Трибуна молодого ученого
Աննա Թովմասյան

«Գիտությունը պետք է լինի այն հիմնական սյունը, որը կհզորացնի և կզարգացնի մեր պետությունը»

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Աննա Թովմասյան. «Եթե ցանկանում ես ունենալ արդյունք, պետք է շատ աշխատես, լինես լավատես, չհիասթափվես, պետք է միշտ ունենաս նպատակ, և հավատաս, որ կհասնես այդ նպատակին»:

Աննա Թովմասյանը Վայոց ձորի մարզի Աղավնաձոր բնակավայրից է, 26 տարեկան, մասնագիտությամբ՝ դեղագետ: Սովորել է Երևանի պետական համալսարանի Ֆարմացիայի ինստիտուտում: Ավարտական և  մագիստրոսական աշխատանքները կատարել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում, որտեղ աշխատում է մինչ օրս՝ Ֆարմացիայի ինստիտիտուտի գիտահետազոտական լաբորատորիայի հետ համատեղությամբ: Աննան ընդգրկված է Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրում:

««Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնում հայտնվեցի իմ գիտական ղեկավար Աննա Մկրտչյանի առաջարկով: Ասիմետրիկ սինթեզը գրավեց ինձ, և ես մեծ  սիրով համաձայնեցի աշխատել ակադեմիկոս Աշոտ Սաղյանի գիտական խմբում: Սկզբում կար վախ, որ ինձ մոտ ոչինչ չի ստացվի, բայց այդ փուլը հաղթահարված է: Երբ գիտական խմբում կա աշխատասիրություն, համախմբվածություն, սիրով ես աշխատում: Վերջին 3 տարվա ընթացքում մեր գիտական խմբին հաջողվել է հրապարակել 3 գիտական հոդված բարձր ազդեցության գործակից ունեցող ամսագրերում», - ասում է Աննան:

Գիտության և գիտնականի մասին

- Գիտությունը պետք է լինի այն հիմնական սյունը, որը կհզորացնի և կզարգացնի մեր պետությունը: Իմ կարծիքով՝ պետությունը պետք է ստեղծի նպաստավոր պայմաններ գիտության զարգացման համար և կանխի  «ուղեղների արտահոսքը»: Գիտնականներն էլ պետք է հանդես գան նոր մտահաղացումներով, շարժվեն գիտության պահանջներին համահունչ, չվախենան խոչընդոտներից և պատրաստ լինեն բարեփոխումների, գիտությանը տան նոր շունչ։ Մոտիվացիա ունենալու համար երիտասարդ գիտնականները պետք է լինեն գնահատված:  Շատ կարևոր է նաև անաչառ վերաբերմունքը գիտաշխատողների նկատմամբ:

Մենք՝ երիտասարդ գիտնականներս, կարիք ունենք մեր ավագ սերնդի աջակցության, նրանց փորձի փոխանակման: Ուսանողներն ի սկզբանե պետք է կապ ունենան գիտաարտադրական կենտրոնների հետ, իրենց տեսական գիտելիքները կիրառեն փորձարարականում։

Կարևոր է նաև միջազգային փորձի փոխանակումը, ինչը կնպաստի նոր մտքերի, նոր գաղափարների առաջացմանը:

Գիտուժի մասին

- Ուրախ եմ, որ «Գիտուժ»-ում շատ են երիտասարդները, նրանք ավելի արագ կգտնեն խնդիրների լուծումները: «Գիտուժ»-ի անդամները համախմբված են, նախաձեռնող, իրենց գործողություններով հույս են տալիս, որ Հայաստանում իսկապես գիտությունը կծաղկի:

Ո՞վ է ձեր կուռքը գիտության մեջ և ինչո՞ւ:

- Շատ անվանի գիտնականներ կան, ովքեր ինձ համար օրինակ են ծառայում, բայց առանձնահատուկ վերաբերմունք ունեմ Սթիվեն Հոքինգի նկատմամբ, ով ոչ միայն հզոր գիտնական էր, այլ նաև ուժեղ անհատականություն: Նա խորհուրդ էր տալիս բոլորին լինել հետաքրքրասեր, գտնել կյանքում այն, ինչով կարող են հաջողության հասնել։

Ձեր ոլորտում գրագողություն կա՞:

- Ինչպես բոլոր ոլորտներում, մեր ոլորտում էլ կարող ես հանդիպել գրագողության: Մենք գիտական հոդվածներ խմբագրելիս օգտագործում ենք տարբեր ծրագրեր, որպեսզի խուսափենք գրագողությունից, ինչը շատ լուրջ խնդիր է գիտության մեջ։

Ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ:

- Իմ հիմնական մասնագիտական ուղղվածությունից զատ ինձ դուր է գալիս ուսումնասիրել օտար լեզուները, անձի հոգեբանությունը, իսկ ազատ ժամանակ սիրում եմ զբոսնել և շփվել ընկերներիս հետ։