ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Տիգրան Զալինյան

«Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու

ԵՊՀ Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոնի գիտաշխատող Տիգրան Զալինյանն ուսումնասիրել է գրաֆենում ռեզոնանսային Ռեյլի ցրման հիմնական սկզբունքները։ 

«Basic principles of resonance Rayleigh scattering in Graphene» աշխատանքով Տիգրան Զալինյանը ճանաչվել է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտական հոդվածների տպագրության համար երիտասարդ գիտնականներին խրախուսման» մրցույթի շահառու՝ «Scimago Journal & Country Ranking (SJR)»-ում ամսագրերի դասակարգման ավելի բարձր քառորդում առաջին անգամ հոդվածի տպագրության համար։ Հոդվածը տպագրվել է Carbon Letters ամսագրում։ Համահեղինակն է ԵՊՀ պրոֆեսոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սլավիկ Մելքոնյանը:

Հետազոտությունը պատասխանում է երկու հարցի, նշում է երիտասարդ գիտնականը և մանրամասնում․ «Գրաֆենը և՛ փորձնականորեն, և՛ տեսականորեն լավ ուսումնասիրված նյութերից է, սակայն որոշ փորձարարական տվյալներ կարիք ունեն լրացուցիչ տեսական բացատրության, քանի որ չեն համապատասխանում մինչ այժմ գոյություն ունեցող տեսական մոդելների կանխատեսումներին: Օրինակ, որոշ չլուծված խնդիրներ կապված են լույսի ռեզոնանսային ցրման հետ։ Նյութերի ուսումնասիրման կարևոր մեթոդներից է լույսի ռեզոնանսային ցրման երևույթի վրա հիմնված սպեկտրոսկոպիան: Առանձնացնում են ռեզոնանսային ցրման երկու տեսակ. երբ ընկնող և անդրադարձած լույսի հաճախությունները նույնն են (Ռեյլի ցրում) և երբ տարբեր են (Ռաման ցրում): Ըստ հայտնի տեսական մոդելների՝ Ռեյլի ռեզոնանսային ճառագայթման գծի լայնությունը պետք է շատ մեծ լինի, ինչը չի համապատասխանում փորձարարական տվյալներին: Բացի այդ, մի կողմից ռեզոնանսային Ռեյլի և Ռաման ցրումների, իսկ մյուս կողմից լույսի կլանման և ֆոտոլյումինեսցենցիայի երևույթների մեխանիզմները շատ նման են, բայց դրանց միկրոսկոպիկ մեխանիզմները տարանջատված չեն: Ըստ էության, մեր հետազոտությունը հենց այս խնդիրների շուրջ է։ 

Մեր կողմից առաջադրվել է էլեկտրոն-խոռոչ ինքնաֆոտոռեկոմբինացիայի նոր հասկացությունը, որի օգնությամբ զարգացվել է լույսի ռեզոնանսային ցրման միկրոսկոպիկ մեխանիզմի նոր մոդել։ Համարվում է, որ որոշակի պայմանների ապահովան դեպքում էլեկտրոնը ռեկոմբինացվում է որևէ պատահական խոռոչի հետ։ Հիմնվելով քվանտային մեխանիկայի հիմնարար հասկացությունների՝ մասնավորապես անորոշությունների առնչությունների վրա, վերլուծել ենք ֆոտոգեներացիայի և ռեկոմբինացիայի մեխանիզմները և ցույց տվել, որ իրականում էլեկտրոնը կարող է ռեկոմբինացվել «իր սեփական», այսինքն, այն խոռոչի հետ, որն առաջացել է իր «դուրս գալու» ընթացքում։ Հենց այս երևույթն անվանել ենք ինքնաֆոտոռեկոմբինացիա։

Այս մոդելի շրջանակներում գնահատել ենք ռեզոնանսային ռեկոմբինացիայի ժամանակը, որը պարզապես համարվում էր «շատ փոքր»։ Հաշվարկել ենք ճառագայթման գծի լայնությունը և ճառագայթման ինտենսիվությունը։ Հաշվարկների արդյունքները շատ լավ համընկնում են փորձարարական տվյալների հետ։ Արդյունքում, կարողացել ենք տեսականորեն բացատրել Ռեյլի ճառագայթման գծի հետ կապված խնդիրը։ Բացի այդ, մոդելը հնարավորություն է տալիս հստակորեն տարանջատել լույսի ռեզոնանսային ցրման և ռեզոնանսային ֆոտոլյումինեսցենցիայի երևույթները»:

Ըստ Տիգրան Զալինյանի՝ հետազոտության արդյունքներն ունեն նաև կիրառական մեծ նշանակություն՝ հնարավորություն են տալիս ոչ միայն գրաֆենի, այլև բազմաթիվ այլ նյութերի սպեկտրոսկոպիայից ստանալ առավել ընդգրկուն տեղեկատվություն և կատարել առավել մանրակրկիտ և բազմակողմանի վերլուծություն:

Տիգրանի՝ դեպի գիտություն ճանապարհը սկսվել է Ֆելիքս Լևի «Ինչից է ամեն ինչը» գրքից։ «Այն մանկապատանեկան տարիքի երեխաների համար նախատեսված գիտահանրամատչելի բովանդակությամբ պատկերազարդ գիրք է։ Գունավոր նկարներն ու գրքի վերաբերյալ ծնողներիս պատմածները գրավեցին ինձ և առաջացավ մեծ հետաքրքրություն բնության մեջ տեղի ունեցող երևույթների նկատմամբ: Ինձ հետաքրքրեց, թե ինչի՞ց է ամեն ինչը և ինչպե՞ս է «աշխատում»: Մինչ դպրոց հաճախելն եմ տառերը սովորել, որպեսզի կարդամ այդ գիրքը, և մինչ օրս այն իմ գրապահարանում է», - պատմում է Տիգրան Զալինյանը։  

Իսկ ֆիզիկայի հանդեպ հետաքրքրությունն առաջացավ ավագ դասարաններում․ «Հասկացա, որ ինձ հետաքրքրող հարցերի պատասխաններն առավել շատ առնչվում են ֆիզիկայի հետ: Նեղ մասնագիտացումս կիսահաղորդիչների ֆիզիկան է: Ներկայում չկա որևէ էլեկտրոնային սարք, որում չլինեն կիսահաղորդիչներ և դրանց հիման վրա աշխատող դետալներ»: 

Տիգրան Զալինյանը նաև դասավանդում է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտում և «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցում»՝  որպես ֆիզիկայի ուսուցիչ և օլիմպիական խմբակի ղեկավար։ «Աշակերտների հետ ապագա մասնագիտության ընտրության հարցի շուրջ խոսելիս հաճախ կրկնում եմ՝ ձեր կյանքի գործն այն է, ինչն անելիս կորցնում եք ժամանակի զգացողությունը։ Իմ դեպքում դա գիտությունն է։ Ֆանտաստիկ զգացողություն է, երբ անում ես այն, ինչը պարզապես հետաքրքիր է», - նշում է Տիգրան Զալինյանը։ 

Ըստ երիտասարդ գիտնականի՝ գիտությամբ արդյունավետ զբաղվելու համար պետք է ժամանակ և ազատություն․ «Գիտնականի համար շատ կարևոր է իր հետազոտության վրա կենտրոնանալը: Ցավոք, ֆինանսական և այլ ռեսուրսների հետ կապված խնդիրները լուծելու համար գիտնականը ստիպված է զբաղվել անհարկի վարչարարությամբ: Թղթաբանությունը շատ է և դանդաղ: Չեմ խոսում գնումների ընթացակարգի մասին. երբեմն ֆինանսավորման ստացումից հետո սարքի ձեռքբերումն ամիսներ է տևում, նույնիսկ՝ տարի և ավելի: Այստեղ լուրջ խնդիրներ կան: Իհարկե, թե՛ համալսարաններում և ինստիտուտներում, թե՛ նախարարությունում այս և այլ համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, բայց դժվարություններ դեռ կան: Հատկապես ողջունելի են վերջին շրջանում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից գիտնականների աջակցության ծրագրերը»։   

Տիգրան Զալինյանը նշում է՝ նաև կարիք կա Հայաստանում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրման։ «Դա ակնհայտ է։ Անձնական օրինակով կարող եմ ասել, որ թեկնածուականից հետո մի տեսակ դատարկության և «իսկ հետո ի՞նչ» հարցադրմամբ զգացողություն է առաջանում, որը հաղթահարելու համար նվազագույնը կես կամ մեկ տարի է պահանջվում: PostDoc-ի համակարգը կարող է նպաստել թեկնածուականից դեպի «հասուն» գիտություն անցնցում անցմանը», - նշում է Տիգրան Զալինյանը:

Ժամանակակից գիտնականի համար մրցակցային առավելություն համարում է համբերատարությունը և համառությունը: «Սա վերաբերում է «չհանձնվելու» սկզբունքին․ պետք է կանոնակարգված և հետևողականորեն աշխատել խնդրի շուրջ այնքան ժամանակ, մինչև ստացվի: Պետք է առանձնացնել նաև ժամանակի տնօրինման հմտությունը: Սա նույնպես գիտելիք և գիտություն է: Ցավոք, մեր և՛ դպրոցական, և՛ ԲՈՒՀ-ական կրթական համակարգերում նմանատիպ հմտությունների զարգացմանն ուղղված գործողություններ բավարար չափով չեն զարգացվում»։

Տիգրան Զալինյանը կարևորում է գիտական նախաձեռնությունների դերը ոլորտում մարդկանց համախմբելու գործում․ «Շատ բարձր եմ գնահատում «Գիտուժ»-ի դերը: Իր վերջին գիտաժողովի ժամանակ նախաձեռնությունը համախմբել էր պետական պաշտոնյաների, գիտնականների, մասնագետների և դարձրել ուժ: Շատ կարևոր է նաև, որ նմանատիպ նախաձեռնությունները հարթակ են ստեղծում շփվելու, խնդիրները բարձրաձայնելու և միասին լուծումներ փնտրելու համար»։ 

Նա նաև «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» շրջանակներում իրականացվող «Գիտության հանրայնացման մրցույթի» շահառու է: Գործընկերների հետ «Facebook» սոցիալական ցանցում և «Youtube» տեսանախագծային կայքում ստեղծել է «Բանական» էջը, որտեղ ներկայացվում են գիտահանրամատչելի բովանդակությամբ հոլովակներ՝ անգլերենից-հայերեն թարգմանված։   

Ազատ ժամանակ Տիգրանը ֆիլմեր և անգամ մուլտֆիլմեր է դիտում, նաև ընթերցում է։ «Ռուս դասականների մեծ երկրպագու եմ: Նույնիսկ Տոլստոյի նամակներն ու օրագրերն եմ կարդացել: Իմ սեղանի գրքերից է Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից»-ը։ Վերջին գեղարվեստական գիրքը, որն ինձ շատ է տպավորել, Կազուո Իշիգուրոյի «Օրվա մնացորդն» է: 

Տիգրանն ունի երկու երազանք․ «Առաջինը՝ ունենալ կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոտեխնոլոգիաների շուրջ հիմնարար տեսական հետազոտություններով զբաղվող լաբորատորիա։ Երկրորդը՝ բացահայտել բնության մեջ գրեթե ամենուր հանդիպող ցածրհաճախային աղմուկի առաջացման պատճառը»։ Երիտասարդ գիտնականն առաջնորդվում է «Շարունակեք տալ հարցեր» կարգախոսով, որը նաև «Բանականի» կարգախոսն է:

Մոնիկա Երիցյան


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
Կայքը հաճախել են
6 961 657

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  18:08, 30/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: