ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Արմաիս Ալբերտի Կամալով
Բժշկ.գ.դ., պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Մեր երախտավորները
Բենիամին Մարգարյան

մեծ աստղագետը

Հայաստանում, երբ ասվում է մեծ աստղագետ, ակամա հաջորդում է պատասխանը՝ Վիկտոր Համբարձումյան։ Արտասահմանի գիտական հանրությունը Վ. Համբարձումյանի կողքին դնում է նաև Բենիամին Մարգարյանի անունը։

Բյուրականում Բենիամին Մարգարյան անունը սկզբում առաջ է բերում մի կարճ ու խորը լռություն, ապա՝ անվիճելի համոզմունքով՝ իսկակա՛ն գիտնական, մարդ, որն իր ողջ կյանքը նվիրել է աստղերին ու իր բնավորությամբ ու ապրելակերպով եղել ո՛չ երկրային։ Ցավալիորեն, Բյուրականի կոլեկտիվն այսօր աչքի չի ընկնում իր համախմբվածությամբ ու փոխադարձ հարգանքի դրսևորումներով, բայց կան անուններ, որոնք անվիճելի հեղինակություն են բոլորի համար։ Ահա, նրանց մեջ՝ Մարգարյան-աստղագետը։   

Ակադեմիկոս, աստղագետ Բենիամին Եղիշի Մարգարյանը ծնվել է 1913թ. դեկտեմբերի 12-ին Թիֆլիսի նահանգի Շուլավեր բնակավայրում (այժմ՝ Վրաստանի Մառնեուլի շրջան)։ 1938թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1941թ.՝ Լենինգրադի համալսարանի ասպիրանտուրան։ 1943-1957 թթ. դասավանդել է ԵՊՀ-ում։ 1944թ. մինչև մահն աշխատել է Բյուրականի աստղադիտարանում (1952-1957թթ.՝փոխտնօրեն, 1957-1985թթ.՝ գալակտիկաների բաժնի վարիչ)։ Նա Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանի հիմնադիրներից մեկն է, մասնակցել է ամեն ինչի՝ շինարարությունից մինչև նոր աստղադիտակների տեղադրումը։ Երիտասարդ անկայուն աստղային համակարգերի (աստղային միավորումների) հայտնաբերման և ուսումնասիրության համար Բենիամին Մարկարյանը և Վիկտոր Համբարձումյանը 1950 թվականին արժանացել են առաջին աստիճանի Ստալինյան մրցանակի։

Տասնհինգ տարի շարունակ Հյուսիսային երկինքը մանրակրկիտ նկարահանած ու հետազոտած մարդու համար խորթ են եղել երկրային ճղճիմությունները, փառամոլությունը, չարախոսություններն ու չկամությունը։ Նա իր ապրած կյանքով ապացուցել է, որ կարող են մեծագույն արժանիքները հակադարձ համեմատական լինել ծայրահեղ համեստությանը։ Աստղագետների խորին համոզմամբ՝ նվիրյա՛լ, այն քչերից, որոնց կարելի է բնութագրել հենց այս բառով։

Ավաղ, հայրենի երկրում քչերին է ծանոթ Մարգարյանի անունը։ Նա ավելի քիչ է հայտնի, քան իր  գործընկեր Վիկտոր Համբարձումյանը։ Իսկ նա, ով անգամ լսել է, արդյո՞ք տեղյակ է նրա գործունեությունից։ Ամերիկացի աստղագետ Դանիել Վիդմանն անկեղծորեն ասել է.« Ես այն չէի լինի, ինչ եմ այսօր, ես՝ ճանաչված լինելուս համար մասամբ պարտական եմ Բենիամին Մարգարյանին»։ Ըստ Հավայիի համալսարանի աստղագիտության ինստիտուտի ամերիկացի պրոֆեսոր Դեյվիդ Սանդենսի, «Մարգարյանի հարցումն ավելի շատ հայտնի է ամբողջ աշխարհում, քան Խորհրդային Միությունում կատարված ցանկացած այլ փորձարարական աշխատանք»։ Նրան կրկնում է Դոմինիոն աստղաֆիզիկական աստղադիտարանի պրոֆեսոր, կանադացի Ջոն Հաթչինգսը. «Երբ ինչ-որ մեկի մասին ասում են, որ նա աշխատում է ակտիվ գալակտիկաների ոլորտում, թեկուզ և Հայաստանից հեռու, բոլորը հասկանում են, որ նա Մարգարյանի հետևորդն է: Մարգարյանի առաջարկած առարկաների դասական հավաքածուն երկար տասնամյակներ որոշեց աստղաֆիզիկոսների խնդիրները և դարձավ համընդհանուր ճանաչված դասական»։

Բայց 30 հատորանոց «Սովետական մեծ հանրագիտարանում» գրեթե ոչինչ չի ասվում Բենիամին Մարգարյանի մասին, նա միայն նշվում է որպես Վիկտոր Համբարձումյանի աշխատակիցներից մեկը։ 1990թ. հրատարակված «Մեծ հանրագիտարանային բառարանում» արդեն հանդիպում ենք մի կարճ հոդվածի:

Բավակա՞ն է ամբողջ աշխարհում հայտնի մարդու համար։ Ի վերջո, ի՞նչն է նրա անունը դրել գիտության համաշխարհային մեծությունների կողքին, ստույգ  ի՞նչ է հայտնաբերել Բենիամին Մարգարյանը, որը նրան դարձրել է ճանաչված դասական աստղային և արտագալակտիկական աստղագիտության ոլորտում: Սկսենք նրանից, որ Մարգարյանի աշխատանքներն այսօր էլ հանդիսանում են շատ գիտական հայտնագործությունների հիմքը։

Բյուրականի մեկ մետրանոց աստղադիտակի օգնությամբ Բենիամին Մարգարյանը կատարել է աստղային երկնքի առաջին սպեկտրալ շրջահայությունը, այսինքն՝ նա մաս-մաս նկարահանել է ամբողջ երկինքը։ Դա տևել է տասնհինք տարի։ Արդյունքում հնարավոր է եղել նկատել մեծ թվով թույլ գալակտիկաներ, ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե նկատել, այլ եզրակացնել, որ երկնագույն շերտերը գալակտիկաներ են։ Դրա համար այն պետք էր ուսումնասիրել ավելի հզոր աստղադիտակով։

Եվ ահա Համբարձումյանն այդ նպատակով ԱՄՆ է ուղարկել Բյուրականից ներկայացուցիչ, որն էլ Վիդմանի հետ կատարել է հանձնարարությունը՝ հաստատելով Մարգարյանի ենթադրությունը։ Համբարձումյանն իր հուշերում գրում է. «Բյուրականի մետրանոց Շմիդտը լավ օգտագործվեց Բ. Մարգարյանի և Մ. Ղազարյանի կողմից կապույտ գալակտիկաները փնտրելու գործում: Երբ հայտնաբերվեցին առաջին կապույտ գալակտիկաները, մենք Խաչիկյանին գործուղեցինք Միացյալ Նահանգներ, որպեսզի այնտեղի աստղադիտակների վրա այդ գալակտիկաների սպեկտրներն ստանա ավելի մեծ դիսպերսիայով: Առաջին իսկ սպեկտրները, որ Խաչիկյանը ստացավ Միացյալ Նահանգներում Վիդմանի հետ, ցույց տվեցին պայծառ գծերի առկայություն: Ապացուցվեց նաև, որ Մարգարյանի գալակտիկաների զգալի տոկոսը բնույթով Սեյֆերտյան են: Հենց իրենց առաջին հոդվածում այդ մասին, ինչպես նաև հոդվածի վերնագրում, այդ գալակտիկաները կոչվեցին «Մարգարյանի գալակտիկաներ»: Այդ գալակտիկաներն ընդհանուր հետաքրքրություն առաջացրին, իսկ անվանումն ընդունվեց բոլոր աստղագետների կողմից»։

Իհարկե, իդեալական արդյունք ստանալու համար երկիրը գիտնականի աշխատելու համար պիտի ստեղծի գոնե բավարար պայմաններ։ Այսօր մեր գիտնականի համար չկան այդ պայմանները։ Ճիշտ է, արտասահմանյան ուղևորությունները հեշտացել են, բայց ֆինանսավորման խնդրով, բան ու գործ թողած, գիտնականն ինքը պիտի զբաղվի։ Հիմա «ուղեղների արտահոսք» արտահայտությունը միջանցիկ քամու պես անցնում է մեր ղեկավարների կողքով՝ չգործելով ոչ մի ազդեցություն նրանց վրա, հիմա գիտնական ու գիտությունը պետության կողմից մատնված են խորը անտարբերության։

Սովետների երկրում ճշգրիտ հակառակ ծայրահեղությունն էր, այնտեղ գործում էր վախը, որ իր գիտնականը կարող էր լքել երկիրն ու իր գիտական միտքը ծառայեցնել օտար երկրին։ Կարծիքներ կան, որ Մարգարյանի հետազոտությունները կարող էին ավելի խորը և համակողմանի լինել, եթե նա արտասահմանյան գործուղումների կամ արտասահմանյան որևէ առաջատար գիտական կենտրոնում աշխատելու հնարավորություն ունենար: Գուցե իրոք մենք ունենայինք ավելին, քան ունենք այսօր, բայց եղածն էլ մեծ է ճանաչելու, գնահատելու, հպարտանալու Մարգարյան-աստղագետով։

Վերջին տարիներին Մարգարյանի աշխատանքների ուղղությամբ կատարված կարևորագույն գործերից է նրա շրջահայությունը թվայնացնելը, և ներկայումս նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունն  ընդմիշտ պահպանված է։ Դա Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: «Այդ աշխատանքն ինձնից պահանջեց երեք տարուց ավել՝ 2002-2005թթ.։ Ես գոհ եմ, որ կատարեցի այդ գործը, ու այն հնարավորություն ստացավ ընդգրկվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում։ Բացի այդ, ինձ համար հաճելի էր այն գիտակցությունը, որ ես մասնակցություն եմ ունենում մի գործի, որը կատարել էր մեծ աստղագետը»,- ասում է Արեգ Միքայելյանը։

Հայաստանից այդ ծրագրում դեռևս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը: Մարգարյանի շրջահայությունը թվով 2-րդ էր Հայաստանից, որ գրանցվեց «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում։ Հիշեցնենք, որ այս ծրագիրը գործում է  աշխարհում գոյություն ունեցող արխիվների և գրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով:

2013թ. գիտական հանրությունը նշել է գիտնականի ծննդյան 100-ամյակը։ Ավելի քան 30 երկրներից ավելի քան 150 գիտնական էր եկել Հայաստանում Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) սիմպոզիումին։ Հայաստանի բանկը թողարկել է 1000 դրամ արժողությամբ արծաթե հուշադրամ՝ նվիրված տարեդարձին, իսկ Հայկական փոստը շրջանառության մեջ է դրել փոստային նամականիշ և առաջին օրվա ծրար։ Փոստային մանրանկարում, բացի Մարգարյանի դիմանկարից, պատկերված է գալակտիկա նրա Mrk 509 կատալոգից։

Մարգարյանը բարդ հարաբերություններ է ունեցել Վիկտոր Համբարձումյանի հետ. աշխատանքում գործընկերներ ու համախոհներ՝ նրանք դեռևս մրցակիցներ էին գիտական ոլորտում։ Մահը հաշտեցրեց նրանց։

Բենիամին Մարգարյանը մահացել է 1985թ. սեպտեմբերի 29-ին։ Նրան թաղել են Բյուրականի սարահարթի եզրին, որտեղից բացվում է Արարատյան դաշտի ապշեցուցիչ տեսարան։ 11 տարի անց Վիկտոր Համբարձումյանի դին կհուղարկավորեն մոտակայքում։

Իսահակյանն ասում է. «Ժամանակն իր վախճանին կհասնի, և արևը մի բուռ մոխիր կդառնա...».  արդյո՞ք տեղի կունենա վարպետի՝ բանաստեղծական այս «կանխատեսումը», կդժվարանան ասել նույնիսկ աստղագետները, բայց դեռևս տիեզերքում մեր մոլորակը խաղաղորեն իր հերթական պտույտն է գործում, ու նրանում էլի կան հրաշքներ. Բյուրականում էլի աստղազարդ գիշերներին սարերի վրա են «թափվում» ընկնող աստղերը, մարդիկ էլի փորձում են երազանք պահել՝ հավատով, որ այդ ակնթարթում պահածը կկատարվի։

Եղևնիներն էլի շշնջում են ու աստղերի հետ ժպտում մարդկանց միամիտ մտքերի վրա։ Աստղերն էլի շարունակում են պտտվել գալակտիկաների կենտրոնների շուրջ՝ աստղագետներին «ստիպելով» աստղադիտակներն ուղղել դեպի իրենց։ Մարգարյանն աստղ է։ Վիդմանը հայտնի գիտնական է դարձել, Խաչիկյանը՝ ակադեմիկոս, Վիդմանի հետ կապերը շարունակվում են:


Ազդեր








ԵՄ-բիզնեսի համար նախաձեռնության «Նորարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում Գերմանական միջազգային համագործակցության ընկերության և «Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ հայտարարվում է «Հորիզոն Եվրոպա» ԵՄ շրջանակային ծրագրի հայաստանյան հնարավոր մասնակիցների նախագծերի նախապատրաստման աջակցության ծրագրի մեկնարկը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը հայտարարում են «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթ երիտասարդ գիտնականների համար

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2022 году

ՀՀ կառավարությունը հաստատել է 2022 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերը

Աջակցություն պոտենցիալ հայ դիմորդներին` «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանկներում նախագծերի առաջարկների մշակման համար

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
24/11/2022

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը ոչ թե տեղափոխել է պետք, այլ լրացուցիչ տարածքներ տրամադրել
hetq.am
23/11/2022

Տեղափոխման առաջարկը տրամաբանական կլիներ, եթե ավելի լավ պայմաններ առաջարկվեին. Արսեն Բոբոխյան
news.am
23/11/2022

Կառուցապատողը երեկոյան ջարդել է գիտատեխնոլոգիական կենտրոնի մուտքի դարպասը. իրավիճակը լարված է
hetq.am
23/11/2022

Երևանի «գործ անող շինությունները» տեղափոխման ենթակա չեն. «Թարմ ուղեղով»` Հրանուշ Խառատյանի հետ
lratvakan.am
Կայքը հաճախել են
6 338 928

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:37, 03/12/2022 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2022 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: