և ընձառյուծների պատկերագրության շուրջ Քարաշամբի գավաթի վրա» ("On the Iconography of Lions and Leopard on the Goblet of Karashamb")(No 20, 3, 2024, 354–366) հոդվածը։ Հոդվածում առաջին անգամ Խեթական տերության գրավոր սեպագիր աղբյուրներում պահպանված նյութերի համատեքստում վերլուծվել են Հայաստանի պատմության թանգարանում պահվող Ք․ա 22-21-րդ դարերի վաղեմության Քարաշամբի գավաթի պատկերագրության որոշ դրվագներ։ Գավաթի գեղազարդման առանձնահատկություններին անդրադարձած տարբեր հետազոտողներ եզրակացրել են, որ Քարաշամբի գավաթի պատկերագրության մեջ կարելի է դիտարկել միջագետքյան, փոքրասիական և հարավկովկասյան պատկերագրության ոճական առանձնահատկություններ: Հրապարակված հոդվածում ուսումնասիրվել են Քարաշամբի գավաթի վրա առյուծների և ընձառյուծների պատկերները՝ մատնանշելով դրանց հնարավոր զուգահեռները Փոքր Ասիայի մշակույթային ավանդույթների հետ՝ հատկապես դիտարկելով վերջիններս խեթական գրավոր աղբյուրներում պահպանված նյութերի համատեքստում: Քարաշամբի արծաթե գավաթը հայտնաբերվել է 1987թ․՝ Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղում, միջին բրոնզեդարյան իշխանական մի դամբարանից կատարած հերթական պեղումների ժամանակ: Այն հայտնաբերվել է «արքայական» դամբարանում թաղման հարուստ գույքի հետ միասին և վկայում է Ք․ա․ 22-21-րդ դարերում տեղաբնիկների մետաղի մշակման և կիրառական արվեստում ունեցած բացառիկ առաջընթացի մասին։ Գավաթի առկայությունն ապացուցում է, որ տարածաշրջանը լուրջ արտադրական և մշակութային կենտրոն է եղել և սերտ կապեր է ունեցել խեթական աշխարհի և Միջագետքի կենտրոնների հետ։ |