Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մարտին Հարությունյան

ԵԳԱԾ-ի «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի Սփյուռքահայ արվեստի և միջազգային կապերի բաժնի ավագ գիտաշխատող Մարտին Հարությունյանը «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի» շահառուներից է։ 

Մարտին Հարությունյանն արվեստագիտության թեկնածու է, դոցենտ, Հայաստանի նկարիչների միության անդամ։ Մրցույթին մասնակցել է «Հայագիտության և հումանիտար գիտությունների, հասարակական գիտությունների բնագավառներում (Գիտության կոմիտեի ցանկի 5-րդ և 6-րդ բաժիններում ընդգրկված մասնագիտություններով) ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկերում ընդգրկված ամսագրերում տպագրված անգլալեզու գիտական հոդվածների համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով։

Ներկայացրել է երկու հոդված՝ «Architecture-Design Problems and improvements of gardens/parks in Armenia» («Հայաստանի այգիների ճարտարապետադիզայներական խնդիրներն ու դրանց բարելավման հնարավորությունները») և «Design Development Stages in Armenia» (Դիզայնի զարգացման փուլերը Հայաստանում): Հոդվածները տպագրվել են 2021-2022 թվականներին՝ «Արվեստագիտական հանդես»-ում։ 

Ո՞րն է Ձեր աշխատանքների գիտական նորույթը, կարևորությունն ու արդիականությունը: 

- Առաջին հոդվածի գիտական նորույթն այն է, որ նորանկախ Հայաստանում, ինչպես նաև դրանից առաջ, երբեք չեն ուսումնասիրվել դիզայնի զարգացման փուլերը, չի իրականացվել զարգացման փուլերի բաժանում ըստ տարիների։ Նյութը կարող է սկզբնական հետազոտական հիմք ծառայել հետագայում այն զարգացնելու համար նաև հարակից այլ ոլորտներում, օրինակ՝ ճարտարապետական դիզայն, գրաֆիկական դիզայն, դեկորատիվ կիրառական արվեստ, քանի որ նշված ոլորտները նույնպես ըստ զարգացման փուլերի դեռ ուսումնասիրված չեն։ 

Երկրորդ հոդվածն ունի կիրառական նշանակություն։ Թեման լիովին ուսումնասիրելուց հետո արդյունքները ներկայացնելու եմ Երևանի քաղաքապետարան։ Դրանք հետագայում հնարավոր կլինի կիրառել Երևանի այգիների ճարտարապետադիզայներական խնդիրներն ուսումնասիրելու, քննարկելու և արդյունքները փոփոխության տեսքով կյանքի կոչելու նպատակով։ Ներկայում շարունակում եմ թեմաների ավելի խորացված ուսումնասիրությունները։

Ի՞նչ նշանակություն ունեն նմանատիպ ծրագրերը երիտասարդ գիտնականների համար: 

- Նմանատիպ ծրագրերը խթանում են երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, ակտիվացնում և կյանքի են կոչում երիտասարդների գիտական մտքերը, տալիս են ֆինանսական հնարավորություններ կատարելու մի շարք մասնագիտական այլ ծրագրեր՝ լեզուների ուսումնասիրություն, գիտաժողովներին մասնակցություն, մասնագիտական որակի բարձրացում, ճամփորդություն և այլն։

Ի՞նչ քայլեր է պետք անել Ձեր ոլորտում հետազոտությունների միջազգայնացման ուղղությամբ: 

- Միջազգային համագործակցությունը կարող է մեծ կապեր ստեղծել ոչ միայն գիտական խմբեր ստեղծելու, գիտական թիմային հետազոտություններ իրականացնելու, այլև հեշտացնելու և ազատ մուտք ունենալու գիտական ամսագրերում տպագրվելու համար։ Անհրաժեշտ եմ համարում նաև երիտասարդներին տալ ավելի շատ հնարավորություններ գիտական միջոցառումներին մասնակցելու, հանդես գալու զեկուցումներով, քանի որ դրանք նույնպես նպաստում են այս ոլորտի միջազգայնացմանը։ Օրինակ, 2022 թվականի սեպտեմբերին Իտալիայի Տուրին քաղաքում մասնակցեցի ճարտարապետական միջազգային կոնգրեսի, որտեղ հանդես եկա զեկուցումով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի, մասնավորապես Ստեփանակերտի ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու ներկա վիճակին։ Երկու հետազոտող Իտալիայից մեծ հետաքրքրվածություն ցուցաբերեցին և ցանկություն հայտնեցին կատարելու ավելի խորն ուսումնասիրություններ այս խնդրի վերաբերյալ։ Արվեստի ինստիտուտում ևս կազմակերպվում են մի շարք միջազգային գիտաժողովներ։ Իսկ «Արվեստագիտական հանդես»-ն ամիս առ ամիս ընդգրկում է տարբեր երկրների գիտնականների հոդվածները, և հուսով եմ, որ ապագայում կընդգրկվի մի շարք շտեմարաններում։

Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը, որքանո՞վ է այն արդիական 21-րդ դարում։ 

- Մասնագիտությունս ընտրել եմ դեռ դպրոցական հասակում, երբ հաճախում էի արվեստի դպրոց, որտեղ ուսումնասիրում էի արվեստի մի շարք ճյուղեր՝ գունատեսություն, գունանկար, գծանկար, գծագրություն և այլն։ Այս ոլորտներում այնքան մեծ էր սերս և հետաքրքրվածությունս, որ դպրոցական առարկաներից ավելի շատ սկսեցի զբաղվել այս ճյուղերով և որոշում կայացրի, որ պետք է շարունակեմ բարձրագույն կրթությունը  հենց արվեստի ուղղությամբ։ Սովորել եմ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի բաժնում՝ բակալավր և մագիստրատուրա, այնուհետև ասպիրանտուրա՝ կերպարվեստ, դեկորատիվ կիրառական արվեստ և դիզայն մասնագիտությամբ։ Իմ առաջին մասնագիտությունն եմ համարում դիզայնը։ Համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես գրաֆիկ դիզայներ։ Այն շատ հոգեհարազատ է ինձ, անընդհատ սովորելու ու գիտելիքները խորացնելու ցանկություն կա, իսկ այդ մասնագիտությունը 21-րդ դարի ակտիվ զարգացող մասնագիտություններից է։ 

Երկրորդ մասնագիտությունս է արվեստաբանությունը։ Ուսումնասիրություններ եմ կատարում՝ գիտականորեն ներառելով նաև տեսական դիզայնի և ճարտարապետության հետազոտությունները։ Արվեստաբանությունը նույնպես մերօրյա կյանքում ակտիվ զարգացող մասնագիտություն է, տարեցտարի ընդլայնվում է, քանի որ այս ոլորտն աճում, զարգանում և ճյուղավորվում է։ 

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ: 

- 2017-2019 թվականներին Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագիրը, որով զբաղվել եմ շուրջ 2-3 տարի և որի արդյունքները ներկայացրել եմ Երևանի քաղաքապետարան։ Դրանց զգալի մասը կյանքի է կոչվել, ինչն էլ համարում եմ վերջին տարիների ամենակարևոր գիտական արդյունքը։ Թեման վերաբերում էր Երևանի փողոցների դիզայն միջավայրին ու դրա բարելավման հնարավորություններին։ Գլխավոր փողոցների շենքերի ճակատների գունային թարմացում, փողոցների սուր անկյունների լծորդում, լուսացույցների անկյունային հատվածներից դեպի փողոցների վերևի հատվածներ տեղափոխում, մեծ գովազդային վահանակների ապամոնտաժում, մշակութային շինություններին մոտ գտնվող վառ լուսային գովազդների ապամոնտաժում, տգեղ և հակաէսթետիկ գովազդային ցուցանակների ապամոնտաժում գլխավոր փողոցների բիզնես կառույցներից և նմանատիպ մի շարք առաջարկներ հաշվի են առնվել Երևանի քաղաքապետի կողմից և կյանքի են կոչվել։ Կարևոր գիտական արդյունք կարող եմ համարել նաև թեկնածուական ատենախոսությունս, որի գիտական նորույթը ՀՀ դիտադահլիճային շինությունների ցուցակագրումն էր և դրանց արդիականացումը, ինչը երբևէ չի արվել թե՛ խորհրդային, թե՛ նորանկախ Հայաստանում։

Քանի՞ հրապարակումներ ունեք, այդ թվում՝ արտասահմանյան ամսագրերում։

- Ունեմ 26 գիտական հրապարակում, որից 8-ը՝ արտասահմանյան։ Հոդվածներիցս մեկը ներառված է «Scopus» գիտատեղեկատվական շտեմարանի ամսագրերում:

Ի՞նչ դժվարությունների հետ է բախվում երիտասարդ գիտնականը Հայաստանում և ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդը զբաղվի գիտությամբ: 

- Դեպքերն ըստ յուրաքանչյուր երիտասարդի կարող են տարբեր լինել։ Սակայն վերջին տարիներին ստեղծվել են մի շարք պայմաններ, որոնք գրավիչ են երիտասարդներին դեպի գիտություն բերելու համար՝ աշխատավարձերի բարձրացում, բազմաթիվ գիտական և ֆինանսական մրցույթներ, գործուղումներ։ Սակայն երիտասարդ գիտնականների համար կան դժվարություններ՝ կապված արտասահման մեկնելու հետ։ Բազմաթիվ դեպքերի ականատես եմ եղել, երբ գիտնականը զրկվել է որևէ երկիր մեկնելու հնարավորությունից վիզա չունենալու կամ այն ստանալու գրեթե անհնարինության պատճառով։ Օրինակ, բազմաթիվ երկրների դեսպանատներ մուտք գործելու համար անհրաժեշտ է լինում 5-6 ամիս առաջ գրանցվել։ Անհրաժեշտ եմ համարում, որպեսզի պետական մակարդակով լուծվի այս հարցը, գիտնականներին տրվեն վիզա ստանալու դյուրին տարբերակներ։

Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից գիտնականը։ 

- Թե՛ մի շատ երկրներում, թե՛ Հայաստանում գիտնականի մասնագիտական զարգացման գործում մեծ դեր է ունենում կրթության և մասնավոր ոլորտներում ներգրավվածությունը։ Ինքս դասավանդել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, Աբովյանի պետական քոլեջում։ Ըստ իս՝ պարտադիր պայման է օտար լեզուների տիրապետումը։

Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք Դուք:

- Կարծում եմ՝ շատ լավ գաղափար է, սակայն գաղափարն ինքնին թերի է այս պահին, քանի որ պարզ չէ, թե ինչպիսի գիտական աստիճան կստանա գիտնականը կամ որ հաստատությունում այն պետք է իրականացնի, արդյոք այն կֆինանսավորվի, թե՝ ոչ։ Այս պահին ավելի նպատակահարմար եմ համարում գիտական աստիճան ունեցող երիտասարդների այդ ծրագրով արտասահմանում վերապատրաստվելը, քանի որ մի շարք երկրներում (PostDoc) համակարգը բավականին զարգացած և կայացած է։

Ինչո՞վ եք զբաղվում աշխատանքից դուրս, ի՞նչ նախասիրություններ ունեք։ 

- Աշխատանքից զատ ժամանակս նվիրում եմ ընտանիքիս և երեխաներիս, նրանց հետ ճամփորդելուն, նաև ցուցահանդեսներին, արվեստի միջոցառումներին մասնակցելուն։ Դրանք ինձ տալիս են գիտելիքներ, որոնք հետագայում  կիրառում եմ մասնագիտական գործունեության նախագծերում։

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Ավելի շատ կարդում եմ մասնագիտական գրականություն, ինչպես նաև մեր ոլորտին առնչվող թեկնածուական ատենախոսություններ։ Նաև սիրում եմ ֆիլմեր դիտել, հատկապես սարսափ և թրիլլեր ժանրերի։

Ի՞նչն է Ձեզ համար ամենակարևորը կյանքում և գիտության մեջ։ 

- Կյանքում՝ ընտանիքս, գիտության մեջ՝ նվիրվածությունն ու միշտ գործելու ցանկությունը։

Ո՞րն է Ձեր գիտական երազանքը։ 

- Անձնական գիտական հեռահար երազանքներ չունեմ։ Դրանք հիմնականում կարճաժամկետ են լինում, փորձում եմ փուլ առ փուլ առաջ գնալ, ինչը մինչև հիմա ստացվել է։ Իսկ գլոբալ առումով երազում եմ ունենանք այնպիսի գիտական միջավայր, գիտական ու կրթական հաստատություններ, ինչը կմեծացնի առաջատար երկրներից ուսանողների հոսքը։

Մոնիկա Երիցյան