Трибуна молодого ученого
Հարություն Գյուլասարյան

ԵԳԱԾ-ի «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթ»-ի շահառու

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Հարություն Գյուլասարյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող միանգամից երկու մրցույթի շահառու՝ «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթի» և «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման մրցույթի»:

Շնորհավորում ենք Ձեզ երկու մրցույթի արդյունքներով շահառու ճանաչվելու կապակցությամբ: Սկսենք «Գիտական սարքերի և նյութերի ձեռքբերման մրցույթից»: Ի՞նչ հետազոտություն եք իրականացնելու:

- Մեր ինստիտուտի Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայում առկա են սարքավորումներ, որոնցով չափումներ իրականացնելու համար անհրաժեշտ է մի քանի միլիգրամ նյութ։ ԵԳԱԾ-ի տրամադրած դրամաշնորհով նախատեսվում է ձեռք բերել 0․01 միլիգրամ ճշգրտությամբ անալիտիկ կշեռք, որը կբարձրացնի չափումների ճշտությունը։ Ստացված արդյունքներն օգտագործվելու են քաղցկեղային բջիջների մագնիսական գերտաքացման ուսումնասիրություններում, ինչպես նաև իմ թեկնածուական թեզի գիտական հետազոտություններում։ Այս ծրագիրը ևս մի հնարավորություն է լաբորատորիայի զարգացման և արդյունքների բարելավման ուղղությամբ։

Բացի Ձեզանից, ովքե՞ր են ներգրավված ձեր գիտական թեմայում, կա՞ համագործակցություն այլ գիտական կառույցների հետ: 

- Իմ գիտական ղեկավարը Պինդ մարմնի ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Արամ Մանուկյանն է։ Հետազոտություններում ներգրավված են ասպիրանտ Գայանե Չիլինգարյանը և ինժեներ Վարդգես Ավագյանը։ Գիտական գործունեությունը դժվար է պատկերացնել առանց համագործակցության և փորձի փոխանակման։ Համագործակցում ենք Սալոնիկի Արիստոտելի համալսարանի պրոֆեսոր Մակիս Անգելակերիսի և Գերմանիայի Դույսբուրգ-Էսսեն համալսարանի պրոֆեսոր Միքայել Ֆառլեի հետ։

Անդրադառնանք «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականների խրախուսման մրցույթին»: Ի՞նչ աշխատանք եք ներկայացրել: 

- Ներկայացրել եմ «Structure and Magnetism of Few-Layer Nanographene Clusters in Carbon Microspheres» հոդվածը, որը տպագրվել է համահեղինակների մասնակցությամբ ԱՄՆ-ից և ՌԴ-ից։ Մրցույթում շահառու եմ ճանաչվել «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ըստ տվյալ կատեգորիայի ամսագրերի դասակարգման առաջին (Q1) քառորդի առաջին հինգ ամսագրերում տպագրած հոդվածի համար դրամաշնորհի տրամադրում» ենթածրագրով:

Աշխատանքը նվիրված է սենյակա-ջերմաստիճանային ֆեռոմագնիսական բարակ նանոգրաֆենային կլաստերներից բաղկացած ածխածնային միկրո- և նանոսֆերաների սինթեզման, ինչպես նաև  կառուցվածքային և մագնիսական բնութագրերի որոշմանը։ Որպես սինթեզի մեթոդ օգտագործվել է օրգանական միացությունների պինդ-ֆազային պիրոլիզի մեթոդը։ Փոփոխելով գրաֆենային կլաստերների մեջ խառնուկային ազոտի ատոմների և ածխածնային շերտերի զիգզագ տիպի եզրային վիճակների քանակությունը՝ որոշվել է դրանց կախումը պիրոլիզի պարամետրերից և ազդեցությունը մագնիսական բնութագրերի վրա։

Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել գիտությամբ: Որքանո՞վ է արդիական Ձեր մասնագիտությունը 21-րդ դարում։

- Գիտությունը կարող է տալ գրեթե բոլոր «‎ինչու»-ների պատասխանը։ Զբաղվում եմ ածխածնային նանոխողովակների և մետաղ-ածխածնային նանոկոմպոզիտների սինթեզով և ուսումնասիրությամբ։ Նմանատիպ ածխածնային կառուցվածքները մեծ պահանջարկ ունեն տեխնոլոգիական արդյունաբերության մեջ՝ այդ թվում ռազմական և բժշկական, ինչը պայմանավորված է դրանց ֆիզիկա-քիմիական առանձնահատկություններով: Ունեմ 13 հրապարակում գիտական ամսագրերում, որոնց թվում են «IEEE Transactions on Magnetics, Journal of Magnetism and Magnetic Materials», «Journal of Nanoparticle Research, The Journal of Physical Chemistry C» և մոտ 16 հրապարակում գիտաժողովների մասնակցությունից։

Ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդը զբաղվի գիտությամբ: 

- Շատ կարևոր է պետության աջակցությունը դրամաշնորհների, լաբորատորիաների վերակառուցման և սարքավորումներով վերազինման  տեսքով։ Ժամանակակից լաբորատորիաներում ժամանակակից ուղղություններով աշխատելը մոտիվացիա է երիտասարդ գիտնականի համար: 

Հայաստանում գիտության զարգացման համար ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները: 

- Ինձ համար ողջունելի է «Գիտուժ»-ի գործունեությունը։ Հայաստանում գիտության զարգացման համար գիտական նախաձեռնություններից բացի կարևոր են նաև կրթության ոլորտում բարեփոխումները:
Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Չեմ ընդունում «չեմ կարողանում» արտահայտությունը։

Ի՞նչ գրքեր եք կարդում: 

- Վերջինը, որ կարդացել եմ, Ալեքսանդր Զվյագինցևի «До встречи в Лондоне» վիպակն է։

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում: 

- Դրեք նպատակներ, զինվեք համբերությամբ և արեք քայլեր նպատակին հասնելու համար։

Մոնիկա Երիցյան