Трибуна молодого ученого
Նելլի Օհանյան

«Գիտատեխնիկական առաջընթաց հնարավոր է միայն պետության աջակցության դեպքում»

Նելլի Օհանյանը 27 տարեկան է, մասնագիտությամբ՝ կենսաբան, ծնվել է Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրում: Սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում: Ներկայում աշխատում է ՀՀ ԳԱԱ Բունիաթիանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի նյարդաակտիվ միացությունների կենսաքիմիայի լաբորատորիայում՝ որպես ավագ լաբորանտ:

Ձեր ստացած ո՞ր գիտական արդյունքն է ամենակարևորը և ինչո՞ւ:

- Կիրառելով գելֆիլտրացիա և աֆինային քրոմատոգրաֆիա՝ լաբորատորիայում նռան կեղևի էքստրացիայից ստացել ենք մաքուր փոշի վիճակում տաննին, որը փորձում ենք օգտագործել դեղագործության մեջ: Տաննիները կապում ենք ալբումինային նանոմասնիկների հետ, որոնք փորձերի ընթացքում դրսևորում են առավել բարձր ցուցանիշ արյան հոսքում: Մեր լաբորատորիայում մշակել ենք ալբումինային նանոմասնիկների պատրաստման մեթոդ, որի օգնությամբ կարողանում ենք ստանալ 200-300 նանոմասնիկներ, ինչպես նաև միկրոմետր տրամագիծ ունեցող մասնիկներ:

Գրականությունից հայտնի է, որ տաննինը ունակ է աբսորբցիայի ենթարկել կամ կապել ֆոսֆորը: Հաշվի առնելով այդ փաստը՝ պատրաստել ենք ալբումինային նանոմասնիկներ` տաննինով: Պատել ենք գելֆիտրացիայի համար խեժը տաննինով, քիմիական կապեր ենք ստեղծել տաննինի և խեժի հիդրոքսիլ կապերի միջև: Ավելացնելով խեժի վրա ֆոսֆոր պարունակող լուծույթը՝ հաշվարկել ենք տաննինների ֆոսֆոր կապելու արդյունավետությունը:

Ըստ ձեզ, որո՞նք են Հայաստանում գիտության զարգացման համար առաջնահերթ քայլերը:

- Մեր երկրում գիտության ոլորտի զարգացման առաջնահերթությունը պետք է լինի տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը: Գիտությունը նոր թափով զարգացնելու համար անհրաժեշտ է ձեռք բերել նոր սերնդի լաբորատոր սարքավորումներ, որոնց շնորհիվ կստանանք ավելի որակյալ արդյունք ավելի կարճ ժամկետներում: Մեր լաբորատորիայում վերջին երեք տարիների ընթացքում ձեռք են բերվել սպեկտոֆոտոմետր և պտտվող գոլորշիացնող սարք (IKA RV-10), որի միջոցով լուծույթը գոլորշիացնում է հեղուկ զանգվածը, արդյունքում մնում է միայն նստվածք և բարձր ջերմաստիճանի դեպքում հասցվում է մինչև փոշի վիճակ: 

Ինչպե՞ս է պետք բարձրացնել գիտնականի վարկանիշը:

- Գիտությամբ զբաղվող մարդը պետք է հասարակության կողմից հարգված և պահանջված լինի: Գիտական արդյունքները պետք է կիրառվեն արտադրության մեջ: Գիտնականին էլ արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ է ապահովել բարձր աշխատավարձով, բարձր տեխնոլոգիաներով զինված լաբորատորիաներով, իրականացնել միջազգային փորձի փոխանակում: 

Հայաստանում գիտությունն ինչպե՞ս կարող է հետաքրքիր դառնալ ներդրումների համար:

- Արդյունավետ նորարարական ծրագրերի իրագործմամբ: Պետք է ձգտել գիտության ոլորտ ներգրավել խոշոր ներդրողների: Գիտատեխնիկական առաջընթաց հնարավոր է միայն պետության աջակցության դեպքում: Նաև պետք է համախմբել երկրի առաջատար գիտնականներին և նորարարներին՝ կատարելագործված արդյունքի հասնելու համար: Այստեղ կարևոր է Հայաստանում գիտության զարգացմանն ու երիտասարդ գիտնականներին աջակցող «Գիտուժ» նախաձեռնության գործունեությունը: 

Կնշեք այն գիտնականներին, ովքեր Ձեզ համար օրինակելի են:

- Կնշեմ Ռեյմոնդ Դամադյանին, ով հայտնագործել է մագնիսական ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը, որը հնարավորություն է տալիս առանց վիրահատական միջամտության զննել ներքին օրգանները: 1977թ-ին Դամադյանն առաջինն անցկացրեց մարդու մարմնի լիարժեք սկան` քաղցկեղ ախտորոշելու համար:

Ի՞նչ երազանքներ ունեք, ո՞րն է ամենամեծը:

- Երազում եմ, որ պատերազմի ժամանակ վիրավորված տղաները, որոնց շարքում նաև իմ եղբայրն է, ովքեր իրենց հայրենիքը վեր դասեցին առողջությունից, ստանան լիարժեք բուժում և նորից ապրեն առողջ:

Ի՞նչ կարգախոսով եք առաջնորդվում:

- Եթե այսօր փոխես քո մտածելակերպը, կփոխվի քո վաղվա օրը:

Մոնիկա Երիցյան