Трибуна молодого ученого
Ռաֆֆի Քարամյան

«Պետք է զարգացնել նոր ու արդիական գիտական ուղղություններ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի գիտաշխատող Ռաֆֆի Քարամյան. «Գիտության ոլորտում անհրաժեշտ է առաջ շարժվել և զարգացնել նոր ու արդիական գիտական ուղղություններ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության զարգացմանը»:

 Ռաֆֆի Քարամյանը Երևանից է, 32 տարեկան, մասնագիտությամբ՝ երկրաֆիզիկոս: Ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը՝ ստանալով երկրաֆիզիկոսի մասնագիտություն, այնուհետև ընդունվել է ասպիրանտուրա: 2016 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է «Երկրաֆիզիկական մեթոդների կիրառման առանձնահատկությունները և արդյունավետությունը քրոմի հանքագոյացումների հայտնաբերման նպատակով (ՀՀ-ԼՂՀ հանքավայրերի օրինակով)» թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով երկրաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ներկայում ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի Հիդրոերկրադինամիկայի և էկոերկրաֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող է: Ռաֆֆին ունի 22 գիտական հոդված՝ տպագրված տեղական և միջազգային հեղինակավոր ամսագրերում՝  «Geology and Geophysics of the South of Russia», «European Geophysical Union», «International Multidisciplinary Scientific GeoConference-SGEM»: 

Ռաֆֆի Քարամյանի աշխատանքները վերաբերում են երկրաֆիզիկական համալիր մեթոդների կիրառմանը, քրոմիտային հանքավայրերի որոնմանը և հետախուզմանը ՀՀ և ԼՂՀ տարածքներում, ստորերկրյա ջրերի ուսումնասիրություններին ՀՀ հրաբխային տարածքներում և ջրամբարների անվտանգ շահագործման նպատակով: «Այս գիտական ուղղություններն ունեն ռազմավարական նշանակություն: Նման հետազոտությունները կարող են նպաստել Հայաստանի տարածքի ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործմանը, հանքարդյունաբերության ոլորտում երկրաֆիզիկական նոր մեթոդների կիրառմանը», - նշում է Ռաֆֆի Քարամյանը:

Ռաֆֆին մասնակցել է Սևանա լճի հատակի և ափամերձ տարածքի էկոերկրաֆիզիկական ուսումնասիրություններին, որոնք իրականացվել են Ռուսաստանի Դաշնության Կազանի ֆեդերալ համալսարանի և ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվել է ՀՀ գիտության կոմիտեի կողմից:  «Ստացվել են բացառիկ տվյալներ, որոնք հետագայում կարող ենք օգտագործել երկրաբնապահպանական եզրակացություններ կատարելու ժամանակ: Կա պայմանավորվածություն շարունակելու նշված աշխատանքներն ավելի մեծ ծավալներով՝ նպատակ ունենալով ստանալ Սևանա լճի հատակի 3D ռելիեֆը՝ օգտագործելով համալիր երկրաֆիզիկական մեթոդները, մասնավորապես, սեյսմաակուստիկ եղանակը», - ասում է երիտասարդ գիտնականը:


Գիտական արդյունք


«Իմ կողմից իրականացված գիտական աշխատանքի հիման վրա տրված են առաջարկություններ՝ կապված Հայաստանում Շորժա և Արցախում Տափասար-Նիկոլաևսկ տեղամասերում քրոմի հանքավայրերի որոնման հետ: Հիմնավորված է մեթոդաբանությունը, որոնողահետազոտական աշխատանքների կիրառումը նմանատիպ երկրաբանաերկրաֆիզիկական տարածքների պայմաններում: Այժմ այդ եղանակները հաջողությամբ կիրառվում են Հայաստանում շահագործվող այլ հանքավայրերում», - նշում է Ռաֆֆի Քարամյանը:

 
Գիտության երիտասարդացում

«Երիտասարդ գիտնականին գիտությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ,  պայմաններ, որոնք հնարավորություն կտան առաջ գնալ և մրցունակ լինել միջազգային հարթակներում: Անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի երիտասարդ գիտնականը լիարժեքորեն զբաղվի գիտահետազոտական աշխատանքներով, համագործակցի միջազգային կառույցների հետ: Ներկայում իրականացվում են բարեփոխումներ, որոնք, իմ կարծիքով, պետք է լինեն շարունակական և ավելի մեծ ծավալներով: Այս առումով դրական եմ գնահատում «Գիտուժ»-ի գործունեությունը, որն ուղղված է գիտության ֆինանսավորման, գիտության վարկանիշի բարձրացմանը», - ասում է երիտասարդ գիտնականը:


Ռաֆֆի Քարամյանի կարծիքով՝ գիտահետազոտական աշխատանքների արդյունքը պետք է ունենա կիրառական նշանակություն. «Մեր ինստիտուտում իրականացվում են կիրառական մշակումներ: Տեսական հետազոտություններն ամփոփվում են և դառնում շոշափելի արդյունքներ ու ներդրվում տնտեսության մեջ: Երկրաֆիզիկայի ոլորտում իրականացնում ենք տնտեսական պայմանագրեր: Դրանք վերաբերվում են տարածքների սեյսմիկ վտանգի գնահատմանը, ջրային ռեսուրսների որոնմանը, շենքերի տեխնիկական վիճակի հետազննությանը»:

Ռաֆֆի Քարամյանի կարգախոսն է՝ «Ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է, եթե կա առաջ գնալու նպատակ և ցանկություն»:

Մոնիկա Երիցյան