ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողների հեղինակությամբ լույս է տեսել «Պատերազմ և հիշողություն. Արցախյան երկրորդ պատերազմի հուշարձանացման հիմնախնդիրը» գիրքը։
Գիրքը քննարկում է Արցախյան երկրորդ պատերազմի հանրային և պաշտոնական հիշման գործընթացները՝ պատերազմի հուշարձանացման ու զոհերի հիշատակման պրակտիկաների օրինակներով: Հեղինակներն են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սոցիալական գործընթացների և ինստիտուտների մարդաբանության բաժնի ղեկավար Միհրան Գալստյանը, գիտաշխատողներ Գարիկ Աթանեսյանը, Գայանե Հակոբյանը և Լուսինե Անգելուշը։

Հեղինակները 2021-2024 թվականներին ՀՀ սահմանամերձ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացրել են հետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները ներկայացված են գրքում։
«Խորքային հետազոտության է ենթարկվել Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ձևավորված հիշողության ոլորտը: Մասնավորապես, Հայաստանում ամենուր և հատկապես սահմանամերձ համայնքներում նկատվում են 44-օրյա պատերազմի հիշողության կարևորման ու հուշարձանացման պրակտիկաների տեղային դրսևորումներ՝ պայմանավորված այդ համայնքների անվտանգային խնդիրներով, տեղային ինքնության պատումներով ու հիշողության քաղաքականության հուշային դերակատարների օրակարգերով։ Հետազոտությունը բացահայտում է այդ ամենի ազդեցությունն արդի հայկական ինքնության կերպափոխման վրա»,- ասում է ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, Գարիկ Աթանեսյանը:
Աշխատանքն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

44-օրյա պատերազմի զոհերի զինվորական պանթեոնը Գորիսի հուշահամալիրում,
Սյունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանը Եղեգնաձորի պանթեոնում,
Վայոց ձոր, 2022 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանն ու զինվորական պանթեոնը Վաղաշեն գյուղում, Գեղարքունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանն ու հուշաղբյուրը դպրոցի բակում,
Գորիս Սյունիք, 2023թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանը ու Գորիսի Ա. Բակունցի անվան դպրոցի բակում, Սյունիք, 2023թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի գրաֆիտի, Լանջաղբյուր, Գեղարքունիք

44-օրյա պատերազմի անհատական հուշարձան Սիսիանում, Սյունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի անհատական հուշարձան Սիսիանում, Սյունիք, 2023 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի:

44-օրյա պատերազմի անհատական մատուռ Լեռնաձորում, Սյունիք, 2022 թ.: Լուսանկարը՝ Գ. Աթանեսյանի: