Трибуна молодого ученого
Աննա Զաքոյան

ԵԳԱԾ-ի «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» հաղթող

Ամփոփվել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) շրջանակներում իրականացվող «Երիտասարդ գիտնականների վերապատրաստման ծրագրի» մրցույթի արդյունքները: ԵԳԱԾ մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից ընտրվել և ֆինանսավորման է երաշխավորվել 15 հայտ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնում է հարցազրույցների շարք մրցույթի հաղթող երիտասարդ գիտնականների հետ:

Մեր զրուցակիցը ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի և «‎Հայկենսատեխնոլոգիա»‎ գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Աննա Զաքոյանն է: Աննան 10 հոդվածի համահեղինակ է, որոնցից 5-ը՝ «Scopus» գիտական շտեմարանի ամսագրերում:

Զբաղվում է ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայում կիրառվելիք նոր կոմպլեքսների ստացմամբ:

Ո՞րն է եղել Ձեր մոտիվացիան, որը ներկայացրել եք մրցույթի հայտում: Ո՞ր գիտական կենտրոնը և ի՞նչ թեմա եք ընտրել:

- Իմ մոտիվացիոն նամակի և ծրագրի հիմքում դրված էր մեր լաբորատորիայում ստացված սպիտակուց-պորֆիրին նանոկառուցվածքների ուսումնասիրությունը և դրանց հակաուռուցքային հատկությունների բարելավումը, ինչպես նաև արդի տեխնիկայով հագեցած Սարատովի գիտահետազոտական կենտրոնում ուսումնասիրություններ կատարելը: Ես կարևորում եմ այլ երկրների առաջատար գիտնականների հետ փորձի փոխանակումը, ինչը հնարավորություն է տալիս սովորել նոր մեթոդներ և կիրառել դրանք մեր երկրում: Մրցույթին ներկայացրել եմ «‎Միկրոօրգանիզմների և ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայի համար սպիտակուց-պորֆիրին նոր կոմպլեքսներ» թեման: Ակնկալում եմ ընտրել լավագույն հատկություններ ունեցող սպիտակուց-պորֆիրին կոմպլեքսը, որի հիման վրա ստացված դեղամիջոցը հետագայում հնարավոր կլինի փորձարկել ՀՀ ուռուցքաբանական կլինիկաներում:

Հրավիրող կողմը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Օպտիկայի և բիոֆոտոնիկայի գիտակրթական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վալերի Տուչինն է: Պրոֆեսոր Տուչինին դիմած նամակում ներկայացրել էի Հայաստանում ստացած կոմպլեքսների հետագա հետազոտությունների ամբողջական ծրագիրը:

Միջազգային ո՞ր գիտական կենտրոնների հետ եք համագործակցում:

- Աշխատանքի բերումով համագործակցում եմ նաև Բելառուսի ԳԱԱ-ի Ֆիզիկայի ինստիտուտի հետ, մասնավորապես, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բորիս Ջագարովի, ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու Մարինա Պարխոցի, Գերմանիայի Ֆիլիպս համալսարանի դեղագիտության և կենսադեղագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ուդո Բակովսկու և դոկտոր Էդուարդ Պրեյսի հետ:

Ինչպե՞ս ընտրեցիք գիտության ոլորտը, ի՞նչը ոգեշնչեց Ձեզ:

- Սերը դեպի գիտություն, նոր գիտելիքներ ստանալու գայթակղությունը դրդեց զբաղվել գիտությամբ: Աշխարհում մահացության հաճախականության տեսանկյունից առաջատար դիրք է զբաղեցնում քաղցկեղը, և դրա բուժման նորագույն մոտեցումների և դեղամիջոցների մշակումն արդիական է և հեռանկարային:

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն եք համարում ամենակարևորը և ինչո՞ւ:

- Հակաուռուցքային հատկություններ ունեցող սպիտակուց-պորֆիրին կոմպլեքսների ստացումը: Դրանց հիման վրա ստացված պրեպարատներն ունեն մեծ պոտենցիալ ուռուցքների ֆոտոդինամիկ թերապիայում կիրառելու համար:

Ի՞նչ նախադրյալներ ունենք Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման համար և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

- Ակնկալում եմ, որ Հայաստանը կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատորիաներ և արտասահմանյան գիտնականների հետ սերտ կապեր, ինչը նախադրյալ կստեղծի հետթեկնածուական կարգավիճակի համակարգի ներդրման համար:

Հայաստանում գիտության զարգացման գործում ի՞նչ դերակատարում ունեն գիտական նախաձեռնությունները, օրինակ՝ «Գիտուժ»-ը:

- «‎Գիտուժ»-ի նպատակն է, որպեսզի պետությունն ավելացնի գիտության ոլորտի ֆինանսավորումը, երիտասարդ գիտնականների համար ստեղծվեն պայմաններ մասնագիտական զարգացման համար։ Երկրի տնտեսության, ռազմաարդյունաբերության, բժշկության և այլ կարևոր բնագավառների զարգացման համար անհրաժեշտ է ունենալ բարձրորակ և ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիաներ, համագործակցել ու ամրապնդել կապերն առաջատար արտասահմանյան գիտական կենտրոնների հետ։ Այս առումով շատ կարևոր է ավելացնել գիտության ոլորտի ֆինանսավորումը, ինչը կօգնի երիտասարդ գիտնականներին բարձրացնել որակական հատկանիշները և գիտությամբ հզորացնել մեր պետությունը։

Կբնութագրեք Ձեզ մեկ նախադասությամբ:

- Սիրում եմ բացահայտել դեռ չբացահայտվածը:

Ի՞նչ գրքեր եք կարդում, ո՞վ է Ձեր սիրելի հեղինակը:

- Մասնագիտականից բացի, կարդում եմ նաև գեղարվեստական գրականություն: Իմ սիրելի հեղինակներից են Անտուան դը Սենտ-Էքզյուպերին, Հերման Հեսսեն, Ստեֆան Ցվայգը, Րաֆֆին, Ստեփան Զորյանը:

Եթե չզբաղվեիք գիտությամբ, ինչո՞վ կզբաղվեիք:

- Կարծում եմ՝ նկարչությամբ:

Որտե՞ղ եք տեսնում Ձեզ ապագայում:

- Ապագայում ինձ տեսնում եմ հզոր, տեխնիկապես հագեցած և արդի գիտահետազոտական պաշար ունեցող մեր հայրենիքում:

Մոնիկա Երիցյան