Конкурсы
05/09/2025
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է «Գիտական հետազոտությունների նախագծերի աջակցության» մրցույթ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան  հայտարարում է «Գիտական հետազոտությունների նախագծերի աջակցության» մրցույթ

Մրցույթի շրջանակներում Ակադ․ Վ․ Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցներից ֆինանսական աջակցություն կտրամադրվի 2025-2026թթ․ ընթացքում իրականացվելիք գիտական նախագծերին։ 3-5 գիտաշխատողներից բաղկացած յուրաքանչյուր խմբին կհատկացվի 5 000 000 ՀՀ դրամ։

Բնագավառը․ աստղաֆիզիկա (ներառյալ միջգիտակարգային ոլորտները), ֆիզիկա, մաթեմատիկա։

Տևողությունը. 12 ամիս, 15.11.2025թ․-15.11.2026թ․

Հետազոտական խումբը պետք է ընդգրկի ՀՀ հանրային գիտական կազմակերպությունների և բուհերի 3-5 գիտաշխատող, ասպիրանտ կամ մագիստրանտ, այդ թվում՝ առնվազն 2 երիտասարդ (35 տարին չլրացած)։

Պահանջվող փաստաթղթերի ցանկը․

  • մրցույթի մասնակցության հայտը՝ մինչև 10 էջ, ներառյալ գիտական հիմնավորումը, աշխատանքի նկարագրությունը, ակնկալվող արդյունքները, օրացուցային պլանը, ծախսերի նախահաշիվը, խմբի կազմը
  • ղեկավարի գիտական կենսագրությունը (CV)՝ 2 էջի սահմաններում
  • ղեկավարի կողմից վերջին 5 տարում հրապարակած աշխատանքների ցանկը
  • կազմակերպության գիտական խորհրդի որոշումը ներկայացվող նախագծի վերաբերյալ
  • այլ փաստաթղթեր, որոնք կարող են նպաստել հայտի դրական գնահատականին։

Մրցույթի ժամանակացույցը․

05.09.2025 – մրցույթի հայտարարության հրապարակումը
15.10.2025 – հայտերի ներկայացման վերջնաժամկետը
10.11.2025 – հանձնաժողովի կողմից մրցույթի արդյունքների ամփոփումը և հրապարակումը։  
15.11.2025 – 15.11.2026 – ծրագրերի իրականացումը
15.06.2026 և 15.12.2026 – միջանկյալ և ավարտական հաշվետվությունների ներկայացման ժամկետները։

Ներկայացված հայտերի մասնագիտական փորձաքննությունը վերապահված է ՀՀ ԳԱԱ 2025 թ. մրցանակի «ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտություններ – հիմնարար հետազոտությունների» մրցութային հանձնաժողովին՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով անկախ փորձագետների, իսկ արդյունքների հաստատումը՝ «Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցները ՀՀ-ում աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների հետագա զարգացման համար նախատեսված միջոցառումները համակարգող և վերահսկող հանձնաժողովին»։

Ֆինանսավորման համար հավանություն ստացած նախագծի ղեկավարի (հայտատուի) և ՀՀ ԳԱԱ միջև կնքվում է պայմանագիր, որը կարգավորում է նախագծի իրականացումը ընդհուպ մինչև հաշվետվությունները ներկայացնելը։

Փաստաթղթերի ներկայացման ընթացակարգը՝

Պահանջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները PDF ֆորմատով ուղարկել info.vaprize@sci.am էլ․ հասցեին մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ։
Տպագիր տարբերակները մինչև 2025թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ ներկայացնել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի ընդունարան հետևյալ հասցեով՝ ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ, 46 սենյակ, ժամը 9։00-ից 17։00, հեռ․՝ +374 10 516085։