Трибуна молодого ученого
Բենիկ Վարդանյան

«Հնագիտությունը ոչ միայն մասնագիտություն է, այլև՝ ապրելակերպ, մտածելակերպ, աշխարհի հետ հարաբերվելու եղանակ»

Ասում է հնագույնի պեղմամբ և ստացված նյութի մեկնաբանման նոր մոտեցումների փնտրտուքով տարված Բենիկ Վարդանյանը։ Հնագիտությանը [1] սիրահարվել է ուսանող տարիներից և գտել անցյալը վերականգնելու, անցյալի մարդուն տեսնելու իր տարբերակը. «Պետք է լինել իր ստեղծած միջավայրում, զգալ այս կամ այն շինությունը, դամբարանը կառուցելու տրամաբանությունն ու հաջորդականությունը»:

Բենիկ Վարդանյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող է, պատմական գիտությունների թեկնածու: Դասավանդում է Վանաձորի և Գյումրու պետական համալսարաններում: Ազատ տիրապետում է անգլերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներին: Մասնագիտությունն ընտրել է Շիրակում կատարվող հնագիտական պեղումներին մասնակցելու ընթացքում: Անձնական փորձին հիմնվելով՝ հիմա իր ուսանողներին է ներգրավում պեղման աշխատանքներին. «Հնագիտության վերաբերյալ արդեն 5 ավարտական աշխատանք եմ ղեկավարել»։

«Բաց դաս է բացօթյա հուշարձանի շուրջ»,- կատակով հիշում է Լեռնակերտի  դպրոցականների հետ համատեղ աշխատանքի մասին. «Տեսական գիտելիքներն ամրապնդվում են գործնական աշխատանքի միջոցով»:

Այսպիսով՝ ապագայի սերնդի և անցյալի հանդիպման հերթական վայրը Լեռնակերտն է (բարձրությունը ծ.մ. 2100 մ): Հնավայրում պեղվել են երկու ամրոցներ՝ Վերի Բերդ և Վարի Բերդ, թաղումներ դամբանադաշտի տարբեր հատվածներում: Հետազոտությունը իրականացվում է «Շիրակի հնագիտական և պատմազգագրական ուսումնասիրություններ-3» թեմայի շրջանակներում: Կատարող խմբում են հնագետներ (արշավախմբի ղեկավար՝ պ.գ.թ. Բենիկ Վարդանյան (ՇՀՀԿ), հնագետ Լևոն Մկրտչյան (ՀԱԻ)), մարդաբան (պ.գ.թ. Ա. Խուդավերդյան, ՀԱԻ), բուսաբան (կ.գ.թ. Ռոման Հովսեփյան), կենդանաբան (կ.գ.թ. Նուշիկ Զարիյան, ՀԱԻ)։ Պեղման աշխատանքներն իրականացվում են 2019թ.-ից։ Հնավայրում կատարվել են ֆոտո և գծավավերացման, հուշարձանի պահպանության և համակարգչային վերակազմությունների աշխատանքներ։

Աշխարհագրությունը: Բենիկ Վարդանյան. «Լեռնակերտի Վերի Բերդի պեղումները կատարվել են ամրոցի միջնաբերդում, բնակավայրում և դամբանադաշտում։ Պարզվել է կառուցման նախնական ժամանակաշրջանը (մ.թ.ա. 14-12-րդ դարեր), վերաբնակեցման փուլերը (մ.թ.ա. 5-3-րդ դարեր), տնտեսության ձևերը, ճարտարապետությունը։ Պարզվել են բրոնզ-երկաթեդարյան թաղման ծեսերի դրսևորումները, դամբանային կառույցների ձևերը և ճարտարապետությունը»։

Վարի Բերդի պեղումներով բացահայտվել են ամրոցի բնակեցման փուլերը՝ սկսած վաղ բրոնզի դարից մինչև վաղ երկաթի դար: Վաղբրոնզեդարյան բնակատեղիի մեջ բացահայտվել են վաղերկաթեդարյան շինություններ և դամբաններ։ Հիշատակելի է նաև բրոնզ-երկաթեդարյան դամբանային համալիրի արտաքին և ներքին կառույցների ձևերի փոփոխությունները։

Հրապարակումները: Բենիկ Վարդանյան. «Երեքամյա հնագիտական հետազոտությունների արդյունքներն արդեն իսկ հրապարակվել են գերմաներեն և հայերեն երկու հոդվածներով [2] [3]: Ներկայացված են 2019-2020թթ. պեղումների նախնական արդյունքները (հնագիտություն և հնակենդանաբանություն): Տպագրության ներկայացված ևս երեք հոդվածներ [4] [5] [6] ներկայացնում են վաղբրոնզեդարյան բնակավայրի պեղումների և հնավայրի թվայնացման աշխատանքները»։

Միջազգային համագործակցություն: Խումբը համագործակցել է միջազգային մի շարք գիտական կառույցների հետ։ Համագործակցության ոլորտները ներառում են լաբորատոր հետազոտություններ (հնաԴՆԹ՝ Յենայի Մ. Պլանկ ինստիտուտ, հնակենդանաբանություն՝ Թուլուզի Մոլեկուլային մարդաբանության ինստիտուտ, ռադիոածխածնային թվագրություններ՝ Մանհայմի Կուրտ-Էնգելհորն կենտրոն (Գերմանիա)) և դաշտային աշխատանքներ։

Արշավախմբի ղեկավար Բենիկ Վարդանյանն այն գիտնականներից է, ով գիտելիքներն ամրապնդել է արտերկրում: 2017թ.-ին ՀՀ և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի միջև առկա հետազոտողների աջակցության մեկամյա ծրագրի շրջանակներում ստացել է կրթաթոշակ և հետազոտություններ իրականացրել Հալլե (Զաալե) քաղաքի Հալլե-Վիտտեմբերգ Մ. Լյութեր համալսարանում: Հենց այստեղ ձեռք բերած նոր ծանոթությունների արդյունքն է 2019թ.-ին ձևավորված հայ-գերմանական արշավախումբը և ներկայում իրականացվող՝ Լեռնակերտի հին ԴՆԹ-ի հետազոտության ծրագիրը։

«Միջազգային հնագիտական արշավախմբեր ձևավորելու և երկարատև համագործակցության համար անհրաժեշտ է հայկական կողմին ապահովել արտասահմանյան կողմի ֆինանսական ներդրմանը համարժեք ֆինանասավորում՝ հավասար պայմաններ ստեղծելու համար»,- եզրափակում է Բենիկ Վարդանյանը:

Հղումներ

  • 1. Նյութական աղբյուրների հիման վրա հին հասարակությունն ու նրամշակույթը ուսումնասիրող գիտություն։
  • 2. Vardanyan B., Davtyan R., Manukyan S., Saribekyan M., Lernakert: ein neues archäologisches Projekt in Schirak. Archaeology of Armenia in Regional Context, Avetisyan P., Bobokhyan A. (ed.), Yerevan, 2021, pp. 189-200. https://www.academia.edu/52627708/Lernakert_ein_neues_arch%C3%A4ologisches_Projekt_in_Shirak
  • 3. Zarikyan N., Vardanyan B., Davtyan R., Manukyan S., Saribekyan M., A Preliminary Report on the Faunal Remains from Lernakert (2019 excavations) (Shirak, Armenia), “Gitakan ashxatutyunner”, 2020, №23 (2), pp. 58-73 (in Arm., Engl. and Russ. Summary) (link).
  • 4. Vardanyan B., Saribekyan M., Davtyan R., Mkrtchyan L., Manukyan S., Preliminary Results of Excavations of the Early Bronze Age Settlement in Lernakert, Aramazd AJNES XV, 2021, in Press.
  • 5. Vardanyan B., Mkrtchyan L., Modelling of Bronze and Iron Age monuments at the northwestern slopes of the mount Aragats based on the case study of Lernakert, Festschrift in Honour of Pavel Avetisyan, In Press.
  • 6. Vardanyan B., Mkrtchyan L. Modelling of Bronze and Iron Age Monuments at Lernakert, “Gitakan ashxatutyunner”, 2021, №3, in Press (in Arm., Engl. and Russ. Summary).

    Հերմինե Օհանյան