ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Վարդան Գրեգորյան
դոկտոր, պրոֆեսոր
COVID-19
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Շողակաթ Դևրիկյան

«Փորձելու եմ միջազգային վարկանիշային ամսագրերում հոդվածներ հրապարակել Գրիգոր Լուսավորչի պատկերագրության վերաբերյալ»

Շողակաթ Դևրիկյանը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Կերպարվեստի բաժնի ասպիրանտ է, իրականացնում է հետազոտություն «Գրիգոր Լուսավորչի կերպարը 18-րդ դարի հայկական և եվրոպական արվեստում» թեմայով: Ուսանողական առաջին տարիներից սկսած իր հետաքրքրության կենտրոնում է պահել հայկական հնատիպ գրքերի գեղարվեստական հարդարանքի ուսումնասիրությունը: Կարծում է, որ տպագիր գրքերը համեմատաբար ավելի քիչ են ուսումնասիրված, քան մանրանկարչությունն ու նոր շրջանի գեղանկարչությունը՝ չնայած նրան,  որ հենց տպագիր գիրքն է կապող օղակը միջնադարի և նոր շրջանի, Եվրոպայի և Արևելքի միջև: Նաև դա է պատճառը, որ գիտական հոդվածներում անդրադառնում է հատկապես հնատիպ գրքերի փորագրանկարներին՝ փորձելով գտնել դրանց պատկերագրական սկզբնավորումն ու զարգացումը մանրանկարներում, ապա նաև՝ ձևավորված պատկերագրության անցումը փորագրանկարչությունից դեպի սրբանկարչություն և գեղանկարչություն:

- Միտք ունեմ ստեղծել հոդվածաշար՝ նվիրված սրբերի վարքագրական տարբեր դրվագների պատկերմանը փորագրանկարներում: Մի շարք հոդվածներով [1] արդեն ներկայացրել եմ ուսումնասիրություններ՝ նվիրված Գրիգոր Տաթևացուն, Գրիգոր Լուսավորչին, Գրիգոր Նարեկացուն: Գալիք տարում նախատեսում եմ տպագրել հոդվածներ նաև Մեսրոպ Մաշտոցին և Նիկողայոս Սքանչելագործին ներկայացնող պատկերագրական ձևերի մասին:

- Իսկ ինչո՞ւ եք ատենախոսության թեման ընտրել առանձնացված՝ «Գրիգոր Լուսավորչի կերպարը 18-րդ դարի հայկական և եվրոպական արվեստում»:

 -Գրիգոր Լուսավորիչը մեր եկեղեցու միակ համաքրիստոնեական սուրբն է. նրա հիշատակի օրը տոնում են նաև կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիները: Դարեր շարունակ Գրիգոր Լուսավորչին ներկայացնող մանրանկարներ, որմնանկարներ, փորագրանկարներ և սրբանկարներ են ստեղծվել. 17-18-րդ դարերում դրանք հասել են կատարողական բարձր վարպետության: Դրանց ուսումնասիրության շուրջ աշխատանք շատ կա։ 

Սկսած այն փաստից, որ սրբանկարչությունը բնորոշ չէ հայկական եկեղեցական ավանդույթին, բայց հայերը, հայտնվելով եվրոպական հատկապես ուղղափառ երկրներում, յուրացրել են տեղի ավանդույթները: Օրինակ, Իտալիայում Սուրբ Գրիգորի վարքը տարածվել է շնորհիվ Մխիթարյան հայրերի հրատարակած գրքերի: Զուգահեռաբար,  Լուսավորչին պատկերող արվեստի բազում գործեր սկսել են ստեղծվել ոչ միայն հայ, այլև՝ եվրոպացի վարպետների կողմից: Եղած նյութը լայն հնարավորություն է տալիս ուսումնասիրելու, թե պատկերագրական ինչ ընդհանրություններ և տարբերություններ կան մեր և եվրոպացի վարպետների ստեղծագործություններում: Աշխատանքի առաջնային նպատակներից է ներկայացնել Գրիգոր Լուսավորչի կերպարի պատկերագրության աստիճանական զարգացումը դարերի ընթացքում՝ ցույց տալով, թե ինչպես է Լուսավորիչը արքայական ընտանիքին մկրտող Հայրապետից դառնում համաքրիստոնեական սուրբ և բարեխոս՝ Տիրամոր առջև: 

- Հետաքրքիր է նաև թեմայի ներկայացվածությունը "Scopus" [2] և "Web of Science" [3] գիտատեղեկատվական շտեմարանների ամսագրերում: Ի՞նչ կարող եք ասել թեմայի վերաբերյալ այստեղ հրապարակված հոդվածների մասին:  

- Նշված ամսագրերում մանրամասն ուսումնասիրել եմ Գրիգոր Լուսավորչին առնչվող հոդվածները: Ցավոք, պետք է նշեմ, որ արվեստաբանական հոդվածներ գրեթե չկան: Եղած նյութերն ունեն աստվածաբանական ուղղվածություն: Փորձելու եմ ինքս միջազգային վարկանիշային ամսագրերում [4] հոդվածներ հրապարակել Գրիգոր Լուսավորչի պատկերագրության վերաբերյալ։ Թեման նաև մեր մշակույթի կապվածությունն է ներկայացնում համաշխարհային մշակույթի հետ:

- Երբևէ մասնակցե՞լ եք Ձեր գիտական հետաքրքրությունների շրջանակներում հայտարարված մրցույթների:

- Այս տարի գիտական խմբով մասնակցել ենք ՀՀ գիտության կոմիտեի հայտարարած «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2022» մրցույթին և շահել [5]: Ուսումնասիրությունը իրականացնում ենք հետևյալ թեմայով՝ «Իտալական կլասիցիզմի և ռոմանտիզմի ազդեցությունը Վենետիկի Մխիթարյանների ստեղծագործությունների և գրքարվեստի վրա (18-19-րդ դարեր)»: 

- Որքանո՞վ կարող է այս թեման աջակցել Ձեզ ատենախոսության կազմության ընթացքում, որքանո՞վ են երկու թեմաները բովանդակային իմաստով կապված: 

-Գրիգոր Լուսավորչին են նվիրված Մխիթարյանների ավելի քան տաս հրատարակություններ: Գրքարվեստի իտալացի վարպետներին Մխիթարյանները ներկայացրել են տարբեր նկարների համար թեմատիկ ուղեցույցներ, որոնց հիման վրա իտալացի վարպետները փորագրանկարներ են ստեղծել: Դրանց շարքում ամենատարածվածը «Գրիգոր Լուսավորիչը մկրտում է Տրդատ թագավորին» թեման է: Այնպես որ Մխիթարյանների 18-րդ դարի գրականության և արվեստի մեջ սա ամենատարածված թեման է: Ուստի գրել Գրիգոր Լուսավորչի՝ եվրոպական արվեստում պատկերման մասին, նշանակում է գրել Մխիթարյանների հրատարակությունների մասին, և հակառակը՝ Մխիթարյանների՝ Լուսավորչին վերաբերող հրատարակությունների մասին գրելիս անհնար է չանդրադառնալ Գրիգոր Լուսավորչի պատկերմանն իտալական արվեստում: 

- Ո՞վ է արտերկրի այն գիտնականը, որի հետ իրականացնում եք թեմայի հետազոտությունը:

- Հպարտությամբ եմ ասելու, որ մեր խմբի արտասահմանյան խորհրդատուն է Ֆլորենցիայի համալսարանի Բյուզանդագիտության բաժնի պրոֆեսոր, միջնադարագետ, հնագետ Զարուհի Պողոսյանը [6]: Նա նաև Եվրոպական միության հովանավորությամբ գործող «Արմեն» մեծածավալ ծրագրի ղեկավարն է, որի նպատակներից է միջնադարյան եվրասիական մշակութային փոխհարաբերություններում ներկայացնել նաև պատմական Հայաստանի դերը: Աշխատանքը գրելու երկու տարիների ընթացքում տիկին Պողոսյանը մեզ կուղղորդի իր խորհուրդներով, հատկապես որպես հնագետ՝ կօգնի կատարել գրքային պատկերների աղբյուրագիտական քննություն:

- Վերջերս հաղթող եք ճանաչվել նաև Զալցբուրգի համալսարանի Քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոնի հայտարարած՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհային մրցույթում՝ «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում» թեմայով: Ի՞նչ շեշտադրում եք արել մրցույթի հայտում, որը բերել է հաջողության:  

- Մրցույթում ընտրվել է հինգ թեմա, որոնք վերաբերում են ձեռագրագիտությանը, պատմությանը, բանահյուսությանը, լեզվաբանությանն ու արվեստաբանությանը: Թեմաներից յուրաքանչյուրի պատշաճ ուսումնասիրումը կարևոր քայլ կլինի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության ներկայացման գործում: Անդրադառնալով իմ ծրագրին՝ նշեմ, որ թեմայի նպատակն է ցույց տալ, թե Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերները ընդհանուր քրիստոնեական պատկերագրության շրջանակում ինչպես են զուգահեռ ընթանում այդ թեմաներով հայկական մանրանկարչության օրինաչափություններին: Նաև վեր հանել, թե տեղային ինչ յուրահատկություններ ունեն, որոնք արտահայտվում են թե՛ ոճական և գունազարդային արտահայտչամիջոցներով, թե՛ կանոնական պատկերագրության կոմպոզիցիոն կառուցվածքում ունեցած տարբերություններով: Աշխատանքը ևս մեկ անգամ կհաստատի, որ Արցախն ունեցել է մանրանկարչական ձևավորված դպրոց՝ Վասպուրականի, Կիլիկիայի, Ղրիմի, Բարձր Հայքի և մյուս մանրանկարչական դպրոցների կողքին: Այն լրացուցիչ նյութ կներկայացնի նաև տեղային յուրահատկությունների և ընդհանուր օրինաչափությունների հարաբերակցության բնույթի հարցին:

- Ի՞նչ նպատակներ ունեք՝ կապված հետագա գիտական գործունեության հետ: 

- Մեծ պատասխանատվություն եմ զգում վերոնշյալ ծրագրերում ներգրավված լինելու համար․ բոլոր ջանքերս պետք է գործադրեմ նշված թեմաների պատշաճ ուսումնասիրման համար։ Նաև՝ հուսով եմ, որ գալիք տարին մեր երկրին խաղաղություն կբերի․ խաղաղությունն է բերում գիտական և մշակութային վերելքի:

Հղումներ

  1. Շողակաթ Դևրիկյանի հոդվածաշարը academia.edu հարթակում՝ https://independent.academia.edu/ShoghakatDevrikyan։
  2. Scopus is Elsevier’s abstract and citation database. It covers three types of sources: book series, journals, and trade journals, https://service.elsevier.com/app/answers/detail:
  3. Web of Science is a website that provides subscription-based access to multiple databases that provide comprehensive citation data for many different academic disciplines, https://clarivate.com/webofsciencegroup/solutions/web-of-science/:
  4. Scimago-ն ընդգրկում է 1996 թ.-ից ի վեր “Scopus” տվյալների բազայում թվարկված ամսագրերի գործունեությունը: Ապահովում է ազատ հասանելիություն, ներկայացնում է երկրների հրապարակումների վարկանիշները, https://www.scimagojr.com/journalrank:
  5. «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/22YR_Winners_list.pdf:
  6. Հայագետ Զարուհի Պողոսյանի հոդվածաշարի էջը “Scopus” գիտատեղեկատվական շտեմարանում՝ https://www.scopus.com/PogossianZaroui:


Հերմինե Օհանյան


Ազդեր








2024թ.-ի ապրիլի 23-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա տարեկան ընդհանուր ժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ 2023թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին: Գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները կանցկացվեն ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-ին

ՀՀ ԳԱԱ ՖՀԻ-ը IPR Armenia Optica Student Chapter-ի հետ միասին հայտարարում են «Լույսը լուսանկարչի աչքերով» խորագրով ֆոտոմրցույթ՝ նվիրված Լույսի միջազգային օրվան: Մրցույթին գրացման վերջնաժամկետն է՝ ս.թ. մայիսի 1-ը

Ս.թ. ապրիլի 10-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի դահլիճում (Բաղրամյան պող., 24) տեղի կունենա սեմինարների շարքի երրորդ հանդիպումը՝ «Հավաքում ենք փաթիլ. ատոմներից դեպի մոլեկուլ և բյուրեղ» խորագրով: Որպես մոդերատոր հանդես կգա անվանի քիմիկոս, SKOLKOVO-ի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օհանովը

Ս.թ. ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Կանալացման նորագույն տեխնոլոգիաներ։ Չեզոք և լիցքավորված փնջեր ուղղորդող հզոր արտաքին էլեկտրամագնիսական դաշտեր» թեմայով սեմինար, որը կներկայացնի Միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի (Իտալիա) պրոֆեսոր Սուլտան Դաբագովը

Ս.թ. ապրիլի 1-ին, ժամը 12:00-ին ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա «Մագնիսաչափությունը՝ միջուկային սպին-բևեռացված 14N-ով ադամանդում NV-կենտրոնների հիման վրա» թեմայով սեմինար, որը կներկայացնի Լատվիայի համալսարանի պրոֆեսոր Մարցիս Աուզինշը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը սկսում է «Գիտական աշխատություններ» պարբերականի 2024թ.1 (27) հատորի հոդվածների ընդունումը: Առաջնահերթությունը տրվում է անգլերեն և ռուսերեն լեզուներով հոդվածներին: Հոդվածների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024թ. մարտի 1-ը

Международный инновационный центр нанотехнологий СНГ (МИЦНТ СНГ) при поддержке Межгосударственного фонда гуманитарного сотрудничества государств - участников СНГ (МФГС) и Объединенного института ядерных исследований объявляет о проведении конкурса на соискание грантов на разработку проектов в рамках деятельности МИЦНТ СНГ в 2024 году и очередной Стажировки молодых ученых и специалистов стран СНГ в Дубне в апреле - мае 2024года

ՀՀ գիտության և տեխնիկայի զարգացման 2020-2024թթ. գերակայության ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հրապարակումներ մամուլում
26/04/2024

Ոչ ոք չի կարող մեզ արգելել կամ ստեղծել այնպիսի պայմաններ, որ Հայաստանի ազգային ակադեմիան գոյություն չունենա․ ՀՀ նախագահ
armenpress.am
25/04/2024

Պետական քաղաքականությունն ուղղված է դպրոց-բուհ-գիտություն կապի ամրապնդմանը. Ժաննա Անդրեասյան
1lurer.am
23/04/2024

Վերջին 3 տարիներին գերատեսչություններից որևէ պատվեր չի իջեցվել Ակադեմիային. ԳԱԱ-ն ամփոփեց 2023 թ. արդյունքները
news.am
19/04/2024

«Ուսումնասիրության արդյունքները կարող են հուսալի հիմք դառնալ Հովհաննես Չեքիջյանի կատարողական գործունեության հետագա հետազոտությունների համար»
aravot.am
Կայքը հաճախել են
6 959 123

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:36, 26/04/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - COVID-19
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ
Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես - Հրապարակումներ մամուլում
Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները - Հայտարարություններ - Լինդաու քաղաքում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: