Трибуна молодого ученого
Գագիկ Դանիելյան

«Երիտասարդ գիտնականներն արտերկրում գաղափարակիցներ են փնտրում»

   Երիտասարդ հայ գիտնականներից շատերն են մեկնում արտերկիր՝ մասնագիտական կրթությունը խորացնելու: Մեծամասնությունը չի վերադառնում հայրենիք: Կնքում են առավել բարենպաստ պայմանագրեր և հեռանում իրենց նախնական գաղափարից՝ վերադառնալու և մեկ քայլ առաջ մղելու հայրենի գիտությունը: Կան նաև երիտասարդներ, որոնք կրթությունը շարունակելով հայրենիքում, փորձում են կապեր հաստատել արտերկրի իրենց գործընկերների հետ: Այսպիսի երիտասարդ գիտական կադրերից շատերին հնարավորություն է տրվում համագործակցելու ՀՀ ԳԱԱ փորձառու գիտնականների հետ:
   Այս մասին խոսել ենք պ.գ.թ. Գագիկ Դանիելյանի հետ: Նա եղել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ.գ.դ., պրոֆեսոր Ազատ Բոզոյանի ասպիրանտը: Հնարավորություն է ստացել՝ ընդգրկվելու «Կիլիկյան Հայաստանը Մերձավոր Արևելքի եկեղեցաքաղաքական փոխհարաբերությունների փաստաթղթերում (վավերագրական խնդիրներ)» ծրագրի աշխատանքային խմբում:

   Պ.գ.թ. Գագիկ Դանիելյան

   Թեմայի շրջանակներում Գագիկ Դանիելյանն ավարտին է հասցրել «Կիլիկյան Հայաստանը և հարևան ոչ ‎քրիստոնեական պետությունները (պաշտոնական գրագրության էտիկետը)» ենթաթեման: Ուսումնասիրել է Կիլիկյան Հայաստանի և հարակից մուսուլմանական պետությունների միջև պաշտոնական նամակագրությանը վերաբերող պատմական բնույթի հիշատակություններն ու վավերագիտական նյութերը: Նա խիստ կարևորում է հայագիտական աշխատանքի համաձայնեցումը արտերկրի մասնագետների հետ:
   Գագիկ Դանիելյան. «Ընդհանրապես, երկփեղկում կա հայ և միջազգային գիտական հանրության կողմից իրականացվող աշխատանքներում: Հաճախ այն, ինչ հրապարակվում է Հայաստանում՝ որպես գիտական աշխատանք, պարզվում է, որ արդեն իրականացվել է արտերկրի մեր գործընկերների կողմից: Հակառակը նույնպես պատահում է: Տպավորություն է, որ նույն գիտական ուղղությամբ մեկը մյուսից անտեղյակ են աշխատում: Ինքս փորձում եմ անձնական նամակագրության միջոցով գտնել միջազգային համագործակցության եզրեր, բայց դա պետք է արվի ավելի ինստիտուցիոնալ հիմքի վրա»:
   Այս առումով վերոնշյալ թեմայի շուրջ աշխատանքը երիտասարդ գիտնականի համար փորձառության լավ հնարավորություն է եղել: Հետազոտությունը իրականացնող խմբի գիտական խորհրդատուն Մարի-Աննա Շևալիեն է եղել՝ Ֆրանսիայից: Նրա հետ համագործակցությունն Արևելագիտության ինստիտուտի հետ սկսվել է 20 տարի առաջ։ Ներկայացվող համատեղ հետազոտությունը գրվել է երկու տարում։ Այդ ընթացքում տեղի է ունեցել գիտական խորհրդատուի այցը Հայաստան։ Միաժամանակ նա կազմակերպել է թեմայի ղեկավար Ա․ Բոզոյանի այցը Մոնպելիե՝ ապահովելով գրականության և մասնագիտական խորհրդատվության փոխանակություն։
   Ազատ Բոզոյանը Մարի-Աննա Շևալիեի աշխատանքի մասին«Հիմնական խնդիրն է եղել ծրագրի ղեկավարի հետ հետազոտության սահմանները ճշտելը և նյութը խոսեցնելու ընդհանուր մեթոդ սահմանելը։ Այդ աշխատանքին զուգահեռ նա խմբագրել և հրատարակության է պատրաստել «Ordres militaires et territorialité: entre Orient et Occident» («Հոգևոր-զինվորական կարգերը և տարածքայնությունը. Արևելքի և Արևմուտքի միջև») ժողովածուն, որի կազմմանը մասնակցել են մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից»։ 
   Ծրագրային աշխատանքն ի մի է բերել Ազատ Բոզոյանը: Իրականացրել է «Կիլիկյան Հայաստանի պատմությունը Միջերկրական ծովի պետությունների արխիվներում» ուսումնասիրությունը։ Հաջորդ մասերում շարունակել է աշխատել կաթոլիկ, բյուզանդական, վրացական, Ասորի Հակոբիկյան եկեղեցիների հետ Հայոց եկեղեցու փոխհարաբերությունների բազմազան ծիսադավանաբանական և նվիրապետական խնդիրների շուրջ։ Հետազոտվել են դիվանագիտական այցելություններին, դրանց մասնակիցներին և քննարկված խնդիրներին վերաբերող հարցեր։
   Մարի-Աննա Շևալիեն Ազատ Բոզոյանի աշխատանքի մասին«Ազատ Բոզոյանի կողմից իրականացվող այս հսկայական ծրագրում, Կիլիկյան Հայաստանին վերաբերող բնագրերի ուսումնասիրությամբ, արտացոլվում են ժամանակաշրջանի քաղաքական, ռազմական և հոգևոր ենթատեքստերը»:
   Հետազոտությունը երկլեզու է՝ հայերեն և ֆրանսերեն: Հեղինակները չեն սահմանափակվել հայաստանյան գիտական ամսագրերում հրապարակվելով։ Ազատ Բոզոյանը հոդվածով հանդես է եկել Scopus միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում հաշվառվող ամսագրում՝ A. Bozoyan, The Depiction of the Arsacid Dynasty in Medieval Armenian Historiography. https://www.degruyter.com/document/doi/10.1515/9783110725612-010/html: Առաջիկայում կհրապարակվի հետազոտության արդյունքների հիման վրա կազմված նույնանուն աշխատությունը: 
   Կիլիկիայի հայկական թագավորությունը վերջին քրիստոնյա պետությունն էր ողջ մուսուլմանական Մերձավոր Արևելքում: Նրան երբեմն անվանում էին քրիստոնյա կղզի՝ մուսուլմանական ծովում։ 1920 թ.-ի օգոստոսին Ադանայում Միհրան Տամատյանի գլխավորությամբ Կիլիկիան հռչակվեց Ինքնավար Հանրապետություն։ Սակայն հաջորդ օրն իսկ զրկվեց դաշնակիցների օգնությունից։ Սկսվեց հայերի մի նոր ջարդ: Մարաշն ու Հաճնը վկա՝ դաշնակիցներ փնտրելիս պետք է նայենք այնտեղ, որտեղ առաջնայինը ոչ թե շահը կլինի, այլ՝ գաղափարը: 
   Դաշնակիցներ ու գաղափարակիցներ պետք է ունենալ ամենուր և ամեն ինչում։ Եվ բնական է, որ երիտասարդ գիտնականները՝ ի դեմս նաև Գագիկ Դանիելյանի, գիտական հանրության շրջանում փորձում են գտնել գաղափարակից գործընկերներ: Մաղթենք նրանց հաջողություն՝ այդ և մնացած գործերում։

   Հերմինե Օհանյան