Երիտասարդ գիտնականի ամբիոն
Կորյուն Հակոբյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

«Երևան» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի բժիշկ Կորյուն Հակոբյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։

Կորյուն Հակոբյանի ներկայացրած աշխատանքը բացառիկ է նրանով, որ տպագրվել է «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին «թոփ» հինգ ամսագրերից մեկում՝ «Journal of Cranio-Maxillofacial Surgery»-ում, որը գանգ-դիմածնոտային վիրաբուժության Եվրոպական ասոցիացիայի պաշտոնական պարբերականն է։ Տպագրվել է «The efficacy of mylohyoid muscle flap use in surgical treatment of «krokodil» drug-related osteonecrosis of the mandible» («Ծնոտկորճային մկանային լաթի կիրառման արդյունավետությունը «կրոկոդիլ» թմրանյութի օգտագործմամբ պայմանավորված ստորին ծնոտի օստեոնեկրոզի վիրահատական բուժման ժամանակ») հոդվածը։ shorturl.at/cwZ34 Հոդվածի համահեղինակն է դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Պողոսյանը։ 

Ո՞րն է Ձեր աշխատանքի նորույթը, կարևորությունն ու արդիականությունը:

- Հայաստանում, ինչպես այլ հետխորհրդային երկրներում, լայն տարածում ունի ինքնաշեն «krokodil» թմրանյութը, որը հենց թմրամոլներն են սինթեզում։ Օգտագործում են կոդեին պարունակող ցավազրկողներ, յոդ, թթուներ, ֆոսֆոր՝ լուցկու տուփերից և բենզին։ Որպես բարդություն այս հիվանդների մոտ զարգանում է ծնոտների օստեոնեկրոզ (ոսկորը փտում է)։ Հիվանդությունը դժվար է ենթարկվում բուժման, հաճախ են ռեցիդիվները (կրկնությունները)։ Ստորին ծնոտի ախտահարման ժամանակ մեր կողմից առաջարկվել է եզրային ռեզեկցիաների (մասնահատումների) դեպքում վերքը փակել երկու շերտով։ Նախկինում փակում էինք մեկ շերտով՝ լորձաթաղանթ վերնոսկրային լաթով և ունեինք մեծ թվով ռեցիդիվներ։ Որպես երկրորդ շերտ օգտագործելով ծնոտկորճային մկանը նվազագույնի հասցվեց ռեցիդիվների հաճախականությունը, ինչը թույլ տվեց խուսափել հիվանդության բարդացումից, որի դեպքում հաճախ իրականացվում է ծնոտի սեգմենտային ռեզեկցիա, ինչը հանգեցնում էր հիվանդի հաշմանդամությանը։  

Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: 

- Իմ ոլորտը տարբերվում է այլ ոլորտներից, քանի որ ես մասնագիտությամբ պրակտիկ բժիշկ եմ, և իմ գիտական գործունեությունն ուղղակի կապված է իմ մասնագիտական գործունեության հետ։ Պրակտիկ բժշկության մեջ գիտությամբ զբաղվելու համար նախ մասնագետը պետք է կարողանա նոր բան առաջարկել և ունենա հնարավորություններ իրականացնելու այն։ Անհրաժեշտ է կրթել զարգացած երկրների պահանջներին համապատասխան բժիշկներ և ունենալ ժամանակակից բժշկական համակարգ, որպեսզի իրականացվեն բարձր որակի հետազոտություններ, որոնք կարժանանան արտասահմանյան մասնագետների ուշադրությանը։ 

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը։

- Ծնունդով Գյումրիից եմ։ Իմ ընտանիքում բոլորը բժիշկներ են։ Մանկուց էի որոշել բժիշկ դառնալ։ Սովորել եմ Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, անցել եմ կլինիկական օրդինատուրա՝ դիմածնոտային վիրաբուժություն մասնագիտությամբ, իսկ 2013 թվականից ԵՊԲՀ-ի դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի հայցորդ եմ։ Ունեմ 20-ից ավելի տպագրված գիտական հոդված, որոնցից 6-ը՝ «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում: 

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում, ինչպե՞ս եք գնահատում պետության աջակցությունը: 

- Ամենամեծ դժվարությունը, ըստ իս, ֆինանսավորումն է։ Անհրաժեշտ է բազմապատկել նմանատիպ ծրագրերի քանակը։ Դրանք կխրախուսեն երիտասարդներին ավելի որակյալ գիտական աշխատանք իրականացնել, արդյունքները տպագրել բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում։ Պետության աջակցությունն ակնհայտ մեծանում է, սակայն դեռ բավարար չէ։ 

Ի՞նչ ակնկալիքներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման հետ կապված։

- Postdoc-ի ներդրման դրական կողմը լինելու է մեր երկրում գործող համակարգի համապատասխանեցումն արևմտյան երկրների համակարգերին։ Թեպետ, ըստ իս, ներկայում գործող գիտությունների դոկտոր հասկացությունն ավելի բարձր աստիճան է։

Ինչպե՞ս եք գնահատում «Գիտուժ»-ի և այլ գիտական նախաձեռնությունների գործունեությունը։ 

- Գիտական նախաձեռնությունները, մասնավորապես «Գիտուժ»-ը, խրախուսում են երիտասարդ գիտնականների գործունեությունը, ինչը շատ կարևոր է մեր երկրի համար։ Հաշվի առնելով գիտության զարգացման տեմպերը և մեր երկրում գիտնականների միջին տարիքը՝ մեր գիտական համայնքն արագ սերնդափոխության կարիք ունի։

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Կյանքի տարբեր փուլերում ունեցել եմ տարբեր նախասիրություններ։ Սիրել եմ ֆիլմեր դիտել։ Հիմա հետաքրքրված եմ նումիզմատիկայով՝ դրամագիտությամբ։ Ունեմ մետաղադրամների համեստ հավաքածու։

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։

- Շրջադարձային մեթոդի ներդրում բժշկության մեջ։

Մոնիկա Երիցյան